Համընդհանուր տաքացման վտանգները

ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Արդեն քանի տարի է՝ գիտնականներն ու քաղաքական գործիչները մարդկությանն ահաբեկում են համընդհանուր տաքացման ակնկալվող աղետներից: Այժմ էլ դրանց ավելացել է մի նոր վտանգի կանխագուշակում: Ֆրանսիացի գիտնականները ենթադրում են, որ սառույցների մեջ հազարամյակներ առաջ պահածոյացված ու կենսունակությունը չկորցրած մանրէները կարթնանան և անհայտ հիվանդությունների համաճարակներ կտարածեն: 
 
Էքս-Մարսելի համալսարանի կենսաբաններից Ժան Միշել Կլավիեն արդեն երեք տարի հետազոտում է հավերժական սառածության  գոտու մանրէները: «Ինդեփենդենթը» հաղորդել է, որ նրան հաջողվել է հայտնաբերել մի քանի ախտածին վիրուսներ, որոնք կարող են մարդկության համար  սպառնալիք դառնալ: Կենսաբանը նշել է, որ այժմ սառած բնահողով տարածքներն անբնակ են, սակայն բակտերիաների և այլ մանրէների արթնացմանը կարող են նպաստել նաև հորատման և լեռնային աշխատանքները: Հնարավոր է՝ մարդկության համար սպառնալիք դառնան այն վիրուսները, որոնք համաճարակներով սպառնացել են նեանդերթալցիներին: 
 
Գուցե չի բացառվում, որ նեանդերթալցիները հենց այդպիսի համաճարակներից էլ ոչնչացել են, իսկ ահա մարդու իմունային համակարգը, հաստա՛տ, դրանց դիմակայելու ուժ չի ունենա: Այժմ առողջապահության համակարգերը չեն կարողանում կանխել նույնիսկ հազարամյակներով մարդկանց ուղեկցող համաճարակները, ուր մնաց՝ բժշկությանն անհայտ նոր հիվանդությունները բուժեն: Եթե հիշենք, թե ուշ միջնադարում ինչպես էին գաղութարարները նոր երկրներ նվաճում և ծաղկով, կարմրուկով, ժանտախտով վարակելով՝ բնաջնջման եզրին հասցնում այդ հիվանդություններին անսովոր բնակչությանը՝ դժվար չի լինի պատկերացնել, թե ինչ աղետ կարող են դառնալ սառած բնահողերում ննջող ախտածին մանրէներն ամբողջ աշխարհի համար: Ի դեպ, ֆանտաստ գրողները վաղուց են կռահել մարդուն անծանոթ մանրէների մեծագույն վտանգը, պարզապես նրանց ստեղծագործություններում դրանցով հերոսները վարակվում են տիեզերքում: 
 
Սակայն գիտությունը վաղուց է տիրապետում այսպես կոչված բակտերոլոգիական զենքին. մոլորակի բազմաթիվ փորձարաններում գիտական նորագույն եղանակներով այնքան հիվանդաբեր մանրէներ են կյանք առնում ու սպասում իրենց ժամին: Ամեն տարի տարածվող գրիպի տարբեր տեսակների վերաբերյալ երբեմն տեսակետներ են հնչում, թե այդպիսի փորձարաններից դուրս եկած բակտերիաների գրոհն է մարդկանց պատուհասում, որովհետև բժշկական ու դեղագործական որոշ ընկերություններ դրանց հաշվին անհաշիվ կապիտալ են դիզում: Իսկ սա չէ՞ որ պակաս ահավոր աղետ չէ, քան քնած մանրէների արթնանալը: