«Ժողովրդի կամքն է ամենավճռորոշը»

ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀՅՈՒՐ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ

Իրանի  ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, իրանցի լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Արցախի հակամարտության մասին, ասել է, որ հակամարտությունները կարգավորելու համար կարևոր է մի շարք գործոնների համադրությունը, և մեկ գործոն կամ մեկ երկիր չի կարող կարգավորել հակամարտությունը: Նա նաև ասել է, որ ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից, և դա է ամենավճռորոշը:

Իրանի այս հայտարարությունը կարելի է սենսացիա համարել, քանի որ հարևան  պետությունը տարիներ շարունակ միջազգային կառույցների նման հորդոր  է ուղղել հակամարտող երկու կողմերին՝ խաղաղության, զսպվածություն կոչ անելով: Այսօր, սակայն, Իրանի հայտարարությունը մեկ քայլ առաջ է:

Դիրքորոշման փոփոխությունը  «պատմություն» ունի: Խոսքն ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին է, որի սպասելիքների ու արդյունքների մասին «Ավանգարդը» գրել է: Եվ, բարեբախտաբար, Մոսկվայի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափին  զուգահեռ այլ ձևաչափ ստեղծելու ադրբեջանական ջանքերը ձախողվել են:  

Ո՞ւմ էր ուղղված Թեհրանի խոսքը: Նախևառաջ, թերևս, Ռուսաստանը նկատի ունենալով է ասվում՝ «մի գործոն կամ մի երկիր չի կարող լուծել Արցախի խնդիրը»:  Իրանը, փաստորեն, Ռուսաստանին հասկացնում է, որ բացի Հայաստանից, իրեն ևս ձեռնտու չէ մի խաղացողի ներգրավումը:

Երկրորդ՝ «ժողովրդի կամքն է ամենավճռորոշը» արտահայտությամբ Թեհրանը սլաքն ուղղում է թուրք-ադրբեջանական տանդեմին: Մասնավորապես, Բաքուն արցախյան խնդրի լուծման համար չի կարող հույսը դնել   Անկարայի վրա: Միաժամանակ,  Իրանը նաև արձանագրում է ստատուս քվոն, որը ժողովրդի կամքի դրսևորման հետևանք է:

Իրանի այս հայտարարությունն ինչ-որ չափով համապատասխանում է Արևմուտքի դիրքորոշմանը, որն անգամ ապրիլյան պատերազմից հետո  խոսում է խնդրի խաղաղ կարգավորման, Մինսկի խմբի ձևաչափով հարցը լուծելու մասին:  Ասել է թե՝ գուցե չպայմանավորված փոխհամաձայնություն կա  երկու միավորների միջև:

Իսկ Իրանի շահագրգռվածությունը հասկանալի է.  տարածաշրջանում որոշակի  տնտեսական ծրագրեր ունենալով՝ աստիճանաբար դրանք կյանքի կոչելու քայլեր կատարող կայացած պետության համար պատերազմը հաստա՛տ անցանկալի «հյուր» է: Թե որքանով այս բալանսը կպահպանվի՝ կտեսնենք առաջիկայում, սակայն ակնհայտ է, որ ուժային կենտրոնների հավասարակշռությունն ու ստատուս քվոյի  պահպանումը մեզ համար առայժմ ամենացանկալին է, հատկապես երբ  կառավարությունը տնտեսությունն աշխուժացնելու քայլեր է անում: