Էրդողանը Իլհամ Ալիևին հրավիրել է Անկարա

ԱՆԿԱՍԿԱԾ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ԿԱ ԽՈՍԵԼՈՒ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԲԱՎԱՐԱՐՎԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Տելեգրամյան ալիքում «Գեոպոլիտիկա»-ն հրապարակել է աշխարհաքաղաքական զգայուն մի հանգամանքի վերաբերյալ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի վերլուծությունը, ուր մասնավորապես ասվում է․
 
- Ես արդեն քանի օր խոսում եմ այն մասին, որ իրավիճակը շատ զգայուն է այն հանգամանքի բերումով, որ Բրիտանիան լրջորեն տրամադրված է Թրամպի «աշխարհում» լուրջ բաժնեմաս և տեղ ստանալու հարցում: Իսկ դրա թերևս միակ ձեւը մնացել է խանգարել այնքան, մինչև «հոգնեն» և տեղ տան: 
 
Դրա մի միջոցը կամ գործիքը Զելենսկին է: Մյուս գործիք դիտարկվում է Ալիևը: Էրդողանի դերը վճռորոշ է: Նա էլ ըստ էության առևտրական է: Բրիտանիայի ջանքը նրա համար առևտրի լավ միջոց է: Սա աներկբա չի նշանակում, որ Էրդողանը Ալիևին հրավիրում է «հրաման» տալու համար: Ավելի շուտ թերևս այդ հրավերը պայմանավորված է Ալիևի «կառավարումը» բաց չթողնելու մղումով: Նա Ալիևին հրավիրում է,  նրան թերևս հետո Թրամպին ու Պուտինին լավ գնով «վարձակալության» տալու ակնկալիքով:
 
Փոքր-ինչ անհանգստացնում է տեղեկությունը, որ նախօրեին հեռախոսազրույց է եղել Թուրքիայի և Բրիտանիայի ԳՇ պետերի միջև: Սա իհարկե մտահոգիչ է: Ըստ իս, նաև այդ մտահոգությունն է արթնացրել Փաշինյանի «մուսան» և  դարձել հոդված: Բայց, Լոնդոնն ու Անկարան կարող էին քննարկել ոչ միայն Կովկասը, այլ Ուկրաինան: Չմոռանանք, Սպիտակ տանը նվաստանալուց հետո Անկարայում Ուկրաինայի դեսպանությունն Իքսի իր էջում տարածեց օրեր առաջ Էրդողանի հովանոցի տակ արված լուսանկարը, երբ Զելենսկին այցելել էր Անկարա:
 
Բայց․․․ Անկարայից ակնկալվող օգնությունը կարող է լինել հենց կովկասյան ուղղությամբ: Այդ իմաստով, ուշադրության է արժանի օրերս ուկրաինական հետախուզության տարածած մի տեղեկություն, թե իբր ռուսները պրոպագանդիստական արշավ են իրականացննում Երևանին ու Բաքվին Կիևի դեմ տրամադրելու համար: Սա ակնհայտորեն մտացածին, մոգոնած  տեղեկություն է, որն, ըստ իս, հրապարակվել է պարզապես ֆոնային նպատակով: