Ձերբակալության հրաման․ Պուտինին կկալանավորե՞ն

ՊՈՒՏԻՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ. ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Պուտինը դարձավ չորրորդ ղեկավարը, ում ձերբակալելու հրաման է տվել Հաագայի միջազգային դատարանը
 
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիր
 
Ձերբակալելու հրամանը տրվել է 2008 թվականին ցեղասպանության մեղադրանքով՝ կապված Դարֆուրի հակամարտության հետ։ Բայց այդ մեղադրանքը չխանգարեց, որ նա իշխանությունը պահպանի հաջորդող 11 տարիներին։ 2019 թվականին ալ-Բաշիրը ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվեց և ձերբակալվեց, սակայն մինչ այժմ նա չի արտահանձնվել Հաագա։
 
Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆի
 
Ձերբակալության հրամանը տրվել է 2011 թ.-ին բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու օպերացիայի ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Սակայն Քադաֆին մինչև դատավարությունը ողջ չմնաց, նրան սպանեցին ապստամբները։
 
Կոտ Դ՛իվուարի նախագահ Լորան Գբագբո
 
2011 թվականին նա պարտվեց ընտրություններում, թաքնվեց բունկերում, սակայն գրոհից հետո ձերբակալվեց և տեղափոխվեց Հաագա։ Գբագբոն մեղադրվում էր իշխանությունը պահպանելու նպատակով մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ 2019 թվականին նա արդարացվեց։
 
Հաագայի միջազգային դատարանը մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու որոշում է կայացրել։ Երկուսն էլ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման և տեղահանման մեջ կասկածյալի կարգավիճակ ունեն։
 
- Սա նշանակում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Պուտինը պետք է ձերբակալվի և դատվի։ Եվ համաշխարհային առաջնորդները երեք անգամ կմտածեն նրա ձեռքը սեղմելուց կամ նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ,- ասում է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։
 
Այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում Միջազգային քրեական դատարանը և ինչո՞ւ է Պուտինին ձերբակալելու որոշում ընդունել:
 
Միջազգային քրեական դատարան
 
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) լիովին անկախ կառույց է, որը տեղակայված է Հաագայում՝ Նիդերլանդներում: Այն ստեղծվել է Հռոմի ստատուտ կոչվող պայմանագրի հիման վրա, որն առաջին անգամ ներկայացվել է ՄԱԿ-ին։
 
Մոլորակի երկրների մեծ մասը՝ 123-ը, այդ պայմանագրի անդամ են։
 
Վրաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է դեռևս 2003 թվականին։
 
Հայաստանն ու Ադրբեջանը այն բացառությունների շարքում են, որոնք չեն վավերացրել Հռոմի ստատուտը։ Այդ ցանկում են նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Չինաստանը։ Ճիշտ է՝ Ուկրաինան նախկինում ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը:
 
ՄՔԴ-ն կոչված է լինել «վերջին ատյանի» դատարան: Բայց այն չպետք է փոխարինի երկրի արդարադատության համակարգին։
 
ՄՔԴ-ն կազմված է 18 դատավորներից, որոնց պաշտոնավարման ժամկետն ինը տարի է: Նրանք դիտարկում են հանցագործությունների չորս տեսակ՝ ցեղասպանություն,
մարդկության դեմ հանցագործություններ, ագրեսիայի հանցագործություններ,
պատերազմական հանցագործություններ։
 
 
Պուտինին ձերբակալելու հրաման
 
Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրահանգ է տվել՝ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու ենթադրյալ սխեմայի համար։
 
Դատարանը հայտարարել է՝ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Վլադիմիր Պուտինը կրում է անհատական քրեական պատասխանատվություն ենթադրյալ հանցագործությունների համար, դրանք ուղղակիորեն ուրիշների հետ կատարելու և այդ գործողությունները կատարած քաղաքացիական և զինվորական ենթակաների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անկարողության համար»:
 
Հաղորդագրություններ Ռուսաստան տեղափոխված
ուկրաինացի երեխաների մասին
 
Ուկրաինայի կառավարությունը հայտարարում է, որ հազարավոր անհետ կորած ուկրաինացի երեխաներ իրականում բռնի ուժով տեղափոխվել են Ռուսաստան։ Ռուսաստանի կառավարությունը չի հերքում, որ տանում է ուկրաինացի երեխաներին։ Ավելին, ռուսական ընտանիքների կողմից նրանց որդեգրումը դարձել է քարոզչության կենտրոնական էլեմենտներից մեկը։
 
Լվովա-Բելովայի գրասենյակը հայտնել է, որ ուկրաինացի երեխաներին ուղարկել են ապրելու Ռուսաստանի 19 տարբեր շրջանների, մասնավորապես՝ Նովոսիբիրսկի, Օմսկի, Տյումենի և Մուրմանսկի ինտերնատներ և խնամատար ընտանիքներ։
 
2022 թվականի ապրիլին Լվովա-Բելովայի գրասենյակը հայտարարել էր, որ Ուկրաինայից մոտ 600 երեխայի տեղավորել են Կուրսկի և Նիժնի Նովգորոդի մանկատներում, այնուհետև ուղարկել են Մոսկվայի մարզ՝ ընտանիքներում ապրելու։
 
Մոսկվայի մարզի նահանգապետը հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ այնտեղ բնակվում են Ուկրաինայի արևելյան Դոնբասից 800 երեխաներ, որոնցից շատերը ընտանիքներում են:
 
ՄԱԿ զեկույցը ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին
 
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ մարտի 16-ին հրապարակված զեկույցում ասվում է՝
 
«Ռուսաստանի իրականացրած պատերազմական հանցագործությունները ներառում են հարձակումներ քաղաքացիական անձանց և էներգետիկայի հետ կապված ենթակառուցվածքների վրա, կանխամտածված սպանություններ, ապօրինի ազատազրկումներ, խոշտանգումներ, բռնաբարություններ և սեռական բռնության այլ ձևեր, ինչպես նաև երեխաների անօրինական տեղափոխություններ և արտաքսումներ»:
 
Պուտինին իսկապես կձերբակալե՞ն
 
Դժվար թե դա տեղի ունենա, համենայն դեպս մոտ ապագայում։
 
ՄՔԴ-ն հեռակա դատավարություններ չի իրականացնում։ Ուստի Պուտինը կամ պետք է արտահանձնվի Ռուսաստանի կողմից, կամ ձերբակալվի երկրի սահմաններից դուրս։ Երկու տարբերակներն էլ քիչ հավանական են թվում։
 
Բայց կա մի կարևոր կետ՝ միջազգային հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։
 
Պուտինը երբեք չի կարողանա մեկնել այն երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, ինչպես նաև այն երկրներ, որոնք ճանաչում են Հաագայի դատարանի իրավազորությունը։ Այդ երկրների ցանկում, ի թիվս այլոց, ընդգրկված են Ռուսաստանի առաջնորդին հավատարիմ Տաջիկստանը, Վենեսուելան և Աֆղանստանը։ Եթե Վլադիմիր Պուտինը այցելի այդ երկրներ, ապա տեղի իշխանությունները ստիպված կլինեն նրան դատարան հանձնել։
 
Կրեմլը ՄՔԴ որոշումն անվանել է «վրդովվեցնող և անընդունելի»
 
«Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այս դատարանի իրավազորությունը, և, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնության համար նման որոշումներն օրենքի տեսանկյունից ոչ մի արժեք չունեն»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Ես կցանկանայի տեսնել այն երկիրը, որը Հաագայի որոշմամբ կձերբակալի Պուտինին։ Ութ րոպե անց: Կամ որքան կտևի թռիչքի ժամանակը դեպի մայրաքաղաք»,- իր Telegram ալիքում սպառնալիքներ է հնչեցրել Կրեմլի գլխավոր քարոզիչներից մեկը՝ Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։
 
Նախազգուշացում ուրիշների համար
 
«Սա կարևոր օր է 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացված հանցագործությունների բազմաթիվ զոհերի համար։ Այս հրամաններով ՄՔԴ-ն առաջին քայլն է արել՝ վերջ տալու անպատժելիությանը, որը չափազանց երկար ժամանակ ոգեշնչում էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեղավորներին»,- ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Բալկիս Ջարահը:
 
«Սա հստակ ազդանշան է, որ քաղաքացիական անձանց դեմ լուրջ հանցագործությունների իրականացման հրամանների արձակումը կամ դրանց թողտվությունը կարող է հանգեցնել բանտախցի Հաագայում»:
 
Հրապարակումը՝ JAMnews-ի