Հետասադյան Սիրիայում ավելանում են անորոշությունները
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Ստյոպա Սաֆարյան
Հետասադյան Սիրիայում, ինչպես և սպասվում էր, անորոշությունները ոչ միայն չեն պակասում, այլ ավելանում են։
Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներից էյֆորիայի տակ գտնվողները նույնիսկ հայտարարել են մինչև Երուսաղեմ հասնելու ու այն ազատագրելու մասին, ինչը բերել է իսրայելական շրջանակների մտահոգություններին։ Դրան էլ հավելած այն, որ Իսրայելը Սիրիայի սահմանամերձ հատվածում անվտանգության նկատառումներով վերահսկողության տակ է վերցրել ևս մեկ բարձունքը՝ Հերմոն լեռը, ինչպես նաև կեսդարյա ընդմիջումից հետո հրեաները ոտք են դրել Սիրիա։
Մտահոգություններ են հնչում նաև Հնդկաստանից, որի հարաբերությունները Ասադյան Սիրիայի հետ նորմալ են եղել։ Սիրիան Քաշմիրի հարցով պաշտպանել է Հնդկաստանի դիրքորոշումները, սահմանափակել Պակիստանի հետ համագործակցությունը, իսկ Հնդկաստանը փոխադարձաբար բավական լավ հարաբերություններ է ունեցել Սիրիայի հետ։ Այս ամենին էլ գումարենք Մերձավոր Արևելքով Եվրոպա ու Աֆրիկա դուրս գալու հեռահար ծրագրերը, որի հիմնական երթուղին իհարկե Սիրիայով չէր անցնում, բայց Իսրայելից հետո անցնում էր նրա միջերկրածովյան ափի մոտով։ Այժմ ոչ միայն Սիրիայում, այլ նաև այդ հատվածում մեծանում է թուրքական գործոնը։ Իսկ Թուրքիան անցած տարվա սեպտեմբերին Նյու Դելիում տեղի ունեցած G20-ից հետո հայտարարել էր, որ իրեն շրջանցող միջանցքներ չեն լինելու․․․ Թերևս Հնդկաստանի երկրորդ հույսը կարող է լինել Իսրայելը, որի հետ Հնդկաստանի հարաբերությունները նույնպես լավ են, ու նրա գործոնն էլ հետասադյան Սիրայում մեծ կլինի։
Այդուհանդերձ, ամենակարևոր պահերից մեկն այն է, թե ինչպես ու ինչպիսի գործարքով կբարիշեն ու «կհանդիպեն» թուրքական ու իսրայելական ուժեղացած գործոնները, մանավանդ որ գետնի վրա թուրքամետ որոշ խմբավորումներ Իսրայելի համար վտանգներ են հնչեցնում․․․ Իսկ Իսրայելի պրոքսի քրդական խմբավորումներն էլ, որոնք սիրիական անցման ու Սիրիայում իշխանության բաժանման անխուսափելի շահառուներից կլինեն, Թուրքիայի մղձավանջն են։
Տեսանելիորեն հետասադյան Սիրիայում իրավիճակն իր ձեռքն է փորձում վերցնել նաև ԱՄՆ, սակայն հարց է՝ թե որքա՞ն ամուր կլինի ամերիկյան ձեռքը հատկապես ԱՄՆ-ում նախագահական անցման շրջանում, որն օբյեկտիվորեն վակում է ստեղծում․․․
Շատ դժվար է այս նոր քաոսում հստակ կանխորոշել, թե որտեղ կանգ կառնեն զարգացումները՝ թիրախում կլինի որևէ այլ ավտոկրատիա կամ թեոկրատիա՝ ի դեմս Իրանի, կամ անգամ՝ ինչպես կավարտվի հետասադյան Սիրիայի տրանզիտը։ Սակայն տեսանելի է, որ այս շրջանում դիրքավորումները հաջորդ ճակատամարտի համար գնում են, ու ով որքան առաջ գնալու տեղ ունի գործ գոտու վերածված Սիրիայում, առաջ է գնում․․․
Ի դեպ, Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ Իսրայելում է, բարձր մակարդակի հանդիպումներ ունենալով նրանց հետ։ Հավանաբար փորձում են հասկանալ, թե ինչ կարելի է անել Էրդողանի ասած առաջիկա 2-3 ամիսներին, երբ Թրամփի վարչակազմը ղեկը չի վերցրել ԱՄն-ում, իսկ Բայդենն էլ իրերն է հավաքում, ու որքանով տեղ կա իրանյան ճակատամարտի կոնտեքստում իրականացնելու «Զանգեզուրյան միջանցքը», որը Թուրքիայի մեծ Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Բաքվում հռչակել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայման ու տոն տվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի հոխորտանքներին․․․
Թուրքիան, անշուշտ շահագրգռություններ ունի, որպեսզի ևս մեկ ուղղությամբ փակի Հնդկաստան-ԵՄ երթուղին, որը կարող է անցնել Իրանով, Հայաստանով։
Նրա նպատակներից մեկն է մնում կանխել բոլոր այն «միջանցքները», որտեղ ինքը չկա․․․