Կեղծ շահերը՝ չարիքի արմատ

ՄԱԿ-Ի ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ԽԼԱՆՈՒՄ ԵՆ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ է եղել Կոսովոյի և Սերբիայի հարաբերություններին: Նշվել է, թե «սադրիչ հռետորաբանության վերջին բռնկումը» խանգարում է այդ երկուսի միջև երկխոսությոան առաջընթացին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Կոսովոյի ժամանակավոր վարչակազմի գործերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Զահիր Թանինն այս մասին ասել է.
 
- Որոշ դեպքերում դիվանագիտական միջամտության շնորհիվ մեզ հաջողվել է կանխել լարվածության սրումը, սակայն Պրիշտինայի և Բելգրադի միջև վստահության մակարդակը շարունակում է նվազել մի շարք անպատասխանատու և սադրիչ հայտարարությունների պատճառով:
 
Նա նաև նշել է, որ կողմերը միմյանց մշտապես մեղադրում են սադրանքների համար, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ կողմերը կդադարեն էթնիկ-ազգային տարաձայնություններ հրահրել: 
 
Բայց ՄԱԿ-ի ու մնացած պատասխանատու կառույցների մտքով չի էլ անցնում թե որտե՞ղ են թաղված այդ էթնիկ-ազգային տարաձայնությունների արմատները: 
Արևմուտք ընդհանուր անունով հայտնի աշխարհաքաղաքական երևույթը վճռեց, որ Սերբիայի հողում բնակություն հաստատած իսլամադավան ալբանացիները պետք է  ինքնավարություն ստանան և ամեն գնով հասավ իր ուզածին: Ու որոշվեց, որ սերբերը պարտավոր են ամեն ինչով նրանց գոհացնել: Երբեմնի Հարավսլավիայի փլուզումը նրա մասը կազմող բազմաթիվ ազգերին տասնամյակների շիլաշփոթի ու պատերազմների մատնեց, որովհետև ազգերի իրական շահերի փոխարեն առաջին տեղում դրվեցին աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կեղծ շահերը: 
 
Այդ նույն կեղծ շահերը, սակայն, Արցախի ու Ադրբեջանի պարագայում միանգամայն հակառակ դրսևորում ունեն: Այնտեղ մի երկրի տարածքում անկախություն են տվել վերաբնակիչների, իսկ այստեղ չեն ճանաչում իրենց հնամենի հայրենիքում ապրողների անկախությունը: Արևմուտքը ձևացնում է, թե արդարությունը պահանջում է հայոց բնօրրան Արցախի փաստացի անկախությունը զոհաբերել զավթիչ քոչվորների համար արհեստականորեն ստեղծված մի պետության, որտեղ քարոզչության երկու գիծ է բացահայտ՝ ազգային ատելություն հայերի նկատմամբ և պահանջ մահմեդականներից՝ հայերին վերաբերվել որպես թշնամիների: 
Ահա այս դեպքում է, որ ՄԱԿ-ի ականջները լիովին խլանում են: Նա չի լսում ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական ատելության քարոզներըը, որոնք նաև բազմաթիվ գործողություններով են աչք մտնում: Իսկ եթե մի բան ասում էլ են, լինում է «երկու կողմերին կոչ անելու» մակարդակով: 
 
Աշխարհում ամեն չարիք իր արմատն ունի, որից հսկայական անտառներ են գոյանում: Ազգային ատելության արմատները մեծ խորություն չունեն, շատ հեշտ կարելի է բացահայտել: Միայն ցանկությունն է պակասում: Ու քանի դեռ ՄԱԿ-ն ու միջազգային կառույցներն իրենց ցանկությամբ են մեկին մեղադրում ու մյուսին արդարացնում, ո՛չ Սերբիայում է խաղաղություն հաստատվելու, ո՛չ Արցախին առնչվող տարածքներում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում: