ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում են

ՔՈՎԻԴ-19-Ի ՀԵՏևԱՆՔՈՎ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԼԱՆԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԵՏԸՆԹԱՑԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում են. պատվաստումների համաշխարհային ծածկույթը շարունակել է նվազել 2021 թվականին, և 25 միլիոն մանուկ զրկվել է կենսական նշանակություն ունեցող պատվաստուկից:
 
Գրեթե 30 տարվա մեջ մանկական պլանային պատվաստումների ամենամեծ կայուն անկումն է գրանցվել: Սրա մասին են փաստում ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հրապարակված պաշտոնական տվյալները:
 
Երեխաների տոկոսը, որոնք ստացել են դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք չափաբաժին (ԱԿԴՓ3), իսկ սա իմունականխարգելման ծածկույթի նշաձող է հանդիսանում, 2019-ից 2021 թվականներին ընկել է 5 տոկոսային կետով՝ հասնելով 81 տոկոսի: Արդյունքում՝ միայն 2021 թվականին 25 միլիոն երեխա բաց է թողել ԱԿԴՓ3-ի մեկ կամ մի քանի չափաբաժին, որ պիտի ստանար պլանային պատվաստումների շրջանակում:
 
Այս ցուցանիշը 2 միլիոնով ավելին է, քան 2020 թվականին գրանցված ցուցանիշը և 6 միլիոնով ավելին, քան 2019 թվականինը: Սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ հակամարտությունների և փխրուն միջավայրերում ապրող երեխաների թվի աճով, որտեղ պատվաստումների հասանելիությունն ապահովելը հաճախ խնդրահարույց է, ապատեղեկատվության ավելացմամբ, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված խնդիրներով, ինչպիսիք են ծառայությունների և մատակարարման շղթայի խափանումները, ռեսուրսների ուղղորդումն արձագանքմանն ուղղված ջանքերին և կանխարգելող միջոցառումների իրականացումը, որը իր հերթին սահմանափակել է պատվաստանյութերի առկայությունն ու հասանելիությունը:
 
- Սա արդեն տագնապի ազդանշան է երեխայի առողջության հետ կապված հարցերում: Մենք ականատես ենք լինում մանկական պլանային պատվաստումների ամենամեծ կայուն անկմանը մեկ սերնդի ընթացքում: Հետևանքները չափվելու են կյանքերով,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: - Թեև անցյալ տարի ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խափանումների և արգելափակումների հետևանքով հետընթաց էր սպասվում, այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, շարունակական անկում է: ՔՈՎԻԴ-19-ը արդարացում չէ։ Մեզ անհրաժեշտ է պատվաստումների ծածկույթի վերականգնում միլիոնավոր չափաբաժիններով, հակառակ պարագայում, մենք անխուսափելիորեն ականատես ենք լինելու հիվանդությունների ավելի շատ բռնկումների, ավելի շատ հիվանդ երեխաներ են լինելու, և արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերն ավելի մեծ ճնշման են ենթարկվելու:
 
25 միլիոն երեխաներից 18 միլիոնը տարվա ընթացքում չեն ստացել ԱԿԴՓ3-ի ոչ մի չափաբաժին. այդ երեխաների ճնշող մեծամասնությունն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հնդկաստանում, Նիգերիայում, Ինդոնեզիայում, Եթովպիայում և Ֆիլիպիններում:
 
Իմունականխարգելման մակարդակի այս պատմական հետընթացը տեղի է ունենում սուր թերսնուցման արագ աճի ֆոնին: Թերսնված երեխայի մոտ արդեն իսկ թուլացել է իմունիտետը, և բաց թողնված պատվաստումները նշանակում են, որ մանկական տարածված հիվանդությունները կարող են արագորեն մահացու դառնալ երեխայի համար: Սովի ճգնաժամի սերտաճումը իմունականխարգելման աճող բացին, սպառնում է երեխաների կյանքի պահպանման ճգնաժամի սկիզբ դառնալ:
 
- ՔՈՎԻԴ-19-ի խնդիրների լուծումը պետք է զուգահեռ ընթանա այլ մահացու հիվանդությունների դեմ (ինչպիսիք են կարմրուկը, թոքաբորբը և փորլուծությունը) պատվաստումների խնդիրների լուծման հետ,- նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: - Դա «կա՛մ կա՛մ»-ի հարց չէ, հնարավոր է երկուսն էլ լուծել:
 
Հսկայածավալ ջանքեր են պահանջվելու պատվաստումների համընդհանուր ծածկույթի հասնելու և հիվանդությունների բռնկումները կանխելու համար: Անբավարար ծածկույթի մակարդակը վերջին 12 ամիսների ընթացքում արդեն իսկ հանգեցրել է կարմրուկի և պոլիոմիելիտի բռնկումների, ինչը շեշտադրում է պատվաստումների կենսական դերը երեխաների, դեռահասների, մեծահասակների և հասարակությունների առողջության պահպանման գործում:
 
Կարմրուկի առաջին չափաբաժնի ծածկույթը 2021 թվականին նվազել է մինչև 81 տոկոս, ինչը նաև 2008 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Սա նշանակում է, որ 2021 թվականին 24,7 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի առաջին դեղաչափը, այն է՝ 5,3 միլիոնով ավելի, քան 2019 թվականին: Եվս 14,7 միլիոնը չի ստացել անհրաժեշտ երկրորդ դեղաչափը: Նմանապես, 2019 թվականի համեմատ, 6,7 միլիոնով ավելի երեխա բաց է թողել պոլիոմիելիտի երրորդ պատվաստումը: