Ո՞ւմ ձեռքին է Եվրոպայի ապագան

Այս ընտրությունից մի ուշագրավ եզրակացություն է ծնվում: Արդյո՞ք եվրոպական հինավուրց երկրի ճակատագիրն այսօր վճռողները նրա բնիկ քաղաքացիներն են: Չէ՞ որ վերջին տասնամյակներին այնտեղ բազմաթիվ ներգաղթյալներ են բնակություն հաստատել, և նրանց մի մասն ընտրելու իրավունք է ձեռք բերել: Տեղեկատուներն առայժմ ճշգրիտ թվեր չեն նշում, թե քանի մահմեդական է ընտրություններին մասնակցել, սակայն քանիսն էլ մասնակցած լինի, քիչ հավանական է, որ ազգայնական Լը Պենի օգտին քվեարկած լինի: Դե ինչ, տասնամյակներ առաջ եվրոպական երկրներն էին որոշում, թե իրենց գաղութացրած տարածաշրջաններում ինչ կարգեր պետք է տիրեն, այսօր իրենց երկրներում հայտնված այլազգիներն ու այլադավաններն են որոշում, թե ինչպիսին են ուզում տեսնել Եվրոպան: Բնականաբար ուզում են տեսնել այնպիսին, ինչպիսին իրենց է ձեռնտու: 
 
Արդյո՞ք հենց  Էմանուել Մակրոնին նկատի ուներ Մարին Լե Պենը, որ ընտրություններից օրեր առաջ հայտարարում էր, թե կա՛մ ինքն է ղեկավարելու Ֆրանսիան, կա՛մ Գերմանիայի կանցլերը: Այսօր արդեն որպես երկրի նորընտիր նախագահ շնորհավորանքներ է ստանում նա, ում վարկանիշը կարծես այնքան էլ բարձր չէ ֆրանսիացիների շրջանում: Երևի ընտրությունների արդյունքներից դժգոհելը բնորոշ է դառնում ամենուր...
 
Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն իր մրցակից Մարին Լը Պենից առաջ է անցել: Առաջին  փուլում Մակրոնը  ձայների 24,01%-ն էր հավաքել, իսկ Լը Պենը՝ 21,3%-ը։ Իսկ ահա երեկ կայացած վերջնական փուլում նրանց ձայների տարբերությունը գերազանցում է առաջին փուլում նրանցից յուրաքանչյուրի ստացած ձայների թիվը, որովհետև Մակրոնը շահել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 65-66%-ի վստահությունը: Իսկ սա նշանակում է, որ Ֆրանսիան «ոչ» է ասում ազգայնական Լը Պենի ծրագրին, ով խոստանում էր այդ երկիրը դուրս բերել Եվրամիությունից, ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավել, մահմեդականների առջև երկրի դռները փակել, մզկիթների գործունեությունը արգելել, ապօրինի միգրանտներին վտարել: Ու նաև «ոչ» է ասել կին նախագահ ունենալու հեռանկարին: 
 
Իհարկե, Մակրոն-Լը Պեն քաղաքական մրցակցությունն, ամենայն հավանականությամբ,  դեռ  շարունակվելու է: Չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններում նորաթուխ նախագահին չհամակրող բոլոր ուժերը համախմբվեն Լը Պենի շուրջ: Այդժամ երկրում հակակշիռների թեժ պայքար կծավալվի: Եթե միայն այդ պայքարը քաղաքացին պատերազմի չհանգեցնի...           
 
Ի ԴԵՊ. Ժողովրդավարության օջախ համարվող Ֆրանսիայում ընտրությունների օրը անվտանգության պայմանները հատուկ ուշադրության կենտրոնում են եղել, այդ երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ քվեարկության ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար ավելի քան 50 000 ոստիկան է ներգրավվել: Փարիզում 12 000 ոստիկան է կարգ պահպանել, 896 ընտրատեղամասերից 500-ում էլ հարկ է եղել հսկողությունն ուժեղացնել: