ՄԱԶԵՐԻ ՆԵՐԿԸ ՓՐԿԵՑ

Սելֆի անելիս վտանգները մի՛ մոռացեք

Բջջային հեռախոսների լուսանկարչական հնարավորությունները իսկական պատուհաս են դարձել: Խոսքը սելֆի անունն ստացած երևույթի մասին է: Այս հնարավորությունը հատկապես աղջիկներին այնքան է դուր եկել, որ իրենց պատկերն անմահացնում են որտեղ պատահի: Արդեն քանի˜ անգամ է լուր տարածվել, թե ինքնանկարվելու սիրահար այս կամ այն անհատը աղետի է ենթարկվել, հենց նկարվելու պահին բարձունքից գլորվել…

Չինաստանի Չենդու քաղաքի արգելոցում էլ մի աղջիկ որոշել է իր համար սելֆիի զարդ դարձնել պանդայի ձագին: Երևի երևակայել է, թե նույն օրն ինչպես է այն սոցցանցի իր պատին տեղադրելու, ինքան շատ հավանումներ ու մեկնաբանություններ է ստանալու:

Բարեբախտաբար՝ այս անգամ սելֆի կոչվածը աղետալի հետևանք չի ունեցել: Երբ սելֆիի սիրահարը մետեցել է ծառին, որտեղ պանդայի ձագն է նստած եղել,  արջուկն առանց մտածելու, որ աղջկա փայլուն մտահղացումը փչացնում է, բերանն է առել նրա մազերը: Վրա հասած աշխատակիցը մազերն ազատել է կենդանու բերանից, իսկ նա բոլորովին չի դիմդրել: Գուցե դրանց համն իրեն դուր չի եկել: Հիմա առանց ներկի մազ կգտնվի՞ որ: Իսկ պանդային ներկած մազերը հաստատ կվանեին…

Հայտնի չէ՝ աղջիկը դրանից վախեցել է, թե՞ չէ: Բոլոր դեպքերում՝ իր սելֆիի շնորհիվ հայտնվել է լրատվամիջոցների էջերին:

Սնահավատություն է, թե ոչ, բայց ոմանք համոզմունքով պնդում են, որ սելֆին խախտում է բնության մեջ առկա որոշակի հավասարակշռություն, այդ պատճառով էլ դրա հետ կապված աղետներն այդքան շատ են: Հավատալ-չհավատալն ամեն մեկի անձնական գործն է, սակայն  զգուշանալ, այնուամենայնիվ, արժե: