«Ո՛չ Ռուսաստանի հետ»

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԴԵՄ Է 3+3 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՁևԱՉԱՓԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Հոկտեմբերի 9-ին Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հրաժարվեց 3+3 տարածաշրջանային քաղաքական ձևաչափին երկրի մասնակցության հնարավորությունից, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ որպես Արցախյան երկրորդ պատերազմից հետո Կովկասում կայունության ամրապնդման միջոց:
 
Թբիլիսին չի դիտարկի Ռուսաստանին ներառող որևէ ձևաչափի մասնակցության հնարավորությունը, քանի դեռ նա չի դադարեցնի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների օկուպացիան և չի վերադառնա Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, հայտարարել է (ոչ առաջին անգամ) երկրի ԱԳՆ-ն:
 
Նախագահ Էրդողանի առաջարկած ձևաչափը նախատեսում է վեց երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ հարթակի ստեղծում: Հավասար հիմունքներով մասնակցելով՝ վեց կառավարությունների ներկայացուցիչները կարող էին արագ և արդյունավետ լուծել տարածաշրջանի բոլոր կարևոր խնդիրները՝ խաղաղությունից մինչև առևտրի և տարանցման հնարավորությունների զարգացում:
 
Հոկտեմբերի 8-ի նախօրեին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ առաջարկեց հարցի մի փոքր այլ մեկնաբանություն:
 
 «Վրաստանը պետք է գոնե ինչ-որ ձևով մասնակցի 3+3 հարթակին, որպեսզի չկորցնի իր դիրքերը տարածաշրջանում, չնայած այն բանին, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը շատ դժվար կլինի: Չնայած, իհարկե, մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է»,- ասել է նախարարը:
 
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին անմիջապես քննադատությամբ արձագանքեց այս խոսքերին և իր Twitter-ում գրեց. «Շատ դժվա՞ր»: Ռուսաստանը ներխուժել է [Վրաստան] և գրավել այն: Ձեր ընկերները կնախընտրեին լսել, որ դուք այդ անվանում եք «անհնար»:
 
 
Վրաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ նախարարի մեկնաբանությունը սխալ է մեկնաբանվել, և, ըստ էության, Զալկալիանին չի ասել, որ Վրաստանը կմասնակցի նման ձևաչափին:
 
Առաջին անգամ Թբիլիսին հրաժարվեց մասնակցել 3+3 նախաձեռնությանը, երբ Թուրքիայի նախագահն առաջին անգամ այդ գաղափարով հանդես եկավ 2020 թվականի դեկտեմբերին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց:
 
Այնուհետև, Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարեց այս նախաձեռնության մասին 2021 թվականի հունիսին Ադրբեջան կատարած այցի ժամանակ: «Տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, ինչպես նաև ամբողջ աշխարհը կշահի, եթե Կովկասում խաղաղություն և հանդարտություն հաստատվի»,- ասել է Էրդողանը:
 
Պլատֆորմին մասնակցելուց հրաժարվելով՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը, այնուամենայնիվ, կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, և դա ներառում է մասնակցություն Ասիայի և Եվրոպայի միջև կապեր ստեղծելու ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերին:
 
Վրաստանի համար կարևոր են այն նախագծերը, որոնք նպաստում են նրա տնտեսական և քաղաքական անկախությանը, նշել են ԱԳՆ-ում:
 
Հաղորդվում է նաև, որ Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել խաղաղ հարևանության նոր նախաձեռնություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա:
 
JAMnews, Թբիլիսի