Թուրքական խումբը կոտրել է Բայդենի կայքը՝ նրա նախագահական ընտրությունները խափանելու համար

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Մինչ լայնորեն լուսաբանվում էր, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, շատ քիչ տեղեկություններ էին հաղորդվում Թուրքիայի կողմից նման միջամտության մասին:
 
ԱՄՆ Ազգային հետախուզական խորհուրդը (NIC) 2021 թ. մարտի 15-ին հրապարակեց գաղտնազերծված զեկույց, որը հաստատում է թուրք հաքերների կիբերհարձակումը Ջո Բայդենի ընտրարշավի կայքի վրա 2020 թ․ ընտրությունների ժամանակ՝ ի աջակցություն Դոնալդ Թրամփի։
 
Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Թրամփի անձնական ջերմ հարաբերությունները՝ սա չպետք է որևէ մեկի համար զարմանալի լինի: Էրդողանն ամեն շաբաթ զանգահարում էր Սպիտակ տուն՝ ապահովելու Թրամփի համաձայնությունը թուրքամետ բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Էրդողանը վստահ էր, որ Բայդենն այդքան բարյացակամ չի լինի, որքան Թրամփը:
 
Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում բնակվող այլախոհ թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրդը հաստատեց թուրքական հաքերային սխեման՝ հրապարակելով մանրամասներ «Նորդիք մոնիտորում» (Nordic Monitor) 2021 թվականի մարտի 25-ին։
 
Հետախուզական խորհուրդը բացահայտեց, որ թուրքական RootAyyıldız խումբը 2020 թ․ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կոտրել է Բայդեն-Հարիս նախագահական ընտրարշավի կայքը: «Թուրքական ազգայնական թեմաները խթանող հաքերները ներխուժել են ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտրարշավի համար նախօրոք ստեղծված կայքը՝ ըստ ամերիկյան կիբերանվտանգության մամուլի», հաղորդել է հետախուզական խորհուրդը:
 
«Թուրք հաքերները տեղադրել են ազգայնական և իսլամիստական ուղերձ, որը, մեծ հաշվով, կրկնում էր այն պատմությունը, որը հաճախ տարածում էին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պաշտոնյաները՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ», գրել է Բոզքուրդը:
 
Հաքերները Բայդեն-Հարիս կայքում տեղադրել էին Էրդողանի, ինչպես նաև սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի լուսանկարները, որին Կարմիր սուլթան էին անվանել 1894-1896 թվականներին 300 հազար հայերի կոտորածների պատճառով:
 
«Հաքերներն իրենց ներկայացրել էին որպես «Թուրք մահմեդական այլափոխողներ» և շեշտել, որ իրենք հետևում են Թուրքիայի նախագահին, որը տեղադրված պատգամի մեջ ներկայացված էր որպես «Ռեյիս» (Պետ) և, որ իրենք թուրքական իսլամիստական ջիհադիստական արշավի ճանապարհին են՝ տիրելու աշխարհին: Ենթադրվում էր, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն աջակցություն էին ստանում Միացյալ Նահանգներից, և հաքերները նախազգուշացնում էին գալիք  հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ը հանգիստ չթողնի Թուրքիային», հայտնել է Բոզքուրդը։
 
Ահա Բայդեն-Հարիս կայքում թուրք հաքերների թողած հաղորդագրության թարգմանությունը.
 
- Մենք նախ լվացվեցինք [օգտագործվում է այստեղ որպես իրենց մաքրելու միջոց՝ ջիհադում նահատակության պատրաստվելու համար] և ճանապարհ ընկանք, մենք արտասանեցինք մեր հուղարկավորության աղոթքը և սրեցինք մեր դանակը մեր եղբոր համար: Մենք մեր խոստումը տվեցինք Մեծ Սուլթանին [հանգուցյալ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ, բռնակալ կառավարիչ, որը մեծ հարգանք է վայելում Թուրքիայում իսլամիստական շրջանակների կողմից]: Մենք Ռեյիսի [Պետի՝ նախագահ Էրդողանի] համար կսպանենք ցանկացած մեկին, որը աչք կդնի մեր [թուրք-իսլամական] գործի վրա:
 
- Անիծյալ լինեն բոլոր նրանք, ովքեր ապրում են փողի և համբավի համար, ողջույններ նրանց, ովքեր ապրում են իսլամական գործի համար: Այստեղից ես զգուշացնում եմ՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունեցող, այսպես կոչված [ընդդիմադիր] կուսակցություններին, ինչպիսիք են CHP-ը [գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը], HDP-ն (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») և Iyi-ը [պահպանողական / ազգայնական Լավ] կուսակցությունը։
 
- Մենք կլինենք ձեր մղձավանջը, եթե ձեր ձեռքերը հեռու չպահեք իմ [թուրքական] պետությունից, իմ ազգից։ Մենք ձեզ կստիպենք վախենալ փողոցում քայլելուց [ամոթից]՝ բացահայտելով ձեր ամենաանձնական զրույցները»:
 
RootAyyıldız-ը ոչ թե խումբ կամ կազմակերպություն է, այլ մի հայրենասեր, որը մարտնչում է միայնակ։ Մենք ողջունում ենք յուրաքանչյուրին, ով պայքարում է թուրքի և իսլամի համար: Ալլահը մեզ օգնական։ Մենք չենք օգտագործում սոցիալական ցանցեր: Մի՛ խաբվեք կեղծ հաշիվներին»:
 
Հաքերները Էրդողանի և Աբդուլ Համիդ 2-րդի լուսանկարների տակ գրել էին․
 
- Մենք ենք, որ մերկ ձեռքերով կանգնեցրինք տանկերը հուլիսի 15-ի գիշերը [2016 թ. ձախողված հեղաշրջումը]: Մենք ենք, որ այդ գիշեր սպանեցինք մահը։ Մենք 15 դար շարունակ սպասել ենք «Բլուրի նետաձիգին» [հղում Ուհուդի ճակատամարտի մի տեսարանի, ուր մարտնչում էր մահմեդական մարգարե Մուհամմեդը]: Մենք այդ կարմիր [թուրքական] դրոշի պահապաններն ենք, որը երբեք իր ստվերը չի գցի մեր վրա»։
 
Էրդողանը հաճախ է հիշատակել «Բլուրի նետաձիգին» իր նախընտրական հանրահավաքներում:
 
Բոզքուրդը հավելել է․ «Ենթադրվում է, որ RootAyyıldız-ը կապ ունի Թուրքիայի կառավարության տարրերի, մասնավորապես հետախուզական MIT գործակալության և ոստիկանության բաժնի հետ: Օտարերկրյա կառավարությունների, խմբավորումների և անհատների դեմ նրա հարձակումները համընկել են թուրք պաշտոնյաների շրջանում բարձրացող աղմուկի հետ, որոնք խիստ քննադատություն և սպառնալիք են հնչեցրել նման օտարերկրյա կառավարությունների, խմբավորումների և անհատների հասցեին»:
 
Բոզքուրդն ավարտել է իր հոդվածը՝ բացահայտելով, որ թուրքական հաքերային RootAyyıldız խումբը «թիրախավորել է նաև Հունաստանի կառավարությունն ու հաստատությունները՝ 2020-ի օգոստոսին երկու երկրների միջև լարվածության սրման պահին: RootAyyıldız-ը կոտրել էր Հնդկաստանում գտնվող Բիհարի կրթության վարչության պաշտոնական կայքը 2019-ի օգոստոսին և հաղորդագրություններ փակցրել Պակիստանի և իսլամի փառաբանման համար։
 
2020-ի հոկտեմբերին խումբը կոտրել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում և հաղորդագրություններ տեղադրել Ադրբեջանին սատարելու համար»:
 
«Ռոյթերս» (Reuters) լրատվական գործակալության` «Ենթադրվում է, որ ի շահ Թուրքիայի գործող հաքերներն են վերջին կիբերհարձակումների թիկունքում» խորագիրը կրող առանձին հոդվածում տեղեկացվում է, որ թուրք հաքերները հարձակվել են առնվազն 30 կազմակերպությունների վրա, ներառյալ Ալբանիայի, Կիպրոսի և Հունաստանի կառավարությունների էլեկտրոնային փոստի ծառայությունները, Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի, դեսպանատների և անվտանգության ծառայությունների, ինչպես նաև ընկերությունների ու այլ խմբերի կայքերը։
 
- Հարձակումները ենթադրում են զոհ դարձած կայքերի ինտերնետային երթևեկության  գաղտնազերծում, ինչը հաքերներին հնարավորություն է տալիս ապօրինի մուտք ունենալ պետական մարմինների և այլ կազմակերպությունների ցանցեր,- գրել է «Ռոյթերսը»:
 
- Ըստ բրիտանացի երկու պաշտոնյաների և մեկ ամերիկացի պաշտոնյայի՝ այդ գործունեությունը կրում է պետության կողմից աջակցություն ունեցող կիբեր լրտեսության գործողության առանձնահատկություններ, որն իրականացվել է թուրքական շահերն առաջ տանելու համար,- գրում է «Ռոյթերսը»:
 
Թուրքիայի կառավարության հետ կապված խմբի այս հաքերային փորձերը ևս մեկ օրինակ են Թուրքիայի կողմից միջազգային օրենքների և համաձայնությունների խախտման:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի