Խավիարն ու նավթը՝ շողոքորթությամբ համեմված
ՆՈՐ ԽՈՍՏՈ՞ՒՄ ԵՆ ՏՎԵԼ
Խավիարն ու նավթը՝ շողոքորթությամբ համեմված
Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու «մեսիջները» կարծես թե անհանգստացնում են մեր ոխակալ հարևանին: Ու ահա շողոքորթության տոպրակը բացած՝ նախագահ Իլհամն ասել է, թե գոհ է ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունից, քանի որ նա հայտարարել է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի ժամանակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության ոտնահարման մասին քննադատությունները քիչ չեն եղել: Ու հիմա, երբ Թրամփը կարծես թե կենտրոնացել է միայն իր երկրի ներքին խնդիրների, Սիրիայի հակամարտության վրա, ժամանակ չունի Բաքվի համար, և Ալիևը կարծում է, թե կարող է անել այն, ինչ ուզում է:
Ադրբեջանի նախագահի այս խոսքը երկու դիտանկյունից կարող ենք մեկնաբանել: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել էր, թե Արցախի խնդրում Վաշինգտոնի աշխուժության մեծացման անհրաժեշտություն կա: Թե ինչ նկատի ունի Վաշինգտոնի աշխուժության մեծացում ասելով՝ Հոգլանդը չի մանրամասնել: Բայց գուցե նա ու Ալիևն իրար ականջի ավելին են փսփսացել՝ հույս տալով Իլհամին: Չմոռանանք, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառն, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի այն հայտարարության արդյունք էր, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մաս է: Միգուցե ամերիկացի փոխնախագահը նման մի խոստում էլ հիմա՞ է տվել:
Բաքվի ղեկավարի մյուս անհանգստությունը, հավանաբար, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունն էր՝ էներգետիկ ոլորտում 8 մլն դոլարի հեռանկարի մասին: Սրան զուգահեռ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը վերջերս ասել էր, որ ամերիկացիները հայկական առաջնագծի համար տրամադրել են հետախուզական խորքային հնարավորությամբ սարքավորումներ, որոնք դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում:
Կկարողանա՞ Ալիևը Հայաստանը դուրս մղել մրցակցությունից և դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի համար վստահելի գործընկեր: Չբացառենք: Ու հենց այդ նկատառումով էլ ընդգծենք՝ Հայաստանը չպետք է բաց թողնի այս հնարավորությունը և թույլ չտա, որ Ադրբեջանն մեզ անհետացնի Վաշինգտոնի տեսադաշտից: