«Ազատազրկման հետ անհամատեղելի է 10 ախտորոշում»

ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Էմպաթիա» կենտրոնի բժշկական փորձագետները հրապարակել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը։ Նրա մոտ ախտորոշվել է ավելի քան 20 առողջական խնդիր, որոնցից 10-ը՝ հիմնական։ Բժիշկների խոսքով՝ Սաակաշվիլիի վիճակն անհամատեղելի է ազատազրկման հետ։
 
Կենտրոնից ասում են, որ հիմնական ախտորոշումները հրապարակման ենթակա չեն։
 
Դեկտեմբերի 1-ին Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն դիմել է դատարան՝ իր պաշտպանյալին ազատ արձակելու կամ պատիժը հետաձգելու պահանջով։
 
Միխեիլ Սաակաշվիլիի բուժզննումն անցկացրել է տասը վրացի և վեց միջազգային փորձագետներից բաղկացած հանձնաժողովը։ Բժիշկները նախկին նախագահի առողջությանը հետևել են 2022 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 28-ը։ Պատրաստված եզրակացությունը բաղկացած է 194 էջից և ուղեկցվում է 22 հավելվածով։ Ընդհանուր ծավալը 2980 էջ է։
 
Եզրակացության մեջ ասվում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Առանձին ախտորոշումները կարող են առաջացնել առողջության անդառնալի վատթարացում, կյանքի տևողության կրճատում և նույնիսկ մահ, եթե Սաակաշվիլիին համապատասխան ախտորոշման և բուժման հնարավորություն չտրվի:
 
«Էմպաթիա» կենտրոնն ընդգծում է, որ Միխեիլ Սաակաշվիլին լուրջ խնդիրներ ունի նյարդահոգեբանական և գաստրոէնտերոլոգիական ոլորտներում, ինչպես նաև հենաշարժական համակարգի և տեսողության հետ կապված։
 
Պարզվել է, որ Սաակաշվիլիի մոտ առկա է անհայտ էթիոլոգիայի ջերմություն, անորեքսիա, արագ քաշի կորուստ, մկանների, հոդերի և ոսկորների ցավեր, մարմնի գրգռվածություն և մկանային սպազմ, որոնք կարող են լինել «անհայտ վարակիչ գործընթացի և/կամ հնարավոր թունավորման հետևանք»:
 
Ինչպես գրված է եզրակացության մեջ, նախկին նախագահ Սաակաշվիլին մինչև ձերբակալությունը գործնականում առողջ էր. նա ուներ միայն զարկերակային հիպերտոնիա, ինչի պատճառով ընդունում էր սիմպտոմատիկ դեղամիջոցներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ հետքովիդյան դեպրեսիայի դեմ։
 
Զեկույցում ասվում է, որ մեկ տարի բանտում մնալուց հետո նա անբուժելի հիվանդ է, Սաակաշվիլին չպետք է մնա «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ այժմ բուժում է ստանում, և առավել ևս՝ չպետք է վերադառնա բանտ, քանի որ այդ հաստատություններում անհնար է իրականացնել լիարժեք թունաբանական հետազոտություն։ Այս կարծիքին են «Էմպաթիա» կենտրոնի փորձագետները։
 
Նրանք պնդում են, որ Սաակաշվիլին թունավորման, այդ թվում՝ քիմիական միացությունների և ռադիոակտիվ նյութերի առկայության հետազոտություն անցնի, քանի որ գոյություն ունի թունավորման չբացահայտված տեսակ։
 
«Հակառակ դեպքում, հաշվի առնելով թունավորման հավանականությունը, Սաակաշվիլի մոտ առկա է կոմայի առաջացման և նույնիսկ մահվան վտանգ»,- ընդգծվում է եզրակացության մեջ։
 
Վերջին երկու ամիսներին Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է, ինչը հաստատում են նրա բժիշկները, ընտանիքի անդամները, փաստաբաններն ու կուսակցական ընկերները, ովքեր տեսակցության են գնացել «Վիվամեդ» [Սաակաշվիլին այստեղ է բուժում ստանում բանտում երկարատև հացադուլից հետո] կլինիկա։
 
«Ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն կլինիկա այցելելուց հետո հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը շատ վատ է: Դեկանոիձեի խոսքով` բանտում ասում են, որ քանի որ նախկին նախագահին տեղափոխելու պատասխանատվությունն անգամ բժիշկներն իրենց վրա չեն վերցնում, քրեակատարողական ծառայությունը դա չի կարող անել։
 
Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պետական անվտանգության ծառայության ղեկավար Թեմուր Ջանաշիան, ով տեսակցել էր նախկին նախագահին «Վիվամեդ» կլինիկայում, ասաց, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը այնքան է վատթարացել, որ նա «իրականում այլևս մարդ չէ» և իրեն շատ վատ է զգում մշտական ջերմության և արյան բարձր ճնշման պատճառով: Ջանաշիայի խոսքով՝ Սաակաշվիլին անընդհատ անկողնում է։
 
Իսկ ամերիկացի փորձագետ Շահին Լահանը Վրաստանի երրորդ նախագահին այցելելուց հետո բացատրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս բոլոր «կենսական կարևորության ցուցանիշների» սուր դեֆիցիտ, և որ նման վիճակը «նորմալ մարդու մոտ նորմալ առողջապահության պայմաններում չպետք է լինի»։
 
Սաակաշվիլիի օտարերկրյա փաստաբան Մասիմո Դանջելոն նույնպես այցելել էր նախկին նախագահին և նույնպես հայտարարել իր պաշտպանյալի առողջական վիճակի զգալի վատթարացման մասին։ Փաստաբանի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը «սպառնում է նրա կյանքին»։
 
Ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանի օմբուդսմենի նախաձեռնած անկախ բժշկական խորհուրդը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը գնահատել էր զգալիորեն վատթարացած։ Այնուհետեւ ընտանիքը խնդրել էր նրան տեղափոխել արտասահման՝ բուժման նպատակով։
 
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը կոչ էր արել Վրաստանի կառավարությանը լրջորեն վերաբերվել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ Հանրային պաշտպանի առաջարկություններին։
 
Միխեիլ Սաակաշվիլին մեկ տարուց ավելի է, ինչ բանտում է։ Նախկին նախագահը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա գաղտնի վերադարձավ Վրաստան 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։
(Տեղեկատվությունը՝ JAMnews-ի)