Գրքերը ևս՝ Թուրքիո թշամիներ

ԳՐՔԵՐ ԱՅՐԵԼՈՎ՝ ՈՃԻՐԴ ՉԵՍ ՋՆՋԻ

Նոր սահմանադրությամբ դեպի բռնատիրություն սլացող Թուրքիան արդեն ժողովրդավարական խաղեր տալու անհրաժեշտություն չի տեսնում, և ահա ոստիկաններ է ուղարկել՝  առգրավելու «Պետությունից զուրկ քրդերը» և «Մահից էլ ծանր վճիռներ» գրքերը: Սակայն Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ առիթից օգտվել և այլ գրքեր էլ   են տարել:   
 
Գրական երկերի միջոցով ամենաշատ գումար վաստակող թուրք գրողների ցուցակը գլխավորում է 42-ամյա լոնդոնաբնակ թրքուհի Էլիֆ Շաֆաքը: «Forbes» հանդեսը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն 2016թ. նա 1,8 մլն թուրքական լիրա է վաստակել: Ի դեպ,  ըստ այդ տվյալների՝ նույն ցուցակի երկրոդ հորիզոնականը Օրհան Փամուքն է զբաղեցնում: 
 
Էլիֆ Շաֆաքը այն գրողն է, ով 2006թ. կանգնել է թուրքական դատարանի առջև: Այն ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել 301 հոդվածի համաձայն, որն ինչպես հայտնի է՝ պատիժ է սահմանում թուրքական ինքնությունը վիրավորելու համար: Մեղադրանքի պատճառը եղել է գրողի «Ստամբուլի բիճը» հայտնի վեպում հերոսներից մեկի պնդումը, որ Առաջին համաշխարհայինի տարիներին հայերի նկատմամբ Թուրքիայում ցեղասպանություն է իրագործվել: Ապացույցների բացակայության շնորհիվ գրողի նկատմամբ պատիժ չի սահմանվել, սակայն, ազգայնականների հետապնդումից խուսափելու նպատակով, նա բնակություն է հաստատել Լոնդոնում: Ճիշտ է՝ Մեծ Բրիտանիան նույնպես հրաժարվում է անժխտելի փաստն ընդունել, բայց գոնե Թուրքիայից տարբերվում է նրանով, որ այդ մասին խոսողներին չի հետապանդում:     
 
Ու մինչ Հայոց ցեղասպանության հարցը վեր հանած թուրք գրողներն ընթերցողների մեծ բանակ են ձևավորում՝ ապրելով Թուրքիայից դուրս, բուն Թուրքիայում ոստիկանությունը պատերազմ է հայտարարում իրեն անցանկալի թեմայով գրքերի հրատարակության դեմ:  Հայտնի է դարձել, որ երկու օր առաջ՝ մայիսի 7-ին, ոստիկանները հարձակվել են «Բելգե» հրատարակչատան վրա և հազարավոր գրքեր առգրավել: Հրատարակչությունը պատկանում է Ռագըզ Զարաքոլուին և նրա կնոջը, իսկ Զարաքոլուն այն գործիչն է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Զարաքոլուն արդեն չորս տասնամյակ ընդդիմադիր գրականություն է հրտարակում, նրա հրատարակչությունում տասնյակ գրքեր են լույս տեսել նաև Հայոց ցեղապանության մասին: 
Ընթերցողը Թուրքիայում արգելված թեմայով գրքեր ձեռք բերելու համար դրամ չի խնայում, իսկ այդ երկրի իշխանությունը գերադասում է գրքերը ոչնչացնել: Սակայն մեր ժամանակներում դժվար չէ դրանց բովանդակությունը հասանելի դարձնել համացանցի միջոցով: Այնպես որ՝ ինչքան էլ ցանկանան, մախաթը պարկում թաքցնելու հնարավորություն այնքան էլ չունեն: