ՀՈԳԵՎՈՐ ՔԱՂՑԿԵՂ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փրկության բանաձևը

1945թ. հիմնադրված կազմակերպության նպատակն է օժանդակել համերաշխությանն ու անվտանգությանը՝ խրախուսելով կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցությունը, որպեսզի տարածեն ընդհանուր հարգանք է արդարություն: Եվ ուրեմն էլ ո՞ր երկիրը, եթե ոչ Ադրբեջանը պետք է հավակներ՝ դառնալու այս վեհ գաղափարների իրագործողը միջազգային հեղինակավոր կառույցում: Ահաև չեն հապաղել ու իրենց նախկին երգչին ու ներկայիս դիվանագետին գործուղել են՝ աշխարհի մշակույթի գործերում արդարություն հաստատելու:
 
ՄԱԿ-ի համակարգում գործող կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես հայտնի է, այս օրերին ղեկավարի ընտրության գործընթացում է: Երեկ այնտեղ հարցեր են ուղղվել այն թեկնածուներին, ովքեր հավակնում են դառնալ միջազգային նշանակություն ունեցող այս կառույցի գխավոր տնօրենը: 
 
 
Բյուլբյուլօղլին այդ լսումների ժամանակ խայտառակվել է: Կառույցի գրասենյակը Փարիզում է, իսկ թեկնածուներին զգուշացրել են, որ պետք է խոսեն անգլերենով կամ ֆրանսերենով: Բյուլբյուլօղլին էլ, ինչպես գրում են՝ մի քանի պատրաստի նախադասություն անգլերեն կարդալուց հետո անցել է ռուսերենի: Նա նաև չի կարողացել հավուր պատշաճի պատասխանել իրեն ուղղված հարցերին, միայն անընդհատ շեշտել է, թե պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ծրագրերի իրականացման նպատակով մեծ գումարներ բերել: Երևում է՝ Բլբուլօղլին բլբուլ է կտրում միայն այն ժամանակ, երբ խոսքը փողի մասին է:  
 
Կարելի է ասել՝ ուղղակի կաշառք է խոստացել: Եթե հիշենք, թե վերջին տարիներին մեր տարածաշրջանում ստեղծված որքան նյութական ու ոչ նյությական արժեքներ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի հաշվին գրանցել, ինչպես է քոչվորներին վերագրել հազարամյակների տեղային մշակույթը, ինչպես է «լուրջ դեմքով» քննարկել ու ի վերջո նրանց վերագրել բաներ, որոնք դրանից հետո հնագիտական միանգամայն հակառակ հաստատում են ստացել՝ այժմ էլ զարմանալի չի լինի, եթե Բյուլբյուլօղլիի խոստումներն այնտեղ պարատ հող գտնեն: Նրանց ի˜նչ, որ Ադրբեջանի ներկայացուցչի ակնարկած ծրագրերը կարող են նշանակել այնպիսի մի «գործ», ինչպիսին եղել է նրա մշակույթի նախարար եղած ժամանակ Նախիջևանի հայկական խաչքարերը լկտիաբար ոչնչացնելը: Անգամ հաշվի չեն առնի, որ դրանք նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային մշակույթի մաս է ճանաչել: 
 
Երևի թե չեն կարևորի նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ում դեսպան եղած ժամանակ աչքի է ընկել պատերազմական հռետորաբանությամբ և անգամ պատրաստակամություն է հայտնել անձամբ զենք վերցնել՝ կռվելու հայերի դեմ:  Այլևս ակնհայտ է՝ միջազգային շատ կազմակերպություններում, տարբեր նախագծերում ու միջացառումներում անպայման որևէ թուրք կամ ադրբեջանցի է գլխավոր դերակատարություն ունենում, նրանք ամեն կերպ ներթափանցում են որտեղ ասես, միայն թե իրենց տեղն ամրապնդեն ու սկսեն գործել հօգուտ իրենց շահերի:  
 
Ըստ էության՝ սա քննություն է ոչ միայն Բյուլբյուլօղլու կամ Ադրբեջանի համար, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ընդհանրապես՝ միջազգային կառույցի գաղափարի: Եթե հաջորդող հաղորդագրությունները լուրեր տարածեն, թե այսուհետև այս Փոլադն է միջազգային մշակույթի անվտանգության ու արդարության երաշխավորը, կարելի է ախտորոշել, որ միջազգային կառույցներին համակած քաղցկեղը վերջին փուլն է թևակոխել: