ԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ

Ատելությունը մոլորակի տունն է քանդում

Հավատացյալներն ասում են՝ Աստված սեր է, մինչդեռ ատելություն քարոզներն ու պատերազմներ հրահրողներն անպայման որևէ կրոնի են դավանում ու Աստծո անունից խոսում… Կեղծ բարեպաշտների այս մոլորակը մինչև ո՞ւր կարող է գլորվել: 

Այլատյացությունը դարձել է մերօրյա աշխարհի ամենաբնորոշ դեմքը: Աշխարհը, որտեղ գործընթացները շարժվում են դեպի գլոբալացում, մյուս բևեռում հակակշիռ է ստեղծում` անհանդուրժողականության տեսքով: Ու մինչ Մերձավոր արևելքում այլատյացությունը իսլամիստ ծայրահեղականներին դրդում է զենք վերցնել ու չարիք պատճառել բոլոր ոչ իսլամիստներին, հատկապես քրիստոնյաներին, Եվրոպայում սկսում է սաստկանալ ատելությունը մահմեդականների նկատմամբ: Եթե առաջ այնտեղ ավելի շատ հրեատյացություն կար, հիմա ատելության սլաքը տեղաշարժվել է:

Այս եզրակացությանն է եկել իսրայելական «Կանտորա» կենտրոնը՝ վերլուծելով 2016թ. վերաբերյալ իր հավաքած տվյալները: Կենտրոնի աշխատանքների նպատակն է պարզել, թե երկրորդ աշխարհամարտից հետո որքանով է փոխվել եվրոպացիների վերաբերմունքը հրեաների հանդեպ: 

Կասկածից վեր է, որ նման իրավիճակ ստեղծվել է մահմդական փախստականների ներհոսքի պատճառով: Ապրիլի 23-ին Թել-Ավիվի համալսարանում ներկայացված զեկույցում նշվել է, որ այդ հանգամանքն իր վրա է բևեռել ծայրահեղ աջ ուժերի ուշադրությունը, ու դրա պատճառը վախն է, թե կմեծանա  ահաբեկությունների թիվը:

Զեկույցում նաև անդրադարձ կա, որ Գերմանիայում մահմեդականների բնակավայրերի վրա հարձակումները եռապատկվել են: Սա հրեաներին «ռիսկի խմբից» չի հանել. այնպես որ` նրանց նկատմամբ հարձակումների վտանգը վերացած չի համարվել: Իսկ հրեաների նկատմաբ անբարյացակամությունը նվազել է հատկապես Ֆրանսիայում, Բելգիայում: Փորձագետը դա վերագրել է անվտանգության արդյունավետ միջոցառումներին, որոնցով պաշտպանվում են հրեական դպրոցներն ու սինագոգները:  

Խոսվել է նաև այն մասին, որ ներգաղթյալների հոսքը Եվրոպայում սաստկացրել է ծայրահեղ աջ և նեոնացիստական շարժումները, որի պատճառով բռնություններ են դրսևորվել բոլոր փոքրամասնությունների նկատմամբ:

Ատելությունը, ցավոք, մարդուն կարող է այնպիսի գործողությունների դրդել, որոնց հետևանքներն անուղղելի կլինեն: Իսկ երբ ատելությունը գործողության է մղում ոչ թե անհատին, այլ կազմակերպությանը, այն էլ` հզոր միջոցների տիրապետող, հարվածի թիրախում մարդկության տունն է հայտնվում: Մեր հիշողության մեջ դեռ մորմոքում է 1915թ. Ցեղասպանության ցավը: Եվրոպան դեռևս չի կարողանում ֆաշիզմի ստվերից ազատագրվել, իսկ գործընթացները ցույց են տալիս, որ այն կարող է նորից վերածնվել: Իսլամիստների նպատակը ամբողջ աշխարհը մի մեծ ռազմադաշտի վերածելն է, որպեսզի իրենց աստծուն չխոնարվողներին երկրի երեսից ջնջեն: