«Կաղաչեն, որ մտնենք ԵՄ»
ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքին տված նախընտրական հարցազրույցում Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնց անդրադարձել է JAMnews-ը՝ Թբիլիսիից։
Իվանիշվիլին կրկին սպառնացել է հետապնդել ընդդիմությանը, խոսել է խորհրդավոր «գլոբալ պատերազմի կուսակցության»՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու մասին և պատմել է արդեն մեմերի վերածված պատմություններ «Արևմուտքում ԼԳԲՏ քարոզչության հետևանքների» մասին, մասնավորապես՝ «տղամարդկանց կաթի» և «տղամարդկանց զուգարաններում կանացի միջադիրների» մասին։
Վրաստանում սուր նախընտրական շրջան է։ Հոկտեմբերի 26-ին տեղի կունենան երկրի համար վճռորոշ խորհրդարանական ընտրությունները։
Ի՞նչ է ասել Իվանիշվիլին․
Արգելել և դատել ընդդիմությանը
- Կան ուժեր [ընդդիմության մեջ], որոնք շատ վտանգավոր են երկրի համար, նրանց քաղաքականության մեջ թողնելը վտանգավոր է։ Չար ուժ են, երկրի թշնամիներ են։ Աշխարհում կան քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքի բազմաթիվ նախադեպեր։ Կարելի է հիշել, թե ինչպես էր ընթանում Նյուրնբերգյան դատավարությունը ֆաշիստական Գերմանիայում։ Եվ մենք ունենք համապատասխան փաստաթղթեր [ընդդիմության դեմ]։
Եթե ուռուցքը չհեռացնես, այն կտարածվի։
Իվանիշվիլին նաև ասել է, որ «Վրացական երազանքը» հույս ունի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ «այս ժանտախտից վերջնականապես ազատվելու» համար։
Դատապարտել Գիորգի Գախարիային՝ որպես
«գլոբալ պատերազմի կուսակցության գլխավոր գործակալ»
- Արտաքին ուժերը վաղուց էին Վրաստանը նախապատրաստում պատերազմի, և Գախարիան այդ ծրագրի մի մասն էր։ Մենք կապացուցենք այն ամենը, ինչ նա արել է և ինչի համար է արել։ Կապացուցենք, թե ինչպես էր օգնում կազմակերպել, որպեսզի հենց երկրորդ օրը Վրաստանը ներգրավվի պատերազմի մեջ։
Բոլոր փաստաթղթերը պատրաստ են դատարանի համար։ Պետք է խստորեն պատժել՝ և՛ նրան, և՛ նրա կուսակցության անդամներին։ Ամենաշատը նրանց վրա եմ զայրացած։ Նրանց մեծ մասը «Վրացական երազանքի» անդամներ էին և մեր մանդատներով էին հայտնվել խորհրդարանում։ Հիմա նրանք կրկնում են «Ազգային շարժման» պատումը, և իհարկե, նրանք արժանի են խիստ պատժի, որն անպայման կստանան։
Իվանիշվիլին նաև վիրավորական արտահայտություններ է արել Գախարիայի հասցեին։
Գիորգի Գախարիան 2017-2019 թվականներին եղել է ներքին գործերի նախարար, այնուհետև դարձել է վարչապետ և հրաժարական է տվել 2021 թվականի փետրվարին՝ հայտարարելով իշխող կուսակցության քաղաքականության հետ ունեցած անհամաձայնության մասին։ Շուտով Գախարիան ստեղծեց «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը։ Տարբեր հարցումների համաձայն՝ նա բավարար ձայներ կհավաքի հոկտեմբերի 26-ի ընտրություններում, որպեսզի հաղթահարի 5%-ի շեմը։
Իշխանությունների հրապարակային հարձակումը Գիորգի Գախարիայի վրա սկսվեց մեկ շաբաթ առաջ իշխող կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեի հանկարծակի հայտարարությամբ։ Նա լրագրողներին պատմել էր, որ Գախարիան չափազանց հզոր «արտաքին ուժերի» ազդեցիկ գործակալ է, որոնք, իբր, ստիպել են Վրաստանի կառավարությանը նրան ընդգրկել իր կազմում՝ առաջատար դիրքերում։ Թե ովքեր են այդ հզոր ուժերը, Մդինարաձեն հրաժարվել է ասել։
«Վրաստանին ու Ուկրաինային դիտավորյալ չընդունեցին ՆԱՏՕ՝
ՌԴ հետ հակամարտության համար օգտագործելու նպատակով»
«Եվրոպայում և Ամերիկայում հայտարարում են, որ թույլ չեն տա, որ ՆԱՏՕ-ն մասնակցի Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Այս դերի համար նրանք նախապատրաստում էին Վրաստանն ու Ուկրաինան, դա պլանավորված էր նաև 2008 թվականին, հենց դրա համար էլ այս երկու երկրներին չընդունեցին ՆԱՏՕ։
Հիմա արևմտյան քաղաքական գործիչները հայտարարում են, որ Ուկրաինային կտան զենք, փող, բոլոր միջոցները, բայց կենդանի ուժը պետք է լինի միայն Ուկրաինայից»։
«Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի գլխավոր կետերից մեկը դարձել է այն պնդումը, որ հենց իշխող ուժն է պահպանում խաղաղությունը երկրում և, իբր, հակադրվում է Արևմուտքին, որը Վրաստանը ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այս հայտարարությունները սուտ և ռուսական նմուշի ապատեղեկատվություն են որակել, նրանք պաշտոնապես դադարեցրել են Վրաստանի իշխանությունների և իշխող կուսակցության հետ շփումները։
«Վրաստանն այնպիսի աճ է գրանցել բոլոր ուղղություններով,
որ նրան կաղաչեն մտնել ԵՄ»
- Վրաստանը Եվրամիություն մուտք կգործի գլուխը բարձր։ Աշխարհում ոչ ոք չի կարող համեմատվել Վրաստանի հետ, այդպիսի տնտեսական բում է այստեղ։ Պարզապես հրաշքներ են տեղի ունենում, մենք առաջին տեղում ենք աշխարհում։ Բոլոր քաղաքները փոխվել են։ Բոլոր ուղղություններով գրանցվել է երեք անգամ և ավելի աճ։
Ընդ որում, մենք վճռականորեն աջակցում ենք եվրոպական արժեքներին։ Բայց մենք չենք պատրաստվում պատերազմել, պատժամիջոցներ կիրառել, քանդել երկրի տնտեսությունը։ Կարևորն այն է, որ մենք ավելի ուժեղ դառնանք, և մեզ կաղաչեն, այդպես մենք կմտնենք Եվրոպա։ Ես դա երաշխավորում եմ։
Վրաստանը ստացել է ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Սակայն այժմ եվրաինտեգրման գործընթացը կասեցված է։ ԵՄ-ն հայտնել է, որ այս որոշումը պայմանավորված է հակաժողովրդավարական օրենքների, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմամբ և արևմտյան երկրների վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությամբ, որը տարածում են Վրաստանի իշխանությունները։ Եվրամիության և եվրոպական երկրների առաջնորդները նախազգուշացրել են Վրաստանի ղեկավարությանը, որ նրանք երկիրը տանում են դեպի ռուսական կուրս, հեռանում են Եվրոպայից։
Իվանիշվիլին պատրաստ է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ
և «հարաբերություններ կարգավորել»
- Անցյալ շաբաթ ես զանգահարեցի ԱՄՆ դեսպանին, հանդիպում խնդրեցի և ասացի, որ այն խնդիրները, որոնք կային, լուծվել են, ուստի իմ տեսանկյունից խնդիր այլևս չկա, և ես պատրաստ եմ հանդիպման։
Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին մերժել էր ինչպես Վրաստանում ԱՄՆ դեսպանության, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները։
«Պատժամիջոցները գլոբալ պատերազմի կուսակցության գործիք են,
բայց դրանք չեն կարող ճնշել Վրաստանին»
- Պատիժներն ու պատժամիջոցները հակառակ էֆեկտ են տվել, դրանք չեն աշխատել և չեն աշխատի։ Սա շանտաժ է վրացական ընդդիմության ղեկավարի՝ Գլոբալ պատերազմի կուսակցության կողմից։ Այն, ինչ նրանք ուզում էին, ըստ իս, հակառակ արդյունքն է տվել, որովհետև հասարակությանն արդեն զայրացնում են ոչ կոռեկտ և ոչ օբյեկտիվ հայտարարությունները։
«ԼԳԲՏ քարոզչությունը գերժամանակակից նվաճողական զենք է»
Հենց այսպիսի ձևակերպում է օգտագործել Բիձինա Իվանիշվիլին։ Նա հարցազրույցի մեծ մասը նվիրել է «գեյ շքերթների սարսափների» բացահայտմանը և պատմել է զարմանալի պատմություններ, որոնք արդեն մեմեր են դարձել սոցցանցերում։
Իվանիշվիլին հայտնել է այն մասին, թե իր տեղեկություններով՝ ինչ է կատարվում արևմտյան երկրներում, մասնավորապես՝
● «Տղամարդկանց զուգարաններում հիգիենիկ միջադիրներ են դնում»։
● «Նրանք հայտարարում են, որ տղամարդու կաթը նույնն է, ինչ կնոջինը»։
● «Ամեն տեսակի օրգիաներ են տեղի ունենում ուղիղ փողոցներում»։
● «Պնդում են, որ կնոջը չանվանեն կին, իսկ տղամարդուն՝ տղամարդ»։
● «Մանկապարտեզներում մինչև հինգ տարեկան երեխաների համար սեռական դաստիարակության դասեր են անցկացնում»։
● «Արևմտյան երկրներից մեկում ուսուցչին արդեն երկրորդ անգամ բանտ են նստեցրել այն բանի համար, որ նա բացահայտ հայտարարում է, որ կա միայն երկու սեռ՝ արական և իգական, հազարավոր այլ սեռեր գոյություն չունեն»։
«Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի մեկ այլ գլխավոր կետ է ավանդական արժեքների, ընտանիքի սրբության պաշտպանությունն ու «ԼԳԲՏ քարոզչության» դեմ պայքարը։ Սեպտեմբերին խորհրդարանի իշխող մեծամասնությունն ընդունել է խտրական և հոմոֆոբ հակա-ԼԳԲՏ օրենք, որը խստորեն սահմանափակում է ԼԳԲՏ համայնքի իրավունքներն ու գրաքննություն է մտցնում։