Թուրքիան փոխվողը չէ. գոնե աշխարհը փոխվի

«Կուլիսներում» չեն լռում խոսակցություններն այն մասին, թե Թուրքիան համագործակցում է Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորման հետ, թե նրանց տրամադրության տակ հայտնվող զենքերն ու մարդիկ այդ երկրի միջոցով են այնտեղ հասնում: Միջազգային հարաբերություններում, սակայն, Թուրքիան կարողանում է նման մեղադրանքներից   զերծ մնալ. դեռ ավելին՝ դրանից քաղաքական ու ֆինանսական օգուտներ է քաղում:

Եգիպտացի լրագրող Մուհամմեդ Մուսան նոր ապացույցներ է հրապարակել, որոնք վկայում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համագործակցության մասին: Մուսան պնդել է, որ Սիրիայի տարածքում ԻՊ ձեռքին հայտնված քիմիական զենքի մատակարարման պատասխանատուն Էրդողանն է: Եգիպտացի լրագրողը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ ԻՊ-ի ահաբեկիչները Թուրքիայի քաղաքներում ազատ գործում են, անգամ բացօթյա խնջույքներ են կազմակերպում, իսկ ոստիկանությունը ո՛չ միջամտում է, ո՛չ էլ արգելքներ հարուցում  (տեղեկացրել է թուրքական «siyasihaber3.org» կայքը):
Գուցե թե սրանից ավելի ակնառու փաստեր էլ են բացահայտվել, սակայն արդյունքը այդպես էլ չի երևում: Եթե մարդ մի բան չի ուզում տեսնել, նույնիսկ աչքը մտցնելը չի օգնի: Աշխարհը չի ուզում տեսնել, թե Թուրքիան տարածաշրջանում ինչ բացասական դեր է խաղում: Արևմուտքը Թուրքիային միայն այն ժամանակ է քննադատում, երբ համարում է, թե այնտեղ խախտվել են իր պաշտած ժողովրդավարության օրենքները: Մնացած բոլոր դեպքերում նա իրենց դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը կամ պարզապես բարեկամ երկիր: Արևելքի համար Թուրքիան հավատակից երկիր է և ուրեմն քննադատությունից դուրս է: Ուրիշների համար էլ կարևորվում է այդ երկրից ակնկալվող տնտեսական շահը:
Անկասկած է մեկ բան՝ քանի աշխարհն այսպիսին է, Թուրքիան չի փոխվելու: Դա ակնառու երևում է սուլթանի վերածվող Էրդողանի ամենօրյա հայտարարություններից ու գործելակերպից: ՈՒրեմն տարածաշրջանը, իսկ գուցեև ամբողջ մոլորակը խաղաղ ու անվտանգ դարձնելու միակ տարբերակն այն է, որ աշխարհը փոխվի և իրերին ավելի սթափ ու արդարադատ աչքով նայի: Հաստատապես՝ սա ավելի հավանական տարբերակ է…