Գերմանիայի ԱԳՆ-ի նախազգուշացումը մեզ մի բան ասո՞ւմ է

Թուրքիայի հետ դաշնակցային երկարամյա ճանապարհ անցած Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում այդ երկիր չայցելել: Խոսքը հատկապես երկու երկրների քաղաքացիություն ունեցող անձանց մասին է: Բնականաբար` այդ անձինք պետք է որ թուրքեր լինեն, համենայնդեպս՝ մեծ մասամբ: Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, որ եթե Թուրքիայում ինչ-որ խնդիրներ ծագեն, իրենց հյուպատոսարանը գուցե չկարողանա նրանց օգնել: 
 
Իրավիճակի նման շրջադարձը պայմանավորված է անցած ամռանը Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձի հանգամանքներով: Հիմա Էրդողանը բոլոր անցանկալի անձանց հանգիստ հայտարարում է գյուլենական և իրավունքներից զրկում: Այստեղ մի զավեշտական բան կա: Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար լուրեր են տարածում, թե կա՛մ Գյուլենն է հայ, կա՛մ Էրդողանը: Թե Գյուլենը դրան ինչ է պատասխանել՝  հայտնի չէ, սակայն Էրդողանը, ասում են, դա շատ վիրավորական է համարել: Ասել կուզի՝ երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, այդ խաղողը խակ է որակվում:   
 
Գերմանիայի իշխանություններին մտահոգում է իր քաղաքացիների (թեկուզև այլազգի) ապահովությունը, և նրանց ԱԳՆ-ի այս հայտարարությունը հասկանալի է: Սակայն չէ՞ որ հայտնի է, որ Հայաստանից նույնպես բազմաթիվ հայեր Թուրքիա են մեկնում, հիմնականում, իհարկե, իրենց ընտանիքների ապրուստն ապահովելու նպատակով: Բայց եթե այդ երկրում թուրքազգի, այն էլ երկքաղաքացիությունից օգտվող անձանց ազատությունը երկարամյա դաշնակիցը չի խոստանում ապահովել, ի՞նչ կարելի է ասել նրա դիվանագիտական հարաբերություն չունեցող Հայաստանի քաղաքացիների մասին: Իսկ եթե Էրդողանը որոշի իր թշնամի Գյուլենին հայ համարելու լուրերը խաղաթուղթ դարձնել և այդ պատրվակով հայերին հետապնդել, ի՞նչ են անելու այնտեղ մեկնած հայերը…
 
Նույն ժամանակ ստամբուլահայ հեղինակ Բեսսե Քաբաքը «Ակօսի» էջերում հրապարակված հատուկ նամակով համայն հայությանը կոչ է արել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանի անօրենությունների դեմ պայքարում աջակից լինել Թուրքիայի հայերին:  Նաև հորդորել է անհաղորդ չմնալ ստամբուլահայ համայնքի պայքարին, որը հեղինակը համեմատում է կյանքի ու մահվան կռիվ տվող հիվանդի դիմադրության հետ: Թուրքիա մեկնող հայաստանցիներից քանի՞սն են այս գործին որևէ աջակցություն ցուցաբերում: Ամենայն հավանականությամբ՝ հատուկենտ անհատներ: Սակայն այնտեղ զանազան բարդ իրավիճակների մեջ հայտնվել ու բեռ դառնալ կարող են բոլորը: 
 
Առևտրականներից բացի, Թուրքիա են մեկնում նաև շատ հայ զբոսաշրջիկներ, որովհետև «էրգիրը» կանչում է: Ամեն դեպքում՝ չպետք է դադարեն զգուշանալ, որովհետև մեր երկրի կառավարությունը դժվար թե կարողանա իր քաղաքացիներին հնարավոր բարդ դրությունից հանել: