Սև կատու՝ Ադրբեջանի «մութ սենյակում»

Միակ բանը, որը զարմանք է հարուցում՝ որոշ երկրների և նրանց գործիչների համոզմունքն է, թե բռնապետների գլխին ավետարան կարդալով՝ հնարավոր է նրանց ժողովրդավար դարձնել: Ժողովրդավարությունն ինքնին այսօր շատ հեղհեղուկ գաղափար է դարձել, իսկ այն քիչն էլ, որն այսօր դրա ջատագովները տարփողում են, Ադրբեջանի ու այնտեղ տերուտնօրինություն անողների ոչ ուղեղներին է հասանելի, ոչ էլ քիմքին է հաճելի:  
 
Ադրբեջանն իր հակաժողովրդական պահվածքով այնքան է աչքի ընկել, որ արժանացել է նույնիսկ գրքերի «հերոս» դառնալու պատվին:  Պարզվում է՝ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում Մասաչուսեթսի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Օդրի Օլսթադը Ադրբեջանի մասին իր հեղինակած երրորդ գիրքն է ներկայացրել: Գրքի վերնագիրն է՝ «Հետխորհրդային Ադրբեջանում խորտակված ժողովրդավարությունը»: 
 
Գիտնականը նշել է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո ժողովրդավարության նկատելի ընթացքից Ադրբեջանն ընտրել է շեղվելու ուղին:
Ըստ էության սա նշանակում է, որ հարգարժան պրոֆեսորն Ադրբեջանում ժողովրդավարության սաղմեր նկատել է, որից այժմ այդ երկիրը հետընթաց է ապրում: Դրա համար, իհարկե, շատ մեծ հզորության մանրադիտակ է օգտագործել: Որովհետև ժողովրդավարություն խաղալը մի բան է, դա ունենալը՝ բոլորովին այլ: 
 
Գրքի հեղինակը Ադրբեջանի օրինակով ներկայացրել է, թե որոշ երկրներ ինչպես կարող են ժողովրդավարական զարգացման ընթացքից հեռանալ դեպի բռնատիրական կարգեր:  Իսկ դա ստեղծում է մի իրավիճակ, որը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա նույնպես անդրադառնում է։ 
 
- Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանում շատ է քաղաքականացվում, և դրա պատճառը այս երկրի ղեկավարների կողմից կիրառվող հռետորաբանությունն է։ Դրա համար էլ չեմ կարծում, թե այժմ ղեկավարությունից ինչ-որ մեկը կասի, որ հնարավոր է բանակցություններ սկսել ու փոխզիջումներ անել,-ասել է պրոֆեսոր, ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Ռիչարդ Քաուզլարիչը: 
 
ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության  այս նախկին պաշտոնյան նշել է, թե դրա համար անհրաժեշտ պայման է ժողովրդի մասնակցությունը, իսկ դա հնարավոր չէ այնտեղ ժողովրդի նկատմամբ կիրառվող արգելքների պատճառով: Մի խոսքով՝ չեն մոռացել հիշեցնել, որ Արցախի հարցը խճճողը նույնպես Ադրբեջանն է: