Լարվածության առաձգականությունն անսահման չէ

Աշխարհում երկու անգամ համաշխարհային պատերազմ է ընթացել, երկուսում էլ  առանցքային կողմերից մեկը Ռուսաստանն է եղել: Իհարկե, մեծ ու հզոր պետությունները բոլորն են իրենց շահը հետապնդում, բայց եթե կարողանան իրար հետ լեզու գտնել` մարդկությունն էլ գուցե նոր արհավիրքներից զերծ մնա:
Փարիզում երեկ հանդիպել են Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մաքրոնը և Ռուսաստանի նախագահ Պուտինը: 2 ժամ 45 րոպե տևած բավական լարված զրույցից հետո Մակրոնը հայտարարել է.

- Աշխարհում ոչ մի կարևոր խնդիր առանց Ռուսաստանի մասնակցության լուծվել չի կարող:

Շարունակվող պատժամիջոցներով Ռուսաստանին ծնկի բերել փորձող Արևմուտքը նրան նորանոր մեղքերի համար մեղադրելու առիթը չի փախցնում: Սակայն լարվածության նման մակարդակն, ըստ երևույթին, նաև վախեցնող է. մեկ-մեկ էլ հարկ է լինում մոտեցումները մեղմել: Մաքրոնը նաև ցանկություն է հայտնել ամրապնդել Սիրիայի հարցով փոխգործակցությունը, որպեսզի այդ ճգնաժամը հաղթահարելու համար կարողանան քաղաքական լուծում գտնել: Այնուհետև նշել է, թե Փարիզը շահագրգռված է, որ Մոսկվայի հետ համագործակցությունն աշխուժանա:

Ռուսաստանի հարցին է անդրադարձել նաև գերմանական « Frankfurter Allgemeine Zeitung» լրատվամիջոցը: Ըստ նրա տեսաբան Ռայնհարդ Ֆեզերի՝ Թրամփը Ռուսաստանի համար մեծ պարգև է: Նա ասել է, որ ճիշտ է՝ դեռևս չեն արդարացել կանխատեսումները, թե Թրամփի ընտրվելով՝ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և արևելաեվրոպական երկրների հաշվին Կրեմլի հետ գործարք կկնքի, սակայն աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ Ամերիկայի այժմյան նախագահի թիմի որոշ անդամներ Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են ունեցել:

- Երկու գործոնների միջև փոխկապակցվածություն է առկա. նկատի ունենալով անհարմարությունները, որոնք նրան պատճառում է «ռուսական հարցը»՝ տվյալ պահին Թրամփը չի կարող իրեն թույլ տալ փոխել ՌԴ-ի նկատմամբ քաղաքական ուղղությունը,-նշել է Ֆեզերը։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն այժմ Մոսկվային ոչ մի կերպ չի խանգարի սեփական քաղաքականությունը վարել: Իսկ դա մեծ նվեր է Կրեմլի քարոզիչների համար, ովքեր փորձում են ռուս հասարակությանը համոզել, թե Արևմուտքը բարոյապես կործանված է: