«Երազանքը հաղթեց, բայց Աբխազիայում դեռ անհանգիստ են»․ Ինալ Հաշիգի կարծիքը

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Նախկինում Աբխազիայում բոլորին, ընդհանուր առմամբ, միևնույն էր, թե ով կգա իշխանության Վրաստանում։ Քանի որ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում վրացի բոլոր քաղաքական գործիչների ու ուժերի դիրքորոշումները քիչ էին տարբերվում միմյանցից։ Հետևաբար ի՞նչ տարբերություն, թե որ կուսակցությունը կհաղթի, եթե նրանք բոլորն էլ գայլի աչքերով են նայում Աբխազիային։
 
Այնուամենայնիվ, վրացի առաջնորդների՝ թե՛ Էդուարդ Շևարդնաձեի, թե՛ նրան նախագահի պաշտոնում փոխարինած Միխայիլ Սաակաշվիլիի անունները հայտնի էին աբխազների շրջանում (խիստ բացասական համատեքստում), և հասկանալի պատճառներով աբխազական հասարակությունը հետաքրքրված էր Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով։
 
1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմի հիշողությունը և Վրաստանի կողմից ռևանշի սպառնալիքը կախված էր չճանաչված հանրապետության գլխին՝ ինչպես չեխովյան հրացանը, որը, եթե արդեն հայտնվել է բեմում, անպայման պետք է կրակի։
 
Եվ այն կրակեց 2008 թ․-ին։ Ճիշտ է՝ Հարավային Օսիայում։ Դրանից հետո Ռուսաստանը ճանաչեց ինչպես Հարավային Օսիայի, այնպես էլ Աբխազիայի անկախությունը և ստանձնեց նրանց անվտանգության երաշխավորությունը։
 
Այդ պահից հակամարտությունը «սառեցվեց», աբխազները դադարեցին վախենալ պատերազմի վերսկսումից, և նրանց հետաքրքրությունը վրացական քաղաքականության հանդեպ աստիճանաբար նվազեց։
 
Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո իրավիճակը նորից փոխվեց։ Սկսվեցին խոսակցություններ այն մասին, թե Վրաստանը կարող է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, իսկ դա կրկին վտանգի տակ կդներ Աբխազիայի անվտանգությունը։
 
Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ որոշ արտաքին ուժեր իր վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով «ապասառեցնել» Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտությունները։ Իսկ արդեն խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ «Եթե «Երազանքը» պարտվի, պատերազմ կլինի Ռուսաստանի հետ» թեզը գլխավորեց կուսակցության քարոզարշավը։
 
Հենց Ռուսաստանում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում արձագանքում էին այս ամենին՝ այո՛, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կախված են այն ընտրությունից, որը վրացիները կկատարեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։
 
Այդ կերպ Աբխազիայի կառավարությունն առաջին անգամ հայտարարեց վրացական քաղաքականության հետ կապված իր նախապատվությունների մասին։
 
Տարածված էր այն կարծիքը, որ եթե «Երազանքը» հաղթի ընտրություններում, Աբխազիան կկարողանա հանգիստ շունչ քաշել․ մոտ ապագայում պատերազմ չի լինի։
Եվ ահա, «Երազանքն» իրականացավ։ Այսինքն՝ հաղթեց։ Սակայն Աբխազիան չի կիսում այդ հաղթանակի մասով Կրեմլի անվերապահ բավարարվածությունը։
 
Մոսկվայի և Թբիլիսիի միջև գնալով բարելավվող հարաբերությունները չեն կարող չանհանգստացնել աբխազական հասարակությանը։
 
Իշխանությունները հրապարակավ չեն խոսում այդ մասին, սակայն մտավախություն ունեն, որ ռուս-վրացական հարաբերությունների ջերմացումը կարող է հասնել այնպիսի «աստիճանի», որը կսպառնա Աբխազիայի ինքնիշխանությանը։ Պարզ ասած՝ որ այս ջերմացման ֆոնին Ռուսաստանը Աբխազիան «կզիջի» Վրաստանին։
 
Առավել ևս, որ «տարածքային ամբողջականության վերականգնումը» Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին «Վրացական երազանքի» հիմնական փաստարկներից էր, ինչպես նաև նախընտրական հիմնական խոստումներից մեկը։
 
JAMnews․ Սուխում