«Դեպի տուն՝ Եվրոպա»

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ

Այսօր՝ հունիսի 24-ին Վրաստանը սպասում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու իր դիմումի վերջնական պատասխանին: Ժամը 20:00-ին, Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի կունենա հանրահավաք «Դեպի տուն՝ Եվրոպա» կարգախոսի ներքո: Քաղաքացիները համախմբվելու են՝ աջակցելու Վրաստանի եվրոպական կուրսին և դժգոհություն հայտնելու հակաարևմտյան հռետորաբանության և երկրի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:
 
Նախնական պատասխանը հայտնի է՝ Վրաստանի շանսերը նվազագույն են։ Եվրահանձնաժողովը առաջարկել է կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Վրաստանին տրամադրվել է այն բարեփոխումների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել նախքան կարգավիճակ ստանալը։
 
Գլխավոր կազմակերպիչը «Սիրցխվիլիա» (Ամոթալի է) քաղաքացիական շարժումն է, սակայն ակցիայի կարգախոսի հետ համերաշխ են նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, փորձագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ։
 
Նրանցից շատերը տեսահոլովակներ են նկարահանել, սոցցանցերում գրառումներ կատարել՝ կոչ անելով հունիսի 20-ին դուրս գալ փողոց և ցույց տալ «Եվրոպային, որ Վրաստանի ժողովուրդն ընտրում է եվրոպական ճանապարհը»։
 
Կլինե՞ն արդյոք քաղաքական պահանջներ ակցիայի ընթացքում, դեռևս պարզ չէ։ Այնուամենայնիվ, շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ կարծում են, որ ԵՄ կողմից ահռելի քննադատությունից հետո ակցիայի մասնակիցները պետք է պահանջեն վարչապետի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
 
Բացի այդ, Վրաստանում հասարակության՝ քննադատական մտածողություն ունեցող հատվածը նշում է նաև հակակառավարական լայնամասշտաբ բողոքի դաժան ճնշման երրորդ տարելիցը: Հիմնական պահանջը ընտրական համակարգի բարեփոխումն էր, որին ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել ամբողջությամբ հասնել։