Քանի՞ աչք է հսկում երկրագունդը

Երկիր մոլորակն անհաշվելի արհեստական արբանյակներ ունի. մի նոր արբանյակային համակարգ էլ Չինաստանն է մտադիր տեղադրել: Սա տեղորոշման, տվյալների մշակման և փոխանցման առաքելություն ունի: Մտածում են նաև սրա օգնությամբ կարգավորել խոշոր քաղաքաների ճանապարհային երթևեկության գործընթացը: Եթե ընդամենը մեկ-մեկուկես միլիոնանոց մեր Երևանում երթևեկությունն այսքան լարված է, ուրեմն նրանց 10-20 մլն-անոց քաղաքներում դրա կարիքն, իրոք, զգացվում է:

Մի կողմից, իհարկե, դա մարդ արարածի կյանքը հարմարավետ է դարձնում, կապի միջոցների համար աներևակայելի մեծ հնարավորություններ ստեղծում: Սակայն մի քանի հանգամանք մթագնում են այդ լուսավոր կետը:

Նախ և առաջ երկնքից հնարավոր է դառնում դիտել ու նկարահանել ամեն տեսակի անցուդարձ, բացահայտել գաղտնի գործարքներ ու գործողություններ, որոնց ծածուկ մնալը գուցե ավելի անվտանգ կլիներ: Դրանք փաստորեն մշտական լրտեսներ են, որոնց հսկող աչքից ոչինչ չի վրիպում: Այդ արբանյակները նաև ալեհավաք ցանցով պատում են ամբողջ մոլորակը, իսկ դա, ըստ երևույթին, այնքան էլ անվտանգ չէ մարդու առողջության համար: 

Արբանյակային համակարգեր կարողանում են տեղադրել ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող պետությունները, որոնցից եկող ռազմական վտանգը նույնպես փոքր չէ: Դեռևս 2013թ. խոսվում էր, որ Ադրբեջանն էլ է իր նավթադոլարներն օգտագործում այդպիսի սարքեր ունենալու համար և որոշ հաջողությունների հասել է: Մենք էլ, ճիշտ է, նավթադոլարներով աշխարհն առնելու հնարավորություն չունենք, սակայն խելք հո ունենք: Վերջին օրերին շատ է խոսվում, որ ընդամենը 200 հազ. դոլարով հայ մասնագետները կարող են մեզ նույնպես արդիական այս հզոր միջոցներից օգտվելու սեփական հնարավորություն ընձեռել:

Այս ամենի մեջ մի բան չենք կարող անտեսել: Մոլորակի անցյալը բացահայտելու համար այսօր հնագետները որտեղ ու ինչ խորության վրա ասես, որ տեղեկություններ չեն փնտրում: Հաջորդ անգամ վերածնվող մարդկության համար տեղեկությունների աղբյուրներն ապահովված են լինելու՝ ինչպես առատության եղջյուրից:

Եթե անվերաջանալի պատերազմներից աշխարհը կործանվի, վերածնվող մարդկությունը տեսանկարահանող սարքերից ի˜նչ հավաստի տեղեկություններ է ունենալու այսօրվա մարդու վարքուբարքի մասին: Եթե, իհարկե, կարողանա այդ տվյալները հասանելի դարձնել ու ճիշտ վերլուծել, որպեսզի նոր աշխարհն ավելի խելոք ու ազնիվ կառավարի…