«Բոլորը սպասում են՝ հակամարտությունը լուծվի իրենց ուզածով»
ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները՝ ելնելով տարածաշրջանում իր տասնամյա աշխատանքի փորձից:
Կլաարն իր ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի նոյեմբերից, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին կանցնի նոր աշխատանքի՝ որպես Ուզբեկստանում ԵՄ դեսպան:
Հայաստան-Ադրբեջան զարգացումների մասին
● Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մի քանի տարիների զարգացումները։
Պատկերը տարբեր է եղել։ Եղել են առավել բարվոք պահեր, և ես հուսով եմ, որ այժմ նույնպես այդպիսի իրավիճակ է, սակայն միևնույն ժամանակ ականատես ենք եղել նաև բազմաթիվ բռնությունների՝ անմեղ զոհերով:
2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ:
Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:
Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ:
Ակտիվացել է երկոխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ ենք վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը:
Հույս ունեմ, որ քաղաքական կամքի և բոլոր կողմերի շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում
ԵՄ միջնորդական ջանքերի մասին
● Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ միջնորդական ջանքերը Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում, մասնավորապես այսպես կոչված «Բրյուսելյան գործընթացը»:
2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն ուներ: Մեր՝ իմ խնդիրը ավելի շատ աջակցելն էր հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին:
2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով սկսեց ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին հասավ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով:
Կարծում եմ, որ այս հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրեցին անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի ՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ:
2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ:
Բաքու և Երևան կատարած իմ այցելությունների և առավել լայն` տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, կարծում եմ՝ ԵՄ-ն օգնեց ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացան արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարներին ուղղորդել հետագա բանակցությունների համար:
Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել:
ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:
Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը:
Վերջապես, թեև վերջերս մենք ավելի շատ երկկողմ հանդիպումներ ենք տեսել, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:
Հայաստան-Ադրբեջան հնարավոր
խաղաղության պայմանագրի մասին
● Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրե՞ն:
Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը:
Մենք ոգևորվել ենք նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպումով:
Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է:
Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար:
Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը: Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ:
● Իսկ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո։
Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:
Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների, խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով:
Բայց որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ: Հետևաբար, իմ աշխատանքում ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր:
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև:
Տեղահանված արցախահայերի մասին
● Ո՞րն է Ձեր վերջնական մոտեցումը այժմ Հայաստանում գտնվող տեղահանված արցախայերի մասին, որոնցից շատերը դեռ հույս ունեն մի օր վերադառնալ տուն։
Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:
ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:
Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում:
Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:
Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:
Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:
Ազատազրկվածների և անհայտ կորածների մասին
● Կարո՞ղ եք մանրամասնել մարդասիրական հարցերի կարևորությունը կայուն խաղաղության համար՝ մինչ այս պահը:
Ինձ համար հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է մարդկանց և, հետևաբար, մարդասիրական հարցերին: Սակայն, եթե նկատի ունեք գերիների և անհայտ կորածների կոնկրետ հարցը, ապա դրանք, իհարկե, նույնպես առանցքային տարրեր են:
ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ամենահուզիչ փորձառություններից մեկը 2021 թվականի վերջին Ադրբեջանի գերությունից տասը հայ զինվորների ազատ արձակումն էր: Ես հպարտ էի, որ ԵՄ-ն կարողացավ օգնել այդ ժամանակ և որ ես անձամբ կարողացա ուղեկցել այդ նախկին գերիներին, երբ նրանք 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Բաքվից հայրենադարձվեցին Երևան:
Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար:
Եվ ինձ անձամբ տխրեցնում է այն, որ մենք դեռ իսկապես չենք կարողանում առաջընթաց գրանցել այդ հարցերում: Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար:
Վրաստան, Ժնևյան բանակցություններ և
Աբխազիայի/Հարավային Օսիայի մեկուսացում
● Այժմ անդրադառնանք Վրաստանին: Ժնևի միջազգային երկխոսության 61-րդ փուլը տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի վերջին, իսկ հաջորդը նախատեսված է այս տարվա վերջին: Ինչպե՞ս կգնահատեիք այս շրջանակում իրականացված աշխատանքը: Որպես միջազգային ներկայացուցիչներից մեկը, ով կարողանում է այցելել նաև Աբխազիա և Հարավային Օսիա, կարո՞ղ եք կիսվել Ձեր տպավորություններով այնտեղ տիրող իրավիճակի շուրջ:
Ժնևի միջազգային երկխոսություն կոչվող գործընթացը օգտակար է որպես հակամարտության կառավարման գործիք: Եվ իրոք, տեղում անվտանգության իրավիճակը համեմատաբար կայուն և կառավարելի է եղել 2008 թվականի հոկտեմբերին այս գործընթացի առաջին հանդիպումից ի վեր:
Բայց՝ ի տարբերություն հանրային ընկալման, այն իրականում երբեք նախատեսված չի եղել հակամարտությունը լուծելու համար, և, հետևաբար, մենք բոլոր կողմերում բավականին մեծ հիասթափություն ենք տեսնում, քանի որ այն չի կարողացել հակամարտությունն ավարտին մոտեցնել:
Աբխազիան և Հարավային Օսիան գեղեցիկ վայրեր են: Երկուսն էլ ինձ վրա տպավորություն են թողել որպես ինչ-որ կոտրված բանի մեկուսացված մասեր: Դուք զգում եք, որ կա այս տարածաշրջանների աննորմալ մեկուսացում Հարավային Կովկասի մնացած մասից: Սա և՛ այլոց կողմից, և՛ ինքնամեկուսացման հետևանք է:
Հակամարտության վերքերը առկա են ամենուր այս երկու տարածաշրջաններում: Եվ սա վերաբերում է նաև Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող շատ վայրերի:
Հետևաբար, թեև Աբխազիայի և Հարավային Օսիայի մարդիկ կարողանում են ինչ-որ կերպ կառուցել իրենց կյանքը, նրանք չեն կարողանում իրացնել իրենց լիարժեք ներուժը՝ քաղաքական փակուղու պատճառով, և մարդկային կապիտալի ու ստեղծարարության մեծ մասը կորչում է:
Ցխինվալի, Սուխումի և Հարավային Օսիայի ու Աբխազիայի այլ վայրերի մարդիկ կարող էին շատ ավելին ձեռք բերել և շատ ավելին անել, չհաշված Ախալգորիում կամ Գալիում ապրող էթնիկ վրացիներին, ովքեր հայտնվել են մշտական անորոշության մեջ:
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ազդեցությունների
և Վրաստանի «երկրորդ ճակատ» խոսույթի մասին
● Ինչպե՞ս է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ազդել ձեր գործունեության վրա: Ձեզ վրա էլ է ազդե՞լ «երկրորդ ճակատ» խոսույթը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ ավելի է բարդացրել իմ ներգրավվածությունը:
Աբխազիա միջազգային կազմակերպությունների մուտքը գնալով ավելի է սահմանափակվել, այդ թվում՝ ինձ համար: Թեև Ժնևյան միջազգային երկխոսության բոլոր մասնակիցները շարունակում են հավատարիմ մնալ այս ձևաչափին, նույնիսկ նրանք են այսօր ավելի քիչ հակված էական քննարկումների, քան նախկինում:
Ավելին, ես զգում եմ, որ այն մարդիկ, որոնք նվիրվել են խաղաղաշինական գործունեությանը և տարիներ շարունակ ներգրավված են եղել երկխոսության ծրագրերում, հատկապես անհանգստացած են: Ես զգում եմ մտահոգություն, որ նոր Երկաթե վարագույր կարող է իջնել՝ մոտ ապագայում անդառնալիորեն թողնելով Աբխազիան և Հարավային Օսեթիան ռուսական կողմում:
«Երկրորդ ճակատի» անհեթեթ խոսույթը, որը, ի վերջո, ստեղծվել է միայն Վրաստանում ներքին ընդդիմախոսներին վարկաբեկելու համար, շփոթություն է ավելացրել առանց այն էլ շատ բարդ իրավիճակում:
«Երկրորդ ճակատի» և խորհրդավոր «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին խոսակցությունները խարխլում են վստահությունը, երբ վստահությունն առանց այն էլ սակավ է:
Այսպիսով, այո՛, կա բացասական ազդեցություն, և վրացի քաղաքական գործիչները, որոնք սնում են նման հրահրիչ խոսակցությունները, պետք է, կարծում եմ՝ պատասխանատվություն ստանձնեն դրա համար:
Այս տեսակի խոսակցությունները միայն ամրապնդել են Ցխինվալում և Սուխումում գտնվողների փաստարկները, որոնք ցանկանում են շեշտել վրացական ագրեսիվ մտադրությունները, և․ հետևաբար, թուլացրել են «Քայլեր դեպի ավելի լավ ապագա» և այլ նախաձեռնությունների ուղերձները:
Վրաստանի ԵՄ հեռանկարների և վրաց-աբխազական ու
վրաց-օսական երկխոսության անհրաժեշտության մասին
● Ի՞նչ խորհուրդ կտայիք վրացական իշխանություններին, նաև ձեր գործընկերներին թե՛ Սուխումում, թե՛ Ցխինվալում։
Իմ անձնական տեսանկյունից, վրացական իշխանություններին հիմնական խորհուրդը կարող է լինել՝ վերադառնալ հասուն ժողովրդավարություն կառուցելու նպատակին՝ հիմնված օրենքի գերակայության վրա, որտեղ պաշտպանված են մարդու և փոքրամասնությունների իրավունքները:
Վրաստանը պետք է գրավիչ լինի Աբխազիայի և Հարավային Օսիայի մարդկանց համար, և կայունությունը, ժողովրդավարությունը, իրավունքները և օրենքի վրա հիմնված կարգը դրա մեծ մասն են կազմում:
Վրաստանը պատմական հնարավորությունների պատուհան ունի, և ԵՄ ինտեգրման գործընթացը կարող է ունենալ հզոր վերափոխիչ ուժ: Վրաստանի ժողովուրդն այս առումով լուրջ ընտրության առաջ կկանգնի առաջիկա ընտրությունների ժամանակ:
Իմ երկրորդ խորհուրդն է ավելի շատ կապեր հաստատել բաժանարար գծի երկու կողմերում և ավելի ներգրավվել ոչ պաշտոնական երկխոսության մեջ՝ հնարավոր գործնական քայլերի շուրջ, ներառյալ դե ֆակտո իշխանությունների հետ:
Այս երկխոսությունը տեղի է ունենում Ժնևյան միջազգային ֆորմատի շրջանակներում՝ տարբեր մասնակիցների միջև, սակայն այն չափազանց սահմանափակ է:
Կարծում եմ, որ ավելի բարձր մակարդակում Վրաստանի կառավարությունը կարող է միակողմանի առաջարկներ անել և այդպիսով խթանել Սուխումի կամ Ցխինվալի կողմից նմանատիպ քայլեր՝ ի պատասխան:
Գործնական հարցերում փոխզիջումների գնալը՝ ի շահ մարդկանց, կստեղծի դրական դինամիկա: Սա ներգրավված դերակատարներից կպահանջի ավելի գործնական լինել իրենց հակամարտությանը վերաբերող խոսույթներում և ավելի իրատեսական՝ այն հարցում, թե ինչի կարելի է հասնել այստեղ և հիմա:
Մենք նաև պետք է հիշենք, որ 1990-ականների սկզբին Վրաստանում հակամարտություններ են եղել, որոնք խորը հետքեր են թողել: Կա մեծ անհրաժեշտություն անդրադառնալ դրանց՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքների քննարկումներին զուգահեռ:
Հարավային Կովկասում ժողովուրդների միջև իրական հաշտեցմումը թերի է
Հարավային Կովկասում իմ ներգրավվածության տարիների ընթացքում ամենամեծ մտահոգություններից մեկը միշտ եղել է ժողովուրդների միջև իրական հաշտեցման գործընթացի գրեթե բացակայությունը: Տարբեր համայնքների մակարդակում իրականացվում են ամենատարբեր վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնցից շատերը ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից: Սակայն բոլոր կողմերի խիստ ընտրողական և կողմնակալ հակամարտությանը վերաբերող խոսույթները խոչընդոտում են հաշտեցման գործում առաջընթացը:
Բոլոր կողմերը իրենց բացառապես զոհ են համարում, սպասում են deus ex machina-ի՝ աստծո միջամտության, որը կլուծի հակամարտությունն իրենց ուղած տարբերակով, և առանձնապես ցանկություն չունեն խոսելու սեփական սխալների, հակամարտությունների առաջացման, էսկալացիայի ու դրանց շարունակվելու մեջ իրենց պատասխանատվության մասին:
Նման մոտեցմամբ իրական վտանգ կա, որ ապագայում ի հայտ եկող հնարավորությունների պատուհանները կարող են բաց թողնվել, քանի որ բոլոր կողմերում քաղաքական գործիչները և բնակչությունը կողմնակալ պատկերացումներ ունեն իրականության մասին և, հետևաբար, ոչ իրատեսական ակնկալիքներ միմյանցից և արտաքին դերակատարներից, ինչպես նաև ոչ իրատեսական գնահատականներ են տալիս անհրաժեշտ քայլերին, միայն իրենց պայմաններով առաջընթացի հասնելու հնարավորություններ են տեսնում: