Արջը յոթ երգ գիտի…
Կեղծ տեղեկատվությունն ու սուտ լուրերն այնպիսի սպառնալիք են դարձել, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ամեն տարի Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների համար համաժողով է կազմակերպում: Բնականաբար, ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը՝ համաժողովի կազմակերպիչը, հիանալի տեղյակ է, որ այդ տարածաշրջանում գտնվող երկրներից մեկը դրա մեծագույն վարպետն է, ու երևի սին հույսեր է փայփայում, թե կարող է նրան քաղաքավարի դասեր տալ:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ավարտված 14-րդ համաժողովը կրում էր ««Կեղծ լուրեր». ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն ու ազատությունը» խորագիրը: Համաժողովի երկրորդ օրը ելույթ ունենալու համար ամբիոնին է մոտեցել Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը: Լուրը փոխանցող novostink.ru կայքը նշում է, թե նա փորձել է իր ելույթը վերածել ադրբեջանական քարոզի հարթակի՝ ներկաներին պատմելով Ադրբեջանի պատմության «այլընտրանքային փաստերի մասին» և աշխարհի հայերին մեղադրելով, թե միջազգային հարթակներում իր երկրի պատկերն աղավաղում են: