Ասում էինք, չէ՞

ՄԱՀՀԻ. Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) երեկ տարածած հաղորդագրությամբ ահազանգ է հնչեցնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ու նրա մանդատի շուրջ ծավալվող զարգացումների առնչությամբ և ԵԱՀԿ նախագահող Ավստրիայի իշխանություններին ու ԱԳՆ-ին կոչ անում վճռական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ որոշումը (որին կողմ են անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ մեկի) Ադրբեջանի պատանդառությունից հանելու և խնդրին շուտափույթ լուծում տալու ուղղությամբ: 
 
- Կոչ ենք անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը և իշխանություններին ավելի մեծ եռանդ գործադրել բոլոր հարթություններում ու դիվանագիտության բոլոր ձևերով՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայուն ու խաղաղ զարգացման համար դրա վտանգավորությունը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին հասցնելու ուղղությամբ:
 
Տարածաշրջանային անվտանգությունն Ադրբեջանը վտանգում է արդեն քառորդ դար, սակայն միջազգային ամենատարբեր կառույցներն իրենց ներկայացուցիչների ձեռքով ու բերանով հավասարության նշան են դնում Բաքվի հայասպան հարձակողականության և նրանցից իր երկրի սահմանները պաշտպանող Հայաստանի միջև: Հենց այս հովանավորչությունն է, որ այսչափ լկտի ու սանձարձակ է դարձրել Ադրբեջանին:
 
Վերջապես ՄԱՀՀԻ-ի համբերության բաժակն էլ լցվեց՝ երբ ազերիական ամբարտավանության նետերը նաև իրեն խոցեցին: ՈՒ վերջապես բաց տեքստով հնչեց ճշմարտությունը:
 
- Մենք խորապես գիտակցում ենք, թե ինչ հետևանքներ ունեցավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումն ինչպես այդ երկրում ժողովրդավարության, այնպես էլ նրա կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառության առումներով: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, ընդհանուր առմամբ, ի ցույց դրեց Ադրբեջանի կողմից վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, ուժի կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու պարտավորություններից հրաժարումը. պարտավորություն, որն այդ երկիրը ստանձնել է բոլոր միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ԵԽ-ին անդամակցելու ժամանակ:
 
Բնականաբար՝ հիմնավոր է կառույցի մտահոգությունը.
 
- Այժմ էլ առավել քան մտահոգիչ ենք համարում Ադրբեջանի կողմից երևանյան գրասենյակի մանդատի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ դրա փակումը կարող է էլ ավելի անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ ողջ Եվրոպայի անվտանգության համար: Իր այս քայլով Ադրբեջանը ոչ միայն փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը՝ հակամարտությունն իրեն ցանկալի տարբերակով լուծելու համար, այլ նաև թուլացնում է հետհակամարտությունային հասարակությունների ժողովրդավարացման և հակամարտության փոխակերպման, կառավարման ու կարգավորման գործում միջազգային կառույցների ազդեցությունը տարածաշրջանում, վերացնում համապատասխան ծրագրերով ստեղծվող գործիքակազմերը: 
 
Մնում է, որ ԵԱՀԿ անդամ պետությունները գոնե այս անգամ ականջ ու աչք չփակեն և, ինչպես նշված է ՄԱՀՀԻ-ի հաղորդագրության մեջ՝ «հավուր պատշաճի գնահատեն իրավիճակն ու ջանքեր գործադրեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացման խնդրին լուծում տալու ուղղությամբ»:
 
Իսկապես՝
 
- Թերևս Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը, հատկապես, երբ ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը կողմ են երևանյան գրասենյակի գործունեության շարունակվելուն: