Բաքվո՞ւմ էլ սկսել են հասկանալ

ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ․ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՔՎԻՑ

Կրքերի թեժացում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, փոխհրաձգություն Արցախում, Ռուսաստանի նախագահի հանդիպումները Հայաստանի վարչապետի, այնուհետև՝ Ադրբեջանի նախագահի հետ․ այս բոլոր իրադարձությունները փորձագետներին ստիպում են խորհել այն մասին, թե ինչ է ընկած այս ամենի հիմքում, և ում է դա ձեռնտու։
 
- Հատկանշական է, որ ամենահաջողակ խաղացողը մեր տարածաշրջանում դեռևս Ռուսաստանն է։ Ճիշտ է, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այն պարտվում է, քանի որ կոշտ ուժից զատ՝ ոչ մի գրավիչ բան չի կարող առաջարկել։ Սակայն Կրեմլը դեռևս իրավիճակի լիիրավ տերն է և գլխավոր համակարգողը հետխորհրդային տարածքում,- նշում է «Հանրապետական այլընտրանք» ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։
 
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը նաև հետաքրքիր կերպով «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ․
 
- Չի ցանկանում փող ծախսել Հայաստանի վրա, աչք է փակում նրա վրա, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ են տրամադրում Հայաստանին մոտակա հինգ տարվա համար։ Հայաստանում «հաշիվները փակում է» Արևմուտքը, Ռուսաստանը դրա վրա փող չի ծախսում, սակայն ազդեցության բոլոր լծակներն իր ձեռքում է պահում․ այնտեղ է նրա բանակը, Հայաստանի սահմանները պահպանում են ռուս սահմանապահները, Կրեմլը վերահսկում է հայկական տնտեսության 70 տոկոսը։ Այժմ ստացվում է, որ Ռուսաստանն անգամ դիվիդենդներ է ունենալու այդ երկրին տրամադրվող արևմտյան օգնությունից։
 
Սակայն եթե հանկարծ Երևանը գնա հակամոսկովյան ճանապարհով, Կրեմլն այդպիսի սցենարի համար ազդեցության այլ լուրջ մեխանիզմ ունի՝ Ադրբեջանը։ Օրինակ՝ Բաքուն անմիջապես բարձրացնում է Զանգեզուրի կամ Խանքենդիի (Ստեփանակերտի) հարցը, իսկ Ռուսաստանը նրան այդ հարցում չի խանգարում, և Երևանում հուզումներ են սկսվում, Քոչարյանի թիմը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում, արևմտյան ներդրումները կորչում են։
 
Քոչարյանը գիտակցաբար խորհրդարան չգնաց, սակայն իր խմբակցությանն ուղարկեց այնտեղ։ Քանի որ նա պետք է գործողություններ կազմակերպի փողոցում, այլ ոչ թե խորհրդարանում, խմբակցությունն աշխատում է իրեն անհրաժեշտ ուղղությամբ,- ընդգծում է Ջաֆարլին։
 
- Իսկ Ադրբեջանին Ռուսաստանը հետևում է իր խաղաղապահների միջոցով, որոնց տեղակայել է նրա տարածքում։ Եթե վաղը մենք Մոսկվայի շահերի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկենք, նրա լծակներն ուժի մեջ կմտնեն, և լոլիկները չեն անցկացվի սահմանով, և ադրբեջանցիներին կսկսեն վտարել Ռուսաստանից, հաճախ կսկսվի խախտվել հրադադարի ռեժիմը, սադրանքներ տեղի կունենան Շուշիի և Հադրութի ուղղությամբ,- հավելել է քաղաքական գործիչը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանի առավելությունն այս հանգամանքներում բարդ քաղաքական համակարգն է երկրում, հետևաբար՝ ավելի ճկուն արձագանքման հնարավորությունը․
 
- Մենք պետք է շտապ եզրակացություններ անենք։ Մեր ձեռքում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ձեռքբերումները պահպանելու և դրանք կրկնապատկելու համար պետք է անցնել երկրի կառավարման ավելի բարդ և ճյուղավորված համակարգի․ չափազանց վտանգավոր է, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդուց։
 
JAMnews, Բաքու