BRICS-ի երկրները հրաժարվել են Պուտինի հետ պայքարել Արևմուտքի և դոլարի դեմ. Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ BRICS-ը հակաարևմտյան կոալիցիայի վերածելու գաղափարը, որը կսասաներ «համաշխարհային կարգը» և դոլարի գերիշխանությունը, բլոկի առանցքային անդամ երկրների մոտ խանդավառություն չի առաջացրել:
Հնդկաստանը չի ցանկանում թույլ տալ, որ BRICS-ը դառնա «հակաամերիկյան» կազմակերպություն, որտեղ գերիշխում են Ռուսաստանը և Չինաստանը, Bloomberg-ին հայտնել են խնդրին ծանոթ հնդիկ պաշտոնյաները։ Հենց այս պատճառով էլ, ըստ գործակալության զրուցակիցների, Նյու Դելին դեմ է BRICS-ի հետագա ընդլայնմանը, որին անցյալ տարի միացան 6 նոր երկրներ, տասնյակ այլ երկրներ էլ անդամակցության հայտ են ներկայացրել՝ ներառյալ այնպիսի համաշխարհային վտարանդիներ, ինչպիսիք են Մյանմարը կամ Աֆղանստանը: Հնդկաստանի դիրքորոշումը կիսում են Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, Bloomberg-ին հայտնել են այս երկրների պաշտոնյաները:
Արաբական Միացյալ Էմիրությունները, որը միացել է BRICS-ին 2023 թվականի գագաթնաժողովից հետո, «ամբողջովին հերքում է», որ դաշինքին անդամակցությունը նշան է, որ գլոբալ հարավը հակադրվում է Արևմուտքին, Bloomberg-ին ասել է սեփական աղբյուրը: ԱՄԷ-ն շատ լավ հարաբերություններ ունի արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, ընդգծել է երկրի մեկ այլ պաշտոնյա։
Կազանում այսօր մեկնարկած BRICS-ի գագաթնաժողովում, որը Կրեմլն անվանել է Ռուսաստանում երբևէ անցկացված «արտաքին քաղաքականության ամենակարևոր իրադարձությունը», Պուտինը մտադիր է իր գործընկերներին առաջարկել արևմտյան միջազգային վճարումների այլընտրանքային համակարգ։ Ըստ Կրեմլի՝ այն պետք է միավորի կազմակերպության անդամ երկրների բանկերն ու կենտրոնական բանկերը՝ դոլարը շրջանցելով գործարքներ իրականացնելու համար, որը, ինչպես պնդում է Պուտինը, կորցնում է վստահությունը ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության պատճառով։
Աղբյուր՝ factor.am