1918 թվականի Ադրբեջանի Հանրապետության հիմնադիրը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ

«ԿԵՂԾԱՎՈ՛Ր, ՆԱԽ ՔՈ ԱՉՔԻ ՄԻՋԻ ԳԵՐԱՆԸ ՀԱՆԻՐ»

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
 
Իլհամ Ալիևը և ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ անարգում են հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետ կապ ունենալու համար:
Սակայն, ադրբեջանցիները երբեք չեն նշում 1918 թվականին անկախ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր հայր Մամեդ Ռասուլզադեի՝ ադրբեջանական լեգեոնի հետ կապված լինելու մասին, որը կռվել է նացիստական Գերմանիայի համար: Նախագահ Ալիևը 2017 թվականի իր ելույթում չհիշատակեց Ռասուլզադեին՝ Ադրբեջանի առաջին Հանրապետության առանցքային դեմքերի անունները նշելիս։
 
2020 թվականին, երբ Ալիևը Նժդեհին մեղադրեց նացիստ լինելու մեջ, Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ Ռասուլզադեն «սերտորեն գործակցել է նացիստական Գերմանիայի և Նացիստական կուսակցության հետ»։ Փաշինյանը քննադատեց Ալիևին՝ Ռասուլզադեին հերոսացնելու համար: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆեզայիլ Իբրահիմլին 2020 թ. մայիսին խորհրդարանի լիագումար նիստում առարկեց՝ ասելով, որ Փաշինյանի մեղադրանքը «մոլորություն է»։
 
Մինչ Ալիևը շարունակում է քննադատական մեկնաբանություններ անել Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ, նա խուսափում է ընդունել, որ Ադրբեջանում կան Ռասուլզադեի անվամբ մի քանի փողոցներ և պողոտաներ, նրա արձաններն ամբողջ երկրով մեկ են, իսկ նրա պատկերը՝ փոստային նամականիշերի և թղթադրամների վրա։ Ռասուլզադեի անունով կա նաև համայնքապետարան Բաքվում։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նույնիսկ գոյություն ունի  «Ռասուլզադեի անատոլիական միջնակարգ դպրոց»։
 
Մարդկանց մեծ մասը տեղյակ չէր լինի Ռասուլզադեի թաքուն կապերի մասին նացիստական Գերմանիայի հետ, եթե չլիներ վերջին պահին նրա կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի առեղծվածային չեղարկումը, որը պետք է հեռարձակվեր Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ 2022 թվականի հունվարի 31-ին՝ նրա ծննդյան 138-րդ տարելիցին։ Սակայն եթերի օրվանից ընդամենը մեկ օր առաջ վավերագրական ֆիլմը չեղարկվեց առանց որևէ բացատրության։ Արդյունքում, ադրբեջանական հեռուստահաղորդման պրոդյուսեր Ֆահրադին Հասանզադեն հայտարարեց իր հրաժարականի մասին։
Եթե Ռասուլզադեի կենսագրական վավերագրական ֆիլմը հեռարձակվեր, ապա այն կարող էր թարմացնել խոսակցությունները նրա աջակցության մասին Հիտլերի ադրբեջանական լեգեոնին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բաղկացած էր 70 հազար զինվորից: Հայկական լեգեոնն ուներ 11․6-33 հազար զինվոր, իսկ վրացականը՝ 30 հազար զինվոր՝ ըստ Վիքիպեդիայի։ Բոլոր երեք լեգեոնների զինվորները ռազմագերիներ էին, որոնք գերեվարվել էին գերմանացիների կողմից: Նրանք բոլորը հույս ունեին, որ Գերմանիայի հաղթանակով իրենց հայրենիքները կազատվեին խորհրդային բռնազաթումից:
 
Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Դավիթ Դավիթյանը World Geostrategic Insights-ում գրել է. «Ռասուլզադեն նացիստների հետ հարաբերություններ հաստատեց 1930-ականներին, երբ բնակվում էր Ռումինիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գերմանիայի ներկայացուցիչները Ռումինիայի իշխանություններին ծանուցեցին, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է և խնդրեցին, որ Ռասուլզադեին տրամադրվեն փաստաթղթեր, որոնք թույլ կտան հեշտացնել դիվանագիտական անցումը Բեռլին: Ռասուլզադեի նպատակն էր օգնել նացիստական Գերմանիային նվաճել  Կովկասը  կամ ստիպել Թուրքիային՝ որպես Գերմանիայի դաշնակից, դա անել՝ ճանապարհ բացելով անկախ Ադրբեջանի համար և, հնարավոր է, ոչնչացնելով այն, ինչ մնացել էր Հայաստանից»։
 
Դավիթյանը հավելել է. «1942 թվականի մայիսին Ռասուլզադեն մասնակցել է նացիստների և կովկասյան մահմեդական գաղթականների ներկայացուցիչների հանդիպումներին և աշխուժորեն հավաքագրել լեգեոններ գերմանական Վերմախտի [Նացիստական Գերմանիայի զինված ուժեր] համար ադրբեջանցի ռազմագերիներից… Հետաքրքիր է, որ Ռասուլզադեն Գերմանիայում մնացել է մինչև 1947 թվականը: Նա ի վերջո բնակվել է Թուրքիայում մինչև իր կյանքի վերջը՝ 1955 թվականը»:
Ռասուլզադեի թոռը՝ Ռաիս Ռասուլզադեն, 1999 թվականի Azerbaijan International ամսագրի աշնանային համարում գրեց. «Շատ չանցավ, երբ Հիտլերն սկսեց փնտրել մեկին, որը կներկայացներ իրեն Անդրկովկասյան տարածաշրջանում։ Նա հայերի կամ վրացիների մեջ հարմար որևէ մեկին չկարողացավ գտնել, բայց լսել էր Ռասուլզադեի մասին որպես կրթված և բարեկիրթ անձնավորության»: Նրա թոռան խոսքով, երբ Հիտլերը Բեռլինում հանդիպել է Ռասուլզադեին, խնդրել է նրան ելույթ ունենալ ֆաշիստական գերմանական բանակի ադրբեջանցի զինվորների առջև։
 
Մի փաստաթղթում (WO 208/4367), որը գտնվում է Միացյալ Թագավորության պատերազմի գրասենյակի արխիվներում, մեջբերում է արված Հիտլերից, որը 1942թ. դեկտեմբերի 12-ին ասել է. «Վրացիները թուրք ժողովուրդ չեն, ավելի շուտ բնորոշելի կովկասյան ցեղ են, հավանաբար նույնիսկ սկանդինավյան արյունով: Չնայած բոլոր բացատրություններին` կամ [Ալֆրեդ] Ռոզենբերգի [նացիզմի գաղափարախոս], կամ ռազմական կողմից, ես նույնպես չեմ վստահում հայերին: Հայկական ստորաբաժանումները համարում եմ նույնքան անվստահելի ու վտանգավոր։ Միայն նրանց եմ համարում վստահելի, որոնք մաքուր մահմեդականներ են, այսինքն՝ իրական թուրքական ժողովուրդներին»։
 
Իր հոդվածում Դավիթյանը հայտնում է, որ ադրբեջանական I./111 դաշտային գումարտակը «մասնակցել է 1944 թվականի օգոստոսի Վարշավայի ապստամբությունը ճնշելուն, որի հետևանքով զոհվել է մոտ 40 հազար [լեհ] խաղաղ բնակիչ»։
 
Եզրափակելով՝ Դավիթյանը ադրբեջանցիներին հիշեցրել է հետևյալ ասացվածքը. «Նրանք, ովքեր ապրում են ապակե տներում, չպետք է քարեր նետեն ուրիշների վրա»: Ես կցանկանայի ավելացնել աստվածաշնչյան խրատը. «Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել»։
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի