Իվանիշվիլին «կործանարարների» համաշխարհային ցուցակում 8-րդ տեղում է. POLITICO

Ամերիկյան POLITICO հայտնի պարբերականը հրապարակում է Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը ներկայացնում է նաև այսպես կոչված «կործանարարներին»։ Այս տարվա ցուցակում ութերորդ տեղը զբաղեցնում է Վրաստանի ոչ ֆորմալ կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին։ Երրորդ տեղում Հունգարիայի վարչապետ
Վիկտոր Օրբանն է։
 
 
Բացի ամենաազդեցիկ մարդկանց անուններից, վարկանիշը ներառում է երեք կատեգորիա՝ գործիչներ, կործանարարներ և երազողներ: Ըստ POLITICO-ի, այս կատեգորիայում ներկայացված մարդիկ ներկայացնում են իշխանության տարբեր տեսակները:
 
Ի՞նչ է գրում POLITICO-ն Բիձինա Իվանիշվիլիի մասին
 
POLITICO-ն Իվանիշվիլիին օլիգարխ է անվանում և նշում, որ նրա նպատակն է թույլ չտալ Վրաստանի մերձեցումը Եվրամիության հետ և առավելապես մոտեցնել երկիրը Կրեմլին։ Պարբերականի տվյալներով՝ նա հեռացել է քաղաքականությունից՝ սև ծովի ափին գտնվող դենդրոլոգիական իր այգում հանգիստ կյանք վայելելու նպատակով։
 
«Սակայն լայնորեն հայտնի է, որ Վրաստանի ամենահարուստ մարդը (որի հարստությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը) շարունակում է կառավարել իր հիմնադրած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նրա նպատակն է՝ Թբիլիսին դուրս մղել ԵՄ սպասասրահից և մտցնել Կրեմլի ճիրանները»,- ասվում է Իվանիիշվիլիին նվիրված հրապարակման մեջ։
 
Վրացական գյուղում աղքատության մեջ ծնված Իվանիշվիլին տեղափոխվել է Մոսկվա, տնտեսագիտության դոկտորի կոչում ստացել և 1990-ականներին աստղաբաշխական հարստություն կուտակել բանկային, մետաղագործության, անշարժ գույքի, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում, գրում է POLITICO-ն։
 
Պարբերականը տեղեկացնում է իր ընթերցողին, որ Իվանիշվիլին որոշ ժամանակ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը՝ մինչև 2013 թվականը։ Պաշտոնը թողնելուց հետո շարունակել է ղեկավարել երկիրը և ընտրություններ անցկացնել։
 
«Անցյալ տարի Վրաստանը հրաժարվեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, չեղարկեց ուղիղ ավիաչվերթների արգելքը, որոնք ռուս քաղաքացիներին բերում էին հարավկովկասյան երկիր, և նույնիսկ փորձեց իմպիչմենտի ենթարկել իր նախագահին ԵՄ մայրաքաղաքներ նրա այցելությունների համար»,- գրում է հրատարակությունը։
 
Բացի այդ, ըստ POLITICO-ի, հենց Իվանիշվիլին է մեծապես պատասխանատու Ուկրաինայում ռուսական պատերազմի սկզբից ի վեր Վրաստանի պրոմոսկովյան շրջադարձի համար: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ թեև Վրաստանի տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է Կրեմլի ուժերի և նրա վստահված անձանց կողմից Հարավային Օսիայում և Աբխազիայում, «երկիրը դարձել է Ռուսաստան զուգահեռ արտահանման առանցքային կենտրոն՝ խախտելով պատժամիջոցները»։
 
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է պարբերականը, ըստ վերլուծաբանների, Թբիլիսին նահանջում է մարդու իրավունքներից, օրենքի գերակայությունից և ժողովրդավարությունից՝ հենց այն պահին, երբ Բրյուսելը քննարկում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումը։
 
Միաժամանակ, POLITICO-ն նշում է, որ վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը և ցանկանում է, որ իրենց երկիրը շրջվի դեպի Արևմուտք․
 
«Հարցն այն է, թե արդյոք Իվանիշվիլին դա թույլ կտա՞»։
 
Իրակլի Կոբախիձե. «Վճարե՛ք և ստացե՛ք կոնտենտ ցանկացած հոդվածում»
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է POLITICO-ի հրապարակած ազդեցիկ մարդկանց ցուցակը և ասել. «Դուք գումար եք վճարում և բովանդակություն ստանում ցանկացած հոդվածում»։
 
«Կպատասխանեմ մեկ բառով՝ ամոթ։ Մենք տեսնում ենք, որ նման պատվիրված հոդվածները գրվում են՝ Ամերիկայի դեպքում, FARA կայքի միջոցով [օտարերկրյա գործակալների գրանցման ամերիկյան կայք]։ Մենք գիտենք, որ նման հոդվածները գրվում են գումարի դիմաց։
 
Նման սխեմաները հեշտությամբ են աշխատում, այդ թվում՝ եվրոպական լրատվամիջոցներում՝ դուք գումար եք վճարում և ցանկացած բովանդակություն ներառում ցանկացած հոդվածում։ Այս բաները հեշտ է անել փողով: Ինքներդ էլ հասկանում եք, ուղղակի ամոթ է այս ամենը մեկնաբանել։
 
Եթե ինչ-որ մեկը փող է տալիս ինչ-որ թերթի և Բիձինա Իվանիշվիլիին օլիգարխ են անվանում, դա արժեք չունի։ Փաստերն արժեք ունեն»,- ասել է Կոբախիձեն։
 
JAMnews Թբիլիսի