Սարկոզին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի մասին

ՍԱՐԿՈԶԻԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ԹԲԻԼԻՍԻԻՑ 25 ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Վերջերս Le Figaro Magazine-ին տված սենսացիոն հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ արեց փոխզիջման գնալ և շարունակել բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ և զգուշացրեց Եվրոպային՝ Ուկրաինան չմտցնել ԵՄ և ՆԱՏՕ:
 
Ինչո՞ւ հենց հիմա արվեցին Սարկոզիի այս հայտարարությունները, և Մոսկվայի վերաբերյալ իր դիրքորոշումներում ինչով է Ֆրանսիայի նախկին նախագահը հիշեցնում այլ ռուսամետ եվրոպացի առաջնորդների։
 
2012 թվականի ընտրություններում կրած պարտությունից հետո Ռուսաստանում Ֆրանսիայի ամենահայտնի նախագահներից մեկը՝ Նիկոլա Սարկոզին, արդեն հրատարակել է իր հուշերի և մտորումների հինգ հատոր, իսկ վեցերորդը նոր է հրատարակվել Le temps des combats կամ «Մարտերի ժամանակը» վերնագրով։
 
Նոր գրքի առիթով Սարկոզին հարցազրույց է տվել Le Figaro Magazine-ին, խոսել է ոչ այնքան իր նախագահության ժամանակաշրջանի, որքան այսօրվա իրադարձությունների մասին։
 
2008 թ․-ին ՌԴ՝ Վրաստան ներխուժելու մասին
 
Հարցազրույցում Սարկոզին որպես իր գործադրած ջանքերի արդյունք է ներկայացնում այն փաստը, որ 2008 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև հնգօրյա պատերազմի ժամանակ նա բառացիորեն անձամբ է «կանգնեցրել ռուսական տանկերը Թբիլիսիից 25 կիլոմետր հեռավորության վրա»։
 
Սարկոզին և օգոստոսյան պատերազմը
 
Հարցազրույցում Սարկոզին ասում է, որ երբ 2008 թվականին դարձավ ԵՄ Խորհրդի նախագահ, «խորը տարաձայնություններ ուներ Վլադիմիր Պուտինի հետ». «Նա ներխուժեց Վրաստան, ես համոզեցի նրան հանել տանկերը, որոնք գտնվում էին Թբիլիսիից 25 կիլոմետր հեռավորության վրա»:
 
Այս ձեռքբերումը, ըստ Սարկոզիի, հնարավոր է դարձել այն պատճառով, որ «ես ու Անգելա Մերկելը լավ գիտեինք Պուտինի կարմիր գծերը»։ Նրա խոսքով՝ դրանց իմացությունը հետագայում ստիպեց Ֆրանսիային և Գերմանիային մերժել Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից ուժեղ ճնշմանը:
 
- Մենք չէինք ուզում, որ Պուտինը ընկղմվի հակաարևմտյան պարանոյայի մեջ, որը վաղուց գայթակղություն էր Ռուսաստանի ղեկավարության համար: «Կրեմլի պաշարման» համալիր ծրագիրը հին պատմություն է։ Պուտինը ճիշտ չէր։ Նրա արածը լուրջ էր և հանգեցրեց ձախողման: Բայց դա ասելուց հետո պետք է առաջ շարժվել և ելք գտնել: Ռուսաստանը Եվրոպայի հարևանն է և շարունակելու է լինել,- սա Սարկոզիի խոսքերի համառոտ վերապատմումն է։
 
Ուկրաինային աջակցելու
և երկրի՝ ՆԱՏՕ ու ԵՄ մտնելու հեռանկարների մասին
 
ԶԼՄ-ներում լայն տարածում են գտել այս հարցազրույցից հատվածներ, որոնցում Սարկոզին, ի տարբերություն արևմտյան երկրներում ընդունված հիմնական խոսույթի, այլ կերպ է մեկնաբանում Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
 
Չնայած այն հանգամանքին, որ նախկին նախագահը ճանաչում է Ղրիմի անօրինական բռնակցումը 2014 թվականին, հարցազրույցում նա միևնույն ժամանակ նպատակահարմար է գտել հիշեցնել, որ «այդ տարածքը մինչև 1954 թվականը ռուսական է եղել», Կիևի՝ այն վերադարձնելու շանսերը պատրանքային են, իսկ «վիճելի տարածքների» ճակատագիրը պետք է որոշվի միջազգային վերահսկողության ներքո տեղի ունենալիք հանրաքվեներով։
 
Սարկոզին նաև զգուշացրել է Եվրոպային՝ Ուկրաինային չընդունել ԵՄ և ՆԱՏՕ` համարելով, որ այն պետք է մնա «կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև»:
 
- Ի՞նչ է նշանակում «մինչև վերջ» աջակցել Ուկրաինային։ Խոսքը Դոնբասի վերադարձի՞ մասին է։ Նաև Ղրիմը վերադարձնելո՞ւ։ Թե՞ հասնելու մինչև Մոսկվա։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր։ Բայց երբ խոսքը վերաբերում է տարածքին, որը ռուսական է եղել մինչև 1954 թվականը, և որտեղ բնակչության մեծամասնությունը միշտ իրեն ռուս է զգացել, ես կարծում եմ, որ վերադարձը անցյալին պատրանքային է:
 
Թեև կարծում եմ, որ իրերի ներկայիս դրությունը հաստատելու համար անհրաժեշտ է չվիճարկվող հանրաքվե, որը կկազմակերպվի միջազգային հանրության խիստ վերահսկողության ներքո։
 
Բանակցություններ Պուտինի հետ
 
Հղում անելով Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած հարաբերությունների փորձի վրա՝ Սարկոզին կարծիք է հայտնել, որ Կրեմլի հետ բանակցությունները պետք է շարունակվեն։
 
- Նրանք ինձ ասում են, որ նա այլևս այն մարդը չէ, ում ես ճանաչում էի, բայց ես դրանում համոզված չեմ,- մեկնաբանել է Սարկոզին՝ միաժամանակ նախատելով Մակրոնին՝ Պուտինի հետ երկխոսության փորձերից հրաժարվելու համար։
 
Հարցազրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ Սարկոզին խուսափում է հիշատակել, թե կոնկրետ ով է սկսել պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև աշխարհի վերաբերյալ իր պատկերացումներում անտեսում է Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ռուսական բանակի ռազմական հանցագործությունների փաստերը։
 
Ֆրանսիայի նախկին նախագահի քննադատությանն է արժանացել ոչ միայն Մակրոնը, այլև ողջ ԵՄ-ն։ Սարկոզին կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից ելքի որոնման մեջ «եվրոպական շահերը չեն համընկնում ամերիկյան շահերի հետ»։
 
«Ռուսական ազդեցության գործակալ».
ինչպե՞ս են հարցազրույցին արձագանքել Ֆրանսիայում
 
Սարկոզիի ելույթի արձագանքը Ֆրանսիայում քննադատական էր։ Ամենասուրն արտահայտվել է «Եվրոպա. Էկոլոգիա. Կանաչներ» կուսակցության պատգամավոր Ժուլիեն Բայուն՝ «ցնցող» անվանելով նախկին նախագահի խոսքերը, որոնք նա «չպետք է ասեր»։
 
Ըստ Բայուի՝ Սարկոզիին այսուհետ պետք է դիտարկել որպես «ռուսական ազդեցության գործակալ», այդ թվում՝ «РЕСО-Гарантия» ռուսական ապահովագրական ընկերության հետ նախկին նախագահի կասկածելի կապերի պատճառով։
 
Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը 2021 թվականին սկսել է գործի հետաքննություն՝ կասկածելով, որ Սարկոզին երեք միլիոն եվրո արժողությամբ ենթադրյալ խորհրդատվական պայմանագրի քողի ներքո զբաղվել է, այսպես կոչված, «ազդեցության առևտրով» և Ֆրանսիայում լոբբինգ է իրականացրել ռուս օլիգարխների շահերի օգտին։
 
Ֆրանսիական լրատվամիջոցների մի մասը կասկածելի է համարում նաև Սարկոզիի քաղաքական կարիերայի մյուս դրվագները, որոնք առնչվում են նրա նախագահության ժամանակաշրջանի հետ։
 
Սարկոզին ակնկալում է Կրեմլի աջակցությո՞ւնը
 
Հիշեցնենք, որ Սարկոզիի դեմ միանգամից մի քանի գործ կա հարուցված։ Դրանցից մեկը այսպես կոչված Բիսմութի գործն է։ Սարկոզիին մեղադրում էին դատավորի վրա ազդեցություն գործելու փորձի մեջ, և այն արդեն մեղադրական դատավճռի է հասել ոչ միայն առաջին, այլև վերաքննիչ ատյանում։
 
Ֆրանսիական իրավապահ պրակտիկայի համաձայն՝ Սարկոզիին տրված մեկ տարվա բանտարկությունը և երկու տարվա պայմանական ազատազրկումը փոխակերպվել են ավելի մեղմ ռեժիմի՝ թույլ տալով ապրել տանը, բայց կրել էլեկտրոնային թևնոց և հետևել այլ սահմանափակումների։
 
Նախկին նախագահի դեմ ևս երկու գործ հերթացուցակում է։ Նախ՝ 2012 թվականի քարոզարշավի ֆինանսավորման կեղծ հաշիվների պատմությունը և երկրորդ՝ այսպես կոչված «լիբիական փողերը», որոնք Սարկոզիին, իբր, փոխանցել է բռնապետ Մուամար Քադաֆին՝ որպես իրենց հատուկ փոխհարաբերությունների նշան:
 
Իրավապահ մարմինների՝ բողոքների այդքան երկար ցուցակ ունենալը Սարկոզիին դնում է իր նախկին գործընկերների՝ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողքին։
 
Երեքին էլ հաճախ են մեղադրում Ռուսաստանի հետ «հատուկ հարաբերություններ» ունենալու մեջ։
 
Սարկոզին հիվանդագին է ընդունել վերջին մեղադրական դատավճիռն ու էլեկտրոնային թևնոցի հարկադիր կրումը։ Չի կարելի բացառել, որ հաջորդ՝ ավելի լուրջ դատավարությունների արդյունքը կարող է լինել ազատազրկումը։
 
Այս ֆոնին Սարկոզիի ռուսամետ հռետորաբանությունը իր վերջին հարցազրույցում էլ ավելի ռիսկային է թվում: Ֆրանսիայի նախկին նախագահը խաղում է կրակի հետ՝ նյարդայնացնելով ֆրանսիական մամուլի մեծ մասին, քաղաքական կառույցներին և ֆրանսիացի ընտրողներին:
 
Այնուամենայնիվ, հավանական է, որ քաղաքականության մեջ արկածախնդրության անսպառ հակումն է, որ Սարկոզիին դրդել է այժմ Արևմոտքում ոչ այնքան տարածված դիրքորոշում որդեգրել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, այդ կերպ աջակցություն փնտրել Կրեմլում:
 
Հնարավոր է, որ ամենածայրահեղ դեպքում Սարկոզին իսկապես հույս ունի Մոսկվայից
ինչ-որ օգնություն ստանալ, եթե ոչ գումար, ապա գոնե ժամանակավոր ապաստան։
 
Հրապարակման սկզբնաղբյուրը՝ «Նովայա գազետա-Եվրոպա» կայք