«Ոչ մի տեղ չեմ գնալու, դադարեք երազել իմ հրաժարականի մասին»․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, և կգնամ, որտեղ պետք լինի, քանի որ դա իմ բարձրագույն սահմանադրական պարտքն է»։
- Եթե դուք փողոց դուրս չգայիք և ամբողջ Եվրոպային ցույց չտայիք, թե որքան կարևոր է ձեզ համար եվրոպական հեռանկարը, ապա միգուցե ես նման վստահություն չունենայի տարբեր առաջնորդների հետ հանդիպելիս։
Նրանք գիտեն, որ ես ձեր ընտրված ներկայացուցիչն եմ, և որ եվրոպական ապագան ձեր ընտրությունն է։ Այդ իսկ պատճառով նրանք մեզ աջակցում են և նման հարգանքով են վերաբերվում ինձ, բայց ոչ թե ես եմ դրան արժանի, այլ դուք եք դրան արժանի: Ես հպարտ եմ, որ ձեզ եմ ներկայացնում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում։
Ես ապավինում եմ ձեզ, իսկ դուք՝ ինձ: Մենք միասին ենք առաջ շարժվելու և ի վերջո անցնելու ենք այս ճանապարհը,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ Վրաստանի նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց է սկսում։ Այդ մասին ճեպազրույցում ասել էր կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ իմպիչմենտի գործընթացն ամեն դեպքում կմեկնարկի, թեև դրա իրագործման համար անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը խորհրդարանում։
Բացի այդ, ըստ Կոբախիձեի, «Վրացական երազանքը» կդիմի Սահմանադրական դատարան՝ նախագահի կողմից Սահմանադրության խախտման հարցով։
Օգոստոսի 30-ին Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է հանդիպումների շարք եվրոպացի առաջնորդների հետ՝ աջակցելու Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։
Շատ չանցած Վրաստանի կառավարությունն արձագանքել էր Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Գերմանիա կատարելիք այցին և պարզաբանել, որ նախագահին մերժել են այցելել Ուկրաինա, ինչպես նաև Գերմանիա։ Զուրաբիշվիլիին նաև մերժել էին հանդիպումներ ունենալ Շվեյցարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Դանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բուլղարիայում, Չեխիայում և Իսրայելում։
Սակայն Վրաստանի նախագահը, այնուամենայնիվ, սկսել էր իր եվրոպական շրջագայությունը։ Զուրաբիշվիլին մեկնել էր Գերմանիա և այնտեղ հանդիպել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, իսկ ավելի ուշ հանդիպում անցկացրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Տեղեկատվությունը՝ JAMnews-ի