«Երկնային ցանց»՝ կաշառակերներ որսալու համար

Չինաստանի փորձն, իրոք որ, անհրաժեշտ է կիրառել նաև այլ երկրներում: Այդ ժամանակ սեփական երկիրը հանուն սեփական փորի թալանող ու առնետի նման փախչողները հաշիվ կտան, որ մոլորակի ամբողջ երկինքը ծածկող ցանցերն իրենց մի օր անպայման որսալու են՝ թողնելով դատարկաձեռն ու անվանարկված:
 

Չինաստանի աննախադեպ հզորացումն ասելիք է դարձել: Քաղաքագետները, տնտեսագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները քննարկում են, վերլուծություններ հրապարակում, փորձում են ներթափանցել երևույթի խորքերը, տարբեր երկրների քաղաքական գործիչներ էլ ձգտում են այդ ամենից սովորել և իրենց երկրներում նույնպես նման հրաշքներն իրականություն դարձնել: Այն ծրագիրը, որը Չինաստանն իրագործել է 2014-2016թթ., իսկական դասագրքային օրինակ է նման երկրների, իհարկե՝ նաև մեզ համար:
 
- Չինաստանը «Երկնային ցանց» արշավի շրջանակներում 2014-2016թթ. ընթացքում աշխարհի 90 երկրներից ու տարածաշրջաններից հետ է բերել 2566 փախստականների, ինչպես նաև վերադարձրել է 8,6 մլրդ յուան: Փախստական պաշտոնյաներից 1238-ը վերադարձել են կամավոր և մեղայականով: Հաջողվել է վերադարձնել ևս 39 կաշառակեր պաշտոնյայի, ովքեր ներառված են եղել հարյուր ամենափնտրվող փախստականների ցուցակում…

ՉԺՀ հասարարական անվտանգության նախարարության այս տվյալները փոխանցել է «Սինհուա» գործակալությունը:

Նշված գումարը համարժեք է 1,25 մլրդ դոլարի: Բայց ի՞նչն է ամենաուշագրավը. այս արշավի շնորհիվ նկատելիորեն կրճատվել է այն պաշտոնյաների թիվը, ովքեր փորձում են կոռուպցիոն գործարքների շնորհիվ ձեռք բերած գումարներն առնել ու արտասահման փախչել: Հրապարակված թվերն իրոք էլ տպավորոիչ են՝ եթե 2014թ. 101 նման նախադեպ է գրանցվել, ապա 2016թ. այդ թիվը կրճատվել-հասել է 19-ի: