Հապա էլ ինչպե՞ս չուրանա

Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր էլ Թուրքիայի խորհրդարանում հայեր կան: Ճիշտ է՝ դա տեղի է ունեցել համարյա հենց հարյուր տարվա ընդմիջումից հետո: Այն հայերը, ովքեր այսօր են ցանկանում Թուրքիան տեսնել առաջադիմող ու ժողովրդավարական երկրի կերպարով, «տառապանքի փորձով» են այնտեղ մուտք գործել: Չէ՞ որ արդեն գիտեն՝ իրենք գործ ունեն ոճիրն ուրացող ու նոր ոճրի առջև կանգ չառնող երկրի հետ: Փաստորեն նրանք Թուրքիայի մեջլիսում  աշխատում են՝ դամոկլյան սրի փայլն աչքի առջև:

- Թուրքիայում ամեն օր է ցեղասպանություն լինում,-բարձրաձայնում է այդ երկրի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը:

Ի դեպ՝ հավանաբար նրա ազգանունը Պալյան է, գուցի Պալյանների փառավոր տոհմի շառավիղներից է, սակայն ամենայն հայկականն աղավաղող Թուրքիայում կռիվ են տալիս նաև ազգանունների դեմ: Համենայնդեպս՝ գործչի ազգանունը մեր լրատվամիջոցները համառորեն Փայլան են գրում, այդպես էլ նրան ճանաչում են:
Հայազգի մեջլիսկանը «Հորիզոն ուիքլի» պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե քանի որ Թուրքիայում դեռևս ամեն օր ոճիրներ են գործվում, հնարավոր չէ, որ հին ոճիրները խոստովանեն ու զղջան: Նրա կարծիքով՝ միայն ժողովրդավարության և խաղաղության պայմաններում Թուրքիան Հայոց ցեղասպանությունը կընդունի: Ապա և գտնում է, որ երկու տարի առաջ ճանաչումը մոտ էր, սակայն Էրդողանի ազգայնական դաշիքնը դա խափանեց:

Գուցե այս հարցում մեր հայրենակիցը մի փոքր միամտություն է դրսևորում: Որ վերջին տարիներին թուրք հասարակության ընդերքում մեծ տեղաշարժեր էին երևում՝ դեռևս չի նշանակում, թե ցեղասպանությամբ արատավորված և դարավոր հակաքարոզչությամբ ապականված մի հանրություն պատրաստ էր հանուն արդարության ինչ-որ քայլ անել:

Բայց այստեղ մի անլուծելի թվացող թնջուկ՝ պարադոքս կա: Բանն այն է, որ մոլորակի վրա առաջինը հենց Թուրքիան է ճանաչել ցեղասպանությունը: Ճիշտ է՝ այն ժամանակ այդ բառը միջազգային քաղաքագիտության բառապաշարում դեռևս չկար: Պարզապես 1919թ. հունվարին Թալեաթի ու նրա կողմնակիցների դեմ դատական վճիռներ են կայացվել հայերի տեղահանությունների ու կոտորածների մեղադրանքով:

Մինչդեռ Թուրքիան այսօր դա ուրանում է: Ու միշտ է ուրանալու: Այդպիսին է նրա բնույթը: Ու ճիշտ հակառակն է մերին՝ եթե խոստացել ես, պետք կատարես, այլապես «երդմնակոտոր» կլինես: Ճիշտ՝ ինչպես Մհերն ու Արմաղանը: Ինչպես Դավիթը:

Այսօր Թուրքիայի բազմաթիվ բնակիչներ, ովքեր ոգևորված արձագանքում են Էրդողանի ֆաշիստական կոչերին ու ամեն ձևով սատարում են նրան, չեն էլ կասկածում, որ իրենց երակներում հայի արյուն է հոսում: Չէ՞ որ թուրք ասելով նախ ենիչերի ես հասկանում՝ իր ազգից պոկված ու նրա նկատմամաբ անանց ատելությամբ դաստիարակված մարդ: Թուրք համարվող յուրաքնչյուր մեկը, թե իր արմատներն ու գենետիկան փորփրի, կհասկանա, որ սեփական ազգի դեմ է դուրս գալիս՝ հայ, հույն, ասորի, այլ: Երբ տեղեկատվական աղբով լցոնված նրանց ուղեղները կմաքրվեն, երբ նրանք կվերագտնեն իրենց իսկական ինքնությունը, միայն այդ ժամանակ թուրքի տիրապետության վերջը կգա: Տիրապետություն, որտեղ թալանի արդյունք է նույնիսկ իր հավատարիմ քաղաքացիների ինքնությունը: 

Թուրքիայում ինքնության պատը, երևում է, ճաք է տվել, և էրդողանների կռիվը այդ ճաքերից ներթափանցող թարմ օդի հոսանքի դեմ է: Այդ ճաքերը լայնափեղկ պատուհանների վերածելը չէ՞ արդյոք մեր խնդիրը: Որովհետև ենիչերիների Թուրքիայից լավ բանի սպասելն անմտություն է, իսկ եթե ենիչերին գիտակցեց, թե իրենից ինչ են պատրաստել, իր ահեղ սուրը դրանց հեղինակների դեմ կշրջի: