Ադրբեջանական բանակի սպան դիմել է Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ JAMnews

Ադրբեջանական բանակի պահեստազորի սպա, Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Ազայ Քարիմովը հիվանդանոցում հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին, ով Ղարաբաղում ձերբայալվել է 1991 թվականի դեկտեմբերին Մեշալիի ողբերգությանը մասնակցելու մեղադրանքով։ Նա այդ հանդիպման մասին գրառում է կատարել սոցցանցում:
 
 
«Նա անմիջապես ճանաչեց ինձ»,- գրել է Քարիմովն իր ֆեյսբուքյան էջում։
 
«Չնայած նրա իսկական անունը Վագիֆ է, այն ժամանակ բոլորը նրան ճանաչում էին Վլադիկ մականունով։
 
Բանն այն է, որ 1991թ. մայիսի 15-ին Վագիֆին (Վլադիկին) ևս չորս զինյալների հետ բռնել ենք: Ես անձամբ եմ ծեծել նրան, հանդիպման ժամանակ նա հիշեց այդ դեպքը։
 
Դեռ Մեշալիի ողբերգությունից առաջ Վագիֆը ակտիվ մասնակից է եղել Խանքենդիի (Ստեփանակերտի) 30 հազար ադրբեջանցիների արտաքսմանը։ Նա եղել է Գարիկի ջոկատում, ով մինչ այդ Խանքենդիի քրեական հետախուզության բաժնի պետն էր։
 
Այն բանից հետո, երբ Վագիֆը ձերբակալվեց մեր կողմից, և նրան ուղարկեցին Շուշիի բանտ, գիշերը նա ատամներով կրծել էր ձախ ձեռքը, որպեսզի արյունահոսությունից մահանա։ Այդ սպին դեռ նրա ձեռքին է։
 
Երեք ամիս անց Բաքվից Շուշի ուղարկված դատախազներն ու քննիչները մեծ գումարի դիմաց Վագիֆին վաճառեցին հայերին։ Իսկ դեկտեմբերին նա մասնակցեց Մեշալիի ողբերգությանը։ Նա ակտիվորեն մասնակցել է նաև 1992 թվականի փետրվարին տեղի ունեցած Խոջալուի ջարդերին»,- գրել է պահեստազորի սպան։
 
Նա նաև նշել է, որ Վագիֆ Խաչատրյանը հայերենից բացի ազատ տիրապետում է ռուսերենին և ադրբեջաներենին։ Նրա խոսքով՝ Խաչատրյանը լուսանկարներում ազնվորեն մատնանշել է Մեշալիի երեք բնակիչներին, ովքեր համագործակցել են հայերի հետ։
 
Ազայ Քարիմովն իր գրառման վերջում դիմել է Խաչատրյանի հարազատներին.
 
«Դիմում եմ Վերային՝ Վագիֆի աղջկան, ով այդ տարիներին աշխատում էր որպես Լաչինի դպրոցի տնօրեն, և դիմում եմ նրա ամուսնուն՝ Խանքենդիում աշխատող ոստիկանին։
 
Վագիֆին այստեղ լավ են վերաբերվում, սնունդը պատշաճ է, բժիշկների մշտական հսկողության տակ է։ Ինքը՝ Վագիֆը, ինչ-որ բան ասել է, բայց դուք պետք է կոնկրետ ասեք՝ մատնանշեք Խոջալուի 150 բնակիչների, Մալիբեյլի-Գուշչուլարի 21 բնակիչների, Շուշայի մոտ 147 անհետ կորած անձանց զանգվածային հուղարկավորության վայրերը։ Եթե այս տեղեկությունը տաք ադրբեջանական կողմին, կթեթևացնեք Վագիֆի պատիժը։ Հիմա, Վերա, խոսելու Ձեր հերթն է, սպասում ենք տեղեկատվության»,- գրել է նա։
 
Խաչատրյանի կրտսեր դուստրը՝ Վերան, իր հերթին, հերքել էր հորն ուղղված բոլոր մեղադրանքները։
 
«Ես հերքում եմ տարածված բոլոր լուրերը։ Հայրս Սամվել Բաբայանի վարորդը չի եղել, հայրս չէր կարող նման գործողություններ անել նույնիսկ ադրբեջանցիների նկատմամբ։ Դուք պետք է օգնեք, որ հորս առողջ ու անվնաս վերադարձնեմ հայրենիք։ Նրա փոխարեն կարող էր լինել ձեզանից յուրաքանչյուրի հայրը։ Ոչ ոք ապահովագրված չէ»,- ընդգծել էր նա։
 
Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի անցակետից Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից ձերբակալվել է հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փորձում էր բուժման նպատակով մեկնել Հայաստանի Հանրապետություն:
 
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանցի իրավապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի կալանավորումը «առևանգում» էր որակել և կոչ էր արել միջազգային հանրությանը նրա վերադարձի համար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
 
Նա մեղադրվում է Մեշալիի ողբերգությանը մասնակցելու մեջ։
 
Մեշալիի ողբերգությունը տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 23-ին։ Ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ օրը հայ զինյալները հարձակվել են Ադրբեջանի նախկին Ասկերանի, այժմ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի վրա։ Ադրբեջանցի կամավորները փորձել են պաշտպանել գյուղը։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 14 մարդ։ Զոհվածների թվում են եղել ութ կին և երեք երեխա։ Թալանվել, ավերվել ու այրվել են տներ և վարչական շենքեր։ Գյուղին հասցված վնասը կազմել է մոտ 5,5 մլն մանաթ [մոտ 3,2 մլն դոլար]։
 
Այս փաստերի հիման վրա 1992 թվականի հունվարի 11-ին Շուշիում քրեական գործ է հարուցվել։