Հարսնացուն օժիտը վաճառում է փեսացուին

ԲԱՆԱԼԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ

 
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հարսնացուն իր օժիտը վաճառի  փեսացուին՝ լավ իմանալով, որ  կարճ ժամանակ անց  մի ամբողջ կյանք նրա հետ է անցկացնելու ու հենց ինքն էլ օգտագործելու է այն: Պարզվում է՝ քաղաքական դաշտում  նման իրավիճակ կարելի է  տեսնել՝ երկրների միջև հարաբերություններում: 
Ռուսաստանը մտադիր է ՀԱՊԿ անդամ երկրներին նոր սպառազինություն մատակարարել, այդ թվում՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա: Զենքի մատակարարումը կլինի Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրերի համաձայն: 
 
ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովն էլ ասել է, որ  ՀԱՊԿ-ը կարող է առաջիկա տարիներին իրականացնել իր արագ արձագանքման ուժերին անվճար զենքի մատակարարման ծրագիր: Այն կյանքի կկոչվի 2018-2019 թթ-ին:
Ռուսաստանի այս  նախաձեռնությունը   ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության   «շարունակությունն» է: «Ավանգարդը» գրել էր, որ   Հայաստանի դաշնակից Մոսկվան պատրաստվում է դիմագրավել  իսլամիստ ահաբեկիչների գրոհները:  Սպառնալիքն այնքան է մտահոգել  Ռուսաստանին, որ Լավրովը չէր բացառել ՀԱՊԿ երկրներում տեղակայված իր բազաների մասնակցությունը ԴԱԻՇ-ի  անդամների դեմ  պայքարում: 
 
Բացի իսլամիստների դեմ պայքարից՝ Ռուսաստանի այս քայլը նաև սպառազինության մրցավազքի ակտիվացումն  է ու իր բիզնես պլանների իրագործումը: Մյուս կողմից, սակայն, չմոռանանք, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի թշնամի, զենք է գնում  նաև Ռուսաստանից, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի պարտավորվածությանը: Ռուսամետ հայ գործիչները հավաստիացնում են, թե ՌԴ-ից զենք գնելը դեռ լիարժեք ինքնուրույն կիրառման իրավունք չի նշանակում:
 
Բանն այն է, որ ըստ ռուսամետների՝ Մոսկվան զենքեր վաճառելով  Բաքվին՝ օգտագործման  կոդերը չի տալիս: Ասել է՝ առանց Ռուսաստանի այդ զենքերը հնարավոր չէ օգտագործել: Եթե Մոսկվան Բաքվի հանդեպ կարող է այսպես վարվել, ո՞րն է երաշխիքը, որ  ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների, նաև Հայաստանի հետ այդպես չի վարվի: Արդյո՞ք զենքերի մատակարարմամբ ՀԱՊԿ-ի երկրները կարող են ազատ և ինքնուրույն ռազմական քայլեր ձեռնարկել թե՛ իրենց անվտանգության պահպանման, թե՛ իսլամիստների դեմ պայքարում: