Կոշտ պատասխանը զսպելու մեխանիզմ չէ

Ռուսաստանում ադրբեջանցիների պահանջկոտությունը երևի այնքան էլ անհող չէ: Մի երկիր, որն իրենց ռազմատենչ իշխանություններին մինչև ատամները զինում է, ինչո՞ւ չպետք է հանդուրժող լինի…
 
Նավթի գների կտրուկ անկումն աղետալի վիճակի է հասցրել Ադրբեջանի տնտեսությունը, այս մասին բազմիցս է գրվել: Համարյա ամեն օր հաղորդագրություն է տարածվում, որ նավթը կամ էժանացել է, կամ թանկացել. մի խոսքով՝ անընդհատ երերում է: Սոսկ նավթարդյունաբերության հնարավորությունների վրա հիմնված ադրբեջանական տնտեսությունն էլ, ինչպես երևում է, այդ գների նման երերում է: Ցանկացած երկրի համար, իհարկե, մեծագույն չարիքը պատերազմն ու գործազրկությունն են: Ալիևն իր ժողովրդի գլխին պատերազմ վաղուց է փաթաթել՝ այդ մեծագույն չարիքը նաև մեր դուռը բերելով: Իսկ ահա գործազրկությունը Ադրբեջան է ներթափանցել նավթի էժանացմանը զուգընթաց:
 
Ադրբեջանի վիճակագրության հարցերով պետական հանձնաժողովը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն 2017թ. առաջին եռամսյակում այդ երկրում 9000 աշխատատեղ է փակվել: Աշխատանքից զրկվածների 81 տոկոսը զբաղված են եղել մասնավոր հատվածում, 63 տոկոսը ձեռներեցությամբ զբաղվող ֆիզիկական անձինք են:
 
Անկասկած է, որ գործազուրկ դարձածների մեծ մասը ապրուստի հետևից այլ երկրներ է տեղափոխվելու, ավելի հավանական է՝ Ռուսաստան: Չէ՞ որ այնտեղ միլիոններով են հավաքվել, և չեն քաշվում իրենց պայմանները թելադրել: 
Հենց այդ պայմանները թելադրելուն էլ երեկ կոշտ արձագանքել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա պատասխանել է Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևի հայտարարություններին, որը վերաբերել է «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրես»-ի լուծարման վերաբերյալ դատարանիր վճռին:    
 
- Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն հարցերում, թե ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները մեր սեփական երկրում: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում և պաշտպանվում են յուրաքանչյուրի իրավունքները՝ անկախ նրա ազգային պատկանելությունից: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները՝ ինքնակազմակերպման և մշակութային, ազգային-հասարակական միավորումների գործունեության համար:
 
Կոշտ պատասխանը՝ կոշտ պատասխան, սակայն ադրբեջանական պնդերեսությանը դիմակայելու համար դա այնքան էլ գործուն միջոց չէ: Իր ներսում այլատյացությանն օրենքի ուժ տված պետությունն է հիմա  ուրիշներից արդարություն պահանջում: Մինչդեռ «կոշտ պատասխանի» ամբողջական տեքստը նաև արդարացում է պարունակում այն մասին, թե ադրբեջանցիները ՌԴ-ում ինչ հնարավորություններից են օգտվում: