Հայ միտքը պրպտում է

ՆՈՒՅՆ ԾԱՂԿԻՑ ՄԵՂՈՒՆ ՄԵՂՐ Է ՔԱՄՈՒՄ, ՕՁԸ՝ ԹՈՒՅՆ

Հայտնի է մի փաստ, որ ինչ-որ գիտնական Ֆրանսիայի Ֆրանցիսկ Առաջին թագավորին մի գաղտնի զենքի նախագիծ է ներկայացնում, իսկ նա զայրույթով դա մերժում է, որովհետև մտածում է, թե նման զենքը գործի դնելն անբարո է: Մեկ այլ փաստ էլ ասում է, թե ռենտգենյան ճառագայթները հայտնաբերող Ռենտգենը կտակել է մահից հետո ոչնչացնել իր գիտական հետազոտությունների արդյունքները: Հնարավոր չէ՞, որ այնտեղ դեպի զանգվածային ոչնչացման զենքը տանող հուշումներ են եղել, և նա իր փառքի փոխարեն մտածել է մարդկության ապագան ապահովելու մասին… Եթե բոլոր գիտնականներն ու քաղաքական գործիչներն այսպիսի բաները հաշվի առնեին, մենք հիմա այլ՝ ավելի խաղաղ աշխարհում կապրեինք:
 
Համաշխարհային երկրորդ պատերազմի բացասական հետևանքներից մեկը, անշուշտ, գերհզոր զինատեսակների ի հայտ գալն էր: Հենց այդ տարիներին հնարավոր դարձավ ստեղծել նաև ատոմային զենքը, որը  մարդու ձեռքին հայտնվելուց շատ չանցած՝ գործի դրվեց ճապոնական երկու քաղաքներում: Ատոմային իսկական հակամարտություն էր սկսվել հատկապես ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Ասում են՝ այս երկուսի ակունքներում էլ հայ գիտնականներ են եղել: Նրանցից մեկը՝ ամերիկաբնակ Ներսես Կիրկորյանը, այսօր հայկական լրատվամիջոցների  ուշադրությանն է արժանացել:
 
96-ամյա Ներսես Կրիկորյանն ապրում է Լոս Ալամոսում, որտեղ 1943թ. հիմնադրվել է «Մանհեթենյան նախագծի» ազգային փորձարանը: Իսկ «Մանհեթենյան նախագիծը» ԱՄՆ ատոմային ծրագրի ծածկագրված անվանումն է: Ցեղասպանությունից հետո Թուրքիայից փախչող հայկական ընտանիքում 1921թ. ծնված Ներսեսը հետագայում ԱՄՆ-ում քիմիկոս է դառնում, ապա աշխատանք գտնում ուրանի հարստացման փորձարանում: Իսկ այդ փորձարանը, ինչպես հետագայում է պարզվել, «Մանհեթենյան նախագծի» շրջանակներում է գործել: 
 
Այստեղ զարմանալի է մի բան՝ ուրանի թափոնների հետ գործ ունեցած մարդն ինչպե՞ս է անցել կյանքի 10-րդ տասնամյակի կեսը: Երևի կա՛մ դրանց հետ անմիջական առնչություն չի ունեցել, կա՛մ հայի երկարակեցությունն ավելի զորեղ է գտնվել: Միայն թե այսօր էլ հայազգի գիտնականը, ով գիտական մեծ հաջողությունների է հասել, վեց արտոնագիր ստացել, ուսումնասիրություններ հրապարակել իզոտոպների լազերային տրոհման, գերջերմաստիճանային ռեակտորների, միջուկային զենքի փորձարկումների և այլ թեմաներով, հավատում է, որ 1945թ. Հիրոսիմայի և Նագասակիի վրա ԱՄՆ ատոմային գրոհը նպաստել է պատերազմի ավարտին: Գիտնականը հայերեն խոսում է, «Լոս Ալամոս մոնիթոր» թերթում հրապարակված հոդվածում էլ նշել է, թե ծնողներն իրեն սովորեցրել են ազնիվ արաքներ գործել և սրտացավ լինել:  
 
Բազմաթիվ փաստեր են հայտնի, որ մեծագույն գյուտերի հեղինակները հայեր են, սակայն նրանցից շատերը կամ ոչ հայկական ազգանուն ունեն և որպես հայ չեն ճանաչվում, կամ նրանց անունները գաղտնի են պահվում տարբեր նպատակներով: Ակնհայտ է մի բան՝ գիտության ոլորտում հայի միտքն անխափան է գործում, սակայն դրա դրսևորումները հիմնականում մեր ազգային շահերի օգտին չեն լինում: Երևի կասկած էլ չկա, որ այսօր Ադրբեջանի կողմից մեզ վրա կրակող զինատեսակներից շատերը հայի ձեռքի ու մտքի արգասիք են:
 
Իհարկե, հայերի ստեղծագործ միտքն իր թշնամուն զինելու համար չէ, որ թռիչքներ է ապրել (ու գուցե այսօր էլ հայ միտքը պրպտում է օտար ինչ-որ պետությունում): Ասում են, չէ՞. նույն ծաղկից մեղուն մեղր է քամում, օձը՝ թույն: