Ադրբեջանական խարդավանքի հերթական չափաբաժինը

Ադրբեջանում անօրինակ դավաճանություն է բացահայտվել: Զինծառայողների և քաղաքացիական անձանց մի խումբ կալանավորվել է: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հայկական կողմի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով: Մեղադրանքի հավաստիությունն ավելի ակնառու դարձնելու համար համատեղ հայտարարություն են տարածել գլխավոր դատախազությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, պետանվտանգության ծառայությունը: Ստեղծված քննչական խումբը նախապատրաստված նյութերի հիման վրա նպատակ ունի պարզելու, թե «դավաճանները» հայկական հատուկ ծառայությունների հետ ինչպես են համագործակցել:
 
Ահա այսպես հայկական սպառնալիքի ուրվականը մեր ոչբարով հարևաններին հանգիստ չի տալիս: Դժվար չէ կռահել, որ Ադրբեջանում իշխող կլանից դժգոհության ալիք է հասունանում, այնտեղ գուցե «մայր» Թուրքիայի օրինակով փորձել են զինվորական հեղաշրջում կազմակերպել կամ իրենց դժգոհությունն այլ կերպ արտահայտել: Հիշենք՝ մի քանի օր առաջ հայկական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե ադրբեջանցիների դիրքերում իրար վրա կրակում են: 
 
Թե իրականում ինչ է կատարվում Ադրբեջանում՝ լրատվական վակուումի պատճառով դժվար է ճշգրիտ տեղեկություններ քաղել, սակայն, երևի իրենք էլ չգիտակցելով, մայիսյան եռատոնի այս օրերին ադրբեջանական իշխանություններն ընդգծում են հայկական կողմի ուժը: Սուտ մեղադրանքը նրանց գործելաոճն է, և ամենայն հայկականի դեմ  վայնասունն ու հոխորտանքը միայն մեկ բան է ապացուցում՝ թե որքան են վախենում հայի ուժից: 
 
Մանավանդ՝ այս օրերին բազմաթիվ փաստեր ու ցուցակներ են հրապարակվում Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայերի մասնակցության, մարշալների, գեներալների, հերոսի կոչում ստացածների տպավորիչ թվերի վերաբերյալ: Վերջերս ադրբեջանական ինչ-որ մեկնաբանությունից մի զավեշտական մեջբերում էր հրապարակվել, ըստ որի հայերը պարզապես կարողացել են ճարպկորեն տիրանալ սպայական բարձր աստիճանների և իրենց ազգակիցներին հերոսի կոչման ներկայացնել:
 
Բայց մենք հո գիտենք, որ ամեն ինչ հակառակն է եղել՝ ստալինյան հակահայկական քաղաքականության հետևանքով հայերին հնարավորինս քիչ էին երևացող դիրքերում նշանակում: Իսկ ապաների ու հերոսների առատությունն ուղղակի մեկ բան է վկայում՝ նրանց արժանիքներն այնքան ակնառու են եղել, որ հնարավոր չի եղել աչք փակել: Ադրբեջանցու համար ակնհայտ է՝ նրանց զավակներն են  այսօր մարտագծի հակառակ կողմում կանգնած: Էլ ի՞նչ է մնում իրենց, եթե ոչ գործի դնել իրենց հասանելի միակ մարտավարությունը՝ խարդավանքը և փորձել հայկական կողմին ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ: