Ի՞նչ է խոստացել ռուսական կողմն Ադրբեջանին

«ՄԵՆՔ ՓԱԿ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՃԻՇՏ ԵՆՔ ԱՆՈՒՄ»․ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ JAMnews-ի անդրադարձը

Ադրբեջանի նախագահը պատասխանել է 2020 թվականի ապրիլից փակված երկրի ցամաքային սահմանների մասին հարցին։ «Մեր ցամաքային սահմանները փակ են և պետք է փակ լինեն։ Ինչո՞ւ։ Որպեսզի մարդիկ չհիվանդանան»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
 
Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ «Եթե Հայաստանը չի ուզում իր զինված կազմավորումները դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող մեզ բացահայտ ասի այդ մասին, որպեսզի մենք իմանանք՝ ինչ անել»,- հայտարարել է ադրբեջանական պետության ղեկավարը։ Ալիևը պատմել է այն մասին, թե Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման հարցի վերաբերյալ ինչ է խոստացել ռուսական կողմը Բաքվին։
 
 
Ցամաքային փակ սահմանների մասին
 
Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի սկզբին Ադրբեջանում ներդրված գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումների մեղմացմանը՝ երկրի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ։ Փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում Ադրբեջանի իշխանությունների նման որոշման պատճառների մասին՝ քաղաքականից մինչև տնտեսական։
 
- Մեր ցամաքային սահմանները փակ են և պետք է փակ լինեն։ Ինչո՞ւ։ Որպեսզի մարդիկ չհիվանդանան։ Քանի որ ամենից շատ այս հիվանդությունը տարածվում է ցամաքային սահմաններով։ Ուստի մենք փակ ենք պահում մեր սահմանները և ճիշտ ենք անում։
 
Մենք դրանք փակ ենք պահելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Խոսքս ցամաքային սահմանների մասին է։ Մենք դա անում ենք մարդկանց առողջությունը պաշտպանելու համար, նրա համար, որ չկորցնենք նրանց,- հայտարարել է նա։
 
Ի՞նչ է խոստացել ռուսական կողմը Ադրբեջանին
 
Անդրադառնալով Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում հայկական զորքերի առկայությանը՝ Իլհամ Ալիևն ասել է.
 
- Ցավոք սրտի, չնայած նրան, որ պատերազմից անցել է 1 տարի 8 ամիս,  բացասական պահերն ավելի շատ են։ Դրանցից մեկն այն է, որ Հայաստանը խուսափում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ ամրագրված հարցերից։
 
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը իրականում Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է, և Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, ստանձնել է պարտավորություններ։ Այդ պարտավորություններն այնտեղ հստակ նշված են։
 
Դրանցից մեկը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից։ Այս հարցը դեռևս չի լուծվել։ Մենք բազմիցս բարձրացրել ենք հարցը, բայց Հայաստանը ձգձգում է։
 
Մենք միաժամանակ այդ հարցը բարձրացրել ենք Ռուսաստանի ռազմական ղեկավարության մոտ։ Մի քանի ամիս առաջ Ադրբեջանում գտնվող ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը մեր ՊՆ-ին խոստացել է, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից։
 
Հիմա հուլիսի կեսն է, և հարցը լուծում չի ստացել։ Հակառակ նոյեմբերի 10-ի հայտարարությանը՝ Հայաստանը չի կատարում այդ պարտավորությունը։ Ռուս խաղաղապահները, հաշվի առնելով այն, որ ռուսական կողմը նույնպես ստորագրել է նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ինչպես ասում են՝ չեն ստիպում նրանց անել դա։
 
Իհարկե, սա անտանելի վիճակ է, քանի որ հայկական զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանի տարածքում միանգամայն անընդունելի է։ Մենք հաղթանակած երկիր ենք, վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանը չի ուզում իր զինված կազմավորումները դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող մեզ բացահայտ ասի այդ մասին, որ մենք իմանանք՝ ինչ անել։ Ինչպիսի՞ն է լինելու մեր պատասխանը։ Հիմա դա ասելը, հավանաբար, տեղին չի լինի:
 
«Զանգեզուրի միջանցքի» մասին
 
Ադրբեջանի նախագահը դժգոհել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացի ձգձգումից։
 
- Նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ պետք է կապ հաստատվեր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պարտավորվել է անել դա, նման պարտավորություն է ստանձնել։ Սակայն մինչ այժմ մեզ նման հնարավորություն չի տրվել։
 
Լաչինի ճանապարհը բաց է։ Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ Լաչինի ճանապարհը կգործի, իսկ Ադրբեջանը կերաշխավորի դրա անվտանգությունը։ Մենք դա ստանձնել ենք որպես պարտավորություն և կատարում ենք այն։
 
Միաժամանակ մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնալու։ Ոչ միայն հնարավորություն չկա, այլև մենք չենք էլ տեսնում, որ Հայաստանի տարածքում այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք արվի,- հայտարարել է նա։