ԱՄՆ-ի պատասխանը թուրքական ինքնադատաստանին

ԳՈՆԵ` ԱՌԱՅԺՄ

Կարելի է ասել՝ Թուրքիան քաղաքական նոր մշակույթ է ստեղծում՝ դիվանագիտական անձնագրերով մուտք գործիր բարեկամ երկիր և այնտեղ հաշվեհարդար տես քո չուզած մարդկանց հետ: Քիչ հավանական է, որ այս նոր «մշակույթին» կարձագանքի անձամբ Թրամփը: Ի˜նչ է եղել, որ՝ ընդամենը իր բարեկամությունը վայելող Թուրքիայի քաղաքացիներն ԱՄՆ-ում իրենց զգացել են ինչպես սեփական տանը: 
 
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին վերջապես անդրադարձել են որոշ ամերիկյան գործիչներ: Խոսքը Էրդողանի այցի դեմ բողոքող հայերի, քրդերի, եզդիների, հույների, ասորիների հետ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հաշվեհարդարի մասին է:    
 
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել հաշիվ պահանջելու այն անձանցից, ովքեր պատասխանատու են Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակումների համար: Նա ահազանգող փաստ է համարել  այն, որ նման պահվածքը ապացույցն է Թուրքիայում քաղաքական ակտիվիստների, լրագրողների ու կրոնական ազատության լայնածավալ ոտնահարումների, ինչը վերջին տարիներին մեծ վնաս է հասցրել թուրքական ժողովրդավարությանը: Նա պետքարտուղարին ու դատախազին հորդորել է անմիջապես զբաղվել այս հարցով և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ քանի դեռ այդ անձինք Միացյալ Նահանգներից չենք հեռացել: 
 
- Օտար կառավարությունների գործակալները երբեք չպետք է ապահովագրված լինեն հանցավոր պահվածքի համար,-նշել է կոնգրեսականը:
 
Դեպքին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայտարարության մեջ նշելով, թե իրենք անհանգստացած են բռնության միջադեպով, որում ներգրավված են եղել ցուցարարներն ու թուրքական անվտանգության աշխատակիցները, միչդեռ բռնությունը երբեք չի կարող ազատ խոսքին ճիշտ պատասխան լինել:
 
Մեկ այլ կոնգրեսական՝ Ադամ Շիֆն էլ, պատահածի մասին իր կարծիքն է հայտնել «Ֆեյսբուք» սոցցանցում: Նա ասել է, թե Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրիքայում խոսքի, մամուլի, հավաքների ազատության վրա հարձակումները սովորական երևույթներ են, սակայն Վաշինգտոնում հայերի, քրդերի վրա թուրքերի հարձակումը չի կարող անպատիժ մնալ:
 
Իսկ ԱՄՆ Սենատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը  կոչ է արել Վաշինգտոնից արտաքսել Թուրքիայի դեսպանին։ Այս մասին նա երեկ՝ մայիսի 18-ին խոսել է MSNBC-ին տված հարցազրույցում։
 
Հաղորդվել է նաև, որ ոստիկանությունը ծեծկռտուքի մեղավորներից մի քանիսին ձերբակալել է, բայց քանի որ նրանք դիվանագիտական անձեռնմխելիությունից են օգտվում, ստիպված է եղել բաց թողնել: