Աշխարհի բռնապետները Թրամփից միայն գովասանք են լսում

ՉԱԿԵՐՏՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Պատմությունը երբևէ բռնապետների պակաս չի ունեցել: Անսահմանափակ իշխանությունն ու անպատժելիությունը դրա ամենահավանական ծնողներն են: Իսկ երբ բռնապետին շողոքորթում են ու գովաբանում, նա արդեն իրեն Աստծուց էլ վեր կդասի: Սա չէ՞ արդյոք պատճառը, որ արքունիքներում քծնանքն ու խոնարհումն ապրելու պայմանն են եղել:

Մեր ժամանակներում, սակայն, բանն այլ է: Աշխարհում այնքան լրատվամիջոցներ կան, որոնք պարտավորված չեն զգում ամեն մի նեղմիտ բռնակալի գովաբանել, իսկ բոլորին վերահսկելը միշտ չէ, որ հաջողվում է: Սուլթանացու Էրդողանին, օրինակ, «դուր չեն եկել» մամուլում ծավալվող քննարկումներն իր ու իր հիմնադրած կուսակցության մասին: Թուրքիայում գործող լրատվամիջոցներին նա զգուշացրել է, որ այդ թեմային անդրադառնալիս «ուշադիր և զգույշ լինեն»: Թուրքական diken.com.tr կայքը մեջբերել է Էրդողանի հետևյալ  խոսքերը.

- Իմ անունից կարող է հայտարարություններով հանդես գալ միայն իմ պաշտոնական խոսնակը, իսկ բոլոր մնացածները պարզապես խռովարարներ են: Սրանց առիթ տալ պետք չէ, լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է այս խաղին մասնակցեն:

Քանի որ Թուրքիայի նորացված սահմանադրությունը երկրի նախագահին վերստին թույլ է տալիս կուսակցություն գլխավորել, Էրդողանն էլ իր հիմնադրած «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկը նորից է ձեռքն առնում: Ենթադրվում է, որ մայիսի 21-ի համագումարին նա այդ կուսակցության նախագահ կընտրվի: Այս առիթով հրապարակված և Էրդողանին դուր չեկած հրապարակումների մեջ, հետաքրքիր է` կա՞ մեկը, որը կուսակցության անունն է քննության առնում ու եզրակացնում, թե որքան են բառերն արժեզրկվում, երբ իրենց բովանդակությանը հակառակ գաղափարների են ծառայում…

«Վաշինգթոն փոսթը» մի շատ ուշագրավ դիտարկում է արել՝ «Թրամփի գալը նվեր էր աշխարհի բոլոր «բռնապետների» համար» հոդվածում: Խոսուն վերնագրով այս հրապարակման եզրակացությունը սա է.

- Հիմա նրանք «ազատ աշխարհի առաջնորդից» միայն գովասանք են լսում:

Իսկ սա նշանակում է, որ «ազատություն» բառը նույքան է արժեզրկվել, որքան «արդարությունն» ու «զարգացումը»: