«Թբիլիսիի պաստառները վիրավորական են ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի համար». Պոդոլյակ

«Վրացական երազանք»-ն իր նախընտրական պաստառների վրա տեղադրել է ռմբակոծված ուկրաինական քաղաքներ՝ ընտրողներին վախեցնելու համար։ 
 
Պաստառները տեղադրվել են Թբիլիսիի մի քանի վայրերում։
 
Մարիուպոլի ավերված եկեղեցու, թատրոնի պատկերներ և այլն, որոնք ուղեկցվում են «Ոչ պատերազմին» մակագրությամբ։ Համեմատության համար կողքին տեղադրված են Վրաստանի տարբեր վայրեր՝ «Ես ընտրել եմ խաղաղությունը» մակագրությամբ։ Միևնույն ժամանակ պաստառների վրա խաչ է քաշված չորս խոշոր ընդդիմադիր կուսակցությունների և միավորումների ընտրական համարների վրա։ Նրանք, ինչպես ցանկանում է ընտրողներին համոզել «Վրացական երազանք»-ը, երկիրը ներքաշում են պատերազմի մեջ
 
- Ես երբեք չեմ տեսել այսքան ամոթալի, մեր մշակույթի, ավանդույթների, պատմության ու հավատքի տեսանկյունից այսքան վիրավորական բան… Որտե՞ղ եք դուք, որքան խղճուկ բան է առանց արժանապատվության և ամոթի քո ժողովրդին Ռուսաստանի Պետական անվտանգության կոմիտեի դարբնոցում պատրաստված պաստառ առաջարկելը…,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
 
Բայց միայն Վրաստանի նախագահը չէ, որ քննադատել է իշխող կուսակցության՝ պատերազմից տուժած ուկրաինական քաղաքները պատկերող նախընտրական պաստառները։
 
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ևս անդրադարձել դրանց՝ նշելով, որ դրանք «վիրավորում են ոչ միայն Ուկրաինային, այլև Վրաստանին»։
 
JAMnews-ը մանրամասնել է Պոդոլյակի անդրադարձը՝ գրելով․
 
- Ռուսաստանի` հարևան երկրների նկատմամբ ագրեսիայի մասին Միխայիլ Պոդոլյակը խոսել է «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում։
 
«Իհարկե, իմ արձագանքը բացասական էր, քանի որ ագրեսորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանը կարող է գոյություն ունենալ միայն պատերազմական պայմաններում՝ ոչնչացնելով հարևան երկրները, և որքան էլ հիանալի լինի ձեր ենթակառուցվածքը, ինչ-որ պահի Ռուսաստանը վրեժխնդրության և ատելության պատճառով մուտք կգործի և ամեն ինչ կոչնչացնի։
 
Սա ոչ թե Ուկրաինայի կամ Վրաստանի ցանկությունն է, այլ բացառապես Ռուսաստանի։ Երբ որևէ մեկը խառնում է պատճառն ու հետևանքը, նա վտանգի տակ է դնում իր քաղաքացիներին և երկիրը, քանի որ Ռուսաստանն այն երկիրը չէ, որը հարգում է միջազգային իրավունքն ու երկկողմ պայմանավորվածությունները։
 
Ռուսաստանը միշտ պատճառ կգտնի ցանկացած հարևանի վրա հարձակվելու համար, որովհետև կարծում է, որ ունի դա անելու իրավունք։
Հետխորհրդային տարածքը, որտեղ գտնվում եք դուք և մենք, ընկալվում է որպես նրա ազդեցության և հնարավորությունների գոտի, և Ռուսաստանը կարծում է, որ նախագահի, նախարարների, պատգամավորների և մյուսների ընտրությունը պետք է համաձայնեցվի իր հետ։
 
Սա անընդունելի է, և ամփոփելով վերը նշվածը՝ սա վիրավորում է ոչ միայն Ուկրաինային, այլև Վրաստանին,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։
 
Սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի փողոցներում հայտնվեցին պաստառներ, որոնց մի կեսին տպված էին պատերազմից ավերված ուկրաինական քաղաքների սև ու սպիտակ լուսանկարները, իսկ մյուս կեսին՝ «խաղաղ և գեղեցիկ» Վրաստանը։
 
Սա իշխող կուսակցության նախընտրական նորարարությունն է։ Այս կերպ «Վրացական երազանք»-ը փորձում է մեկ անգամ ևս ընտրողներին հասցնել իր հիմնական նարատիվը՝ «Վրացական երազանք»-ի իշխանությունն այնքան իմաստուն և հեռատես է, որ Վրաստանում խաղաղություն է, մինչդեռ ուկրաինացիները չեն դրսևորել նույնպիսի խորաթափանցություն, այդ պատճառով էլ այնտեղ պատերազմ է և ավերածություններ։
 
Օրինակ՝ լուսանկարներից մեկում պատկերված է Դոնեցկի մարզի Բոգորոդիչնոյե գյուղի՝ ռմբակոծությունների հետևանքով ավերված եկեղեցին, իսկ աջ կողմում՝ Թբիլիսիի տաճարի գունավոր լուսանկարը։ (Հետաքրքիր է, որ այս պաստառի համար ընտրվել է ոչ թե Վրաստանի որևէ հին պատմական տաճարի, այլ ընդամենը մի քանի տարի առաջ Բիձինա Իվանիշվիլիի կառուցած եկեղեցու լուսանկարը։)
 
Նույն օրը «Վրացական երազանք»-ը տարածել էր նաև նույնաբովանդակ նախընտրական տեսանյութ։ Կադրերում ցուցադրված էին ավերված Ուկրաինան և «ծաղկող ու գեղեցիկ Վրաստանը»։