ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ… ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Պաշտոնավարման հարյուր օրը նշանավորելը դարձել է դարի քաղաքական մշակույթի անբաժանելի բաղադրիչը: Հիմա պաշտոնավարման հարյուր օր է ամփոփում անգամ ամենաաննշան գերատեսչության ղեկավարը: Իսկ երբ նույնն անում է ԱՄՆ-ի նման գերտերության նախագահը, դա չի կարող շարքային ամփոփում լինել: Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին հարյուր օրվա մասին ասել է. 

- Ես իրոք հավատում եմ, որ իմ վարչակազմի առաջին 100 օրերը մեր երկրի պատմության մեջ գործնականում ամենահաջողն են եղել: 
 
Փենսիլվանիայի Հարիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ նա չի մոռացել մեղադրել իր նախորդին՝ Բարաք Օբամային, թե խառնաշփոթ իրավիճակ է ժառանգություն թողել: Իսկ իր վարչակազմի հարյուր օրվա գործունեությունը նա համարել է պատմական առաջընթաց, հավանաբար դրա գրավականը համարելով աշխատատեղերի ստեղծումը, ներգաղթի սահմանափակումը, Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախագիծը, որոնց նպատակն է համարել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը: Թրամփն ասել է, որ իր վարչակազմը հենց դա է առաջնահերթ խնդիր համարում: 
 
Թե որքանով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապահովում իր երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունը՝ դեռ կերևա: Որովհետև խնդիրը միայն աշխատատեղեր ստեղծելը, նաև իր երկրի արտաքին քաղաքականության հետևանքով այնտեղ հոսող ներգաղթյալներից պաշտպանվելը կամ Մեքսիկայի սահմանից ներթափանցող հանցավոր խմբերի առաջն առնելը չէ: Ամերիկայի ներսում ևս արդեն իսկ այնքան հանցավոր խմբեր, անհավասարակշիռ անհատներ, անհանդուրժողականությամբ առաջնորդվող կազմակերպություններ կան, որ բավական են՝ այդ երկրի քաղաքացու անդորրը խաթարելու: 
 
Իսկ որ Թրամփի վարչակազմի առաջին հարյուր օրը ավելի է խառնել աշխարհի գործերը, ամբողջ աշխարհը դարձրել առավել լարված ու վտանգավոր, անզեն աչքով էլ է երևում: Սիրիայում իրականացրած գործողությունները, Հյուսիսային Կորեային ամեն գնով «իր տեղը ցույց տալու» մարմաջը, աշխարհի բոլոր երկրներին իր անվերապահ առավելությունն ի ցույց դնելը, իրոք որ, աննխադեպ են: Եվ եթե այս վերջինն է ԱՄՆ-ի գերագույն նպատակը, ապա Թրամփն իրոք կարող է պարծենալ: 
 
ԱՄՆ 45 նախագահներից 5-ն այժմ ապրում են և անպայման Թրամփի այս համեստ գնահատականը լսել ու հիմա ծանրութեթև են անում: Սակայն ավելի շատ կշռադատելու կարիք ունի աշխարհը՝ ինքնագոհ ու կռվարար աքաղաքներից խաղաղություն և բարեկեցություն ակնկալելը միամտություն է: