Ո՞վ է այլընտրանք կառուցում Լաչինի միջանցքին

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎԻՑ․ JAMnews

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնվել է Հագարի գետի վրա կամրջի շինարարության լուսանկարը։ Կամուրջն, ինչպես հաղորդվում է, դառնալու է Լաչինի միջացքի այլընտրանքային ճանապարհի մի հատվածը։ Նշված միջանցքը Հայաստանը կապում է Արցախին։ Սակայն ո՞վ է կառուցում այդ ճանապարհը։ Ադրբեջանի փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը։
 
Ի՞նչ է տեղի ունեցել
 
Ադրբեջանցի ռազմական տեսաբան Ադալեթ Վերդիևը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է Լաչինի շրջանում Հագարի գետի վրա կամրջի շինարարությունը։
 
Հեղինակը պնդում է, որ կառուցվող ճանապարհն այլընտրանք կլինի Լաչինի միջանցքին՝ միակ ճանապարհին, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։
 
Ճիշտ է, հեղինակը չի նշում, թե որ կողմն է սկսել կամրջի շինարարությունը։
 
Լուսանկարի հեղինակի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի «Գայգի» ավանով և լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։
 
Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով, որով հրադադար է հաստատվել Արցախյան երկրորդ պատերազմում։
 
Ի՞նչ է խոսվում եռակողմ հայտարարությունում
 
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասված է․
 
«Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թ-ի նոյեմբերի 15-ն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանն, իսկ մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
 
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
 
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
 
Ո՞վ է կառուցում նոր ճանապարհը
 
- Կամուրջը կառուցում են ադրբեջանական ընկերությունները,- նշել է ռազմական տեսաբան Ադալեթ Վերդիևը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ստեփանակերտը կապող նոր ճանապարհի շինարարությունը երեք տարվա ընթացքում Ադրբեջանն իր վրա է վերցրել, և կողմերը համաձայնել են այդ պայմանին․
 
- Հագարի գետի վրա կամրջի շինարարությունը նոր չի սկսվել։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանը ձգձգում է Զանգեզուրի միջանցքի հարցը [Ադրբեջանում այսպես են անվանում Հայաստանի տարածքով անցնող հնարավոր ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանի հիմնական մասն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը - JAMnews], շինաշխատանքները կասեցվել էին։ Իսկ հիմա վերսկսվել են։
 
Այլ կարծիքի է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։ Նրա խոսքով՝ շինարարությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։
 
- Ռուսական զորախումբն այդ շինարարությունը կհիմնավորի նրանով, որ նոր ճանապարհն անհրաժեշտ է խաղաղապահ գործողությունների ավելի լավ համակարգման համար։ Կամ էլ կպատճառաբանի հին կամրջի վատ վիճակով, որը մասնակիորեն ավերվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ»,- նշել է Զուլֆուգարովը։
 
- Ամեն դեպքում, այդ ճանապարհն էլ, կամուրջն էլ, ի վերջո, անցնելու են Ադրբեջանին։ Թող կառուցեն։ Իհարկե, դրանից կօգտվեն նաև Ղարաբաղի հայերը, բայց արդեն՝ Ադրբեջանի կազմում,- հավելել է ԱԳՆ նախկին ղեկավարը։
 
Ի՞նչ առավելություններ է նոր ճանապարհը տալիս Ադրբեջանին
 
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարության վերաբերյալ տեղեկությունները JAMnewsը խնդրել է մեկնաբանել ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովին։
 
- Դեռևս դժվար է ստուգել տարածված տեղեկության հավաստիությունը։ Այս հարցին հստակ կարող են պատասխանել միայն 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների կառավարությունները։
 
Սակայն Լաչինի միջանցքին այլընտրանք կառուցելը նոր նախաձեռնություն չէ, այս մասին խոսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ստորագրած փաստաթղթի վեցերորդ կետում։
 
Իսկ ի՞նչ առավելությունների է փորձում հասնել Ադրբեջանը։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Լաչինի միջանցքն անցնում է հենց Լաչին քաղաքով, իսկ ռուս խաղաղապահների մի մասը տեղակայված է հենց այդ շրջկենտրոնում։
 
Այլընտրանքային ճանապարհի շինարարության նպատակներից մեկն այն է, որ այն չանցնի Լաչինով։ Այդպիսով Ադրբեջանը կարող է խաղաղապահներին դուրս բերել քաղաքից։ Սակայն սա բնավ չի նշանակում դուրս բերել խաղաղապահ զորախումբը, ռուս զինծառայողներն ընդամենը կտեղափոխվեն նոր ճանապարհի մերձակայք։
 
Ամեն դեպքում, այլընտրանքային ճանապարհը կարող է կրել խաղաղապահների տեղաշարժի տարածքի կրճատման և ապագայում տարածաշրջանից նրանց լիարժեք դուրսբերման տարրեր։
 
Դեռևս պարզ է միայն մի բան․ նոր միջանցքը չի անցնելու Լաչին քաղաքով,- հայտարարել է Քերիմովը։