10 ՐՈՊԵ` ՃՈՂՈՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ագրամունտի գլխին ամպեր են կուտակվել

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տապալվել է: Վեհաժողովականները նրա նախագահ, հայտնի ադրբեջանամետ և հակահայ Պեդրո Ագրամունտին նեղն են գցել` պահանջելով նրա հրաժարականը: Ընդ որում, հրաժարականը հարցը բարձրացրել է Ուկրաինայի պատվիրակությունը:

Խավիարասեր գործիչը 10 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո նիստերի դահլիճ չի վերադարձել… Կասկած չկա, որ գնացել է «բարեկամների» հետ քննարկելու պաշտոնում մնալու հնարավորությունները. Մանավանդ` լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա հայտարարել է, թե հրաժարական տալու ոչ մի մտադրություն չունի:

Հաշվի առնելով, որ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը կարծիք են հայտնել, թե Պեդրո Ագրամունտը վստահությունը կորցրել է, նա երևի պետք է իր սիրելի բարեկամ Ադրբեջանին առաջակի ամբողջ երկիրը գրավ դնել, որպեսզի ինքը կարողանա բոլոր պատվիրակներին մեկ-առ մեկ կաշառել: Չէ՞ որ նրա կարծիքով` բոլորն էլ իր նման ծախու են: Ադրբեջանն էլ երևի կմտածի՝ իր վրա ավելի էժան կնստի, եթե պարզապես գնի նրա հաջորդին, իսկ Ագրամունտին օգտագործված թաշկինակի նման մի կողմ շպրտի:

Իհարկե, ինչպես ասում են` այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: ԵԽԽՎ-ի նիստը կեսօրից հետո շարունակվել է` առանց նրա խիզախ նախագահի, ում անցած տարվա հունվարին այնպես անպատեհ կերպով ԵԽԽՎ-ի գլխին կապեց նրա հարազատ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը` հաշվի չառնելով կաշառակերի նրա վարկը և կողմնապահ վերաբերմունքը: Ու հիմա վեհաժողովում հասունանում է մեկ այլ որոշում` կազմել երեք հոգուց բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ հանձնաժողով, որը պետք է ԵԽԽՎ-ի եզրակացությանը ներկայացնի այդ կառույցում տեղ գտած կոռուպցիոն աղմակահարույց դեպքերը: Եթե հավատանք, որ այդպիսի գործը կարող է անաչառ և համակողմանի ընթացք ստանալ, Ադրբեջանի և մի քանի այլ կաշառատու երկրների անունները այնտեղ դեռ կհնչեն:

Կարծես այս ամենը քիչ է՝ դեռ նույն օրը Եվրախորհրդի շենքի առջև ցույց են արել ադրբեջանցի ընդդիմադիրները՝ իրենց պետությունից պահանջելով քաղբանտարկյալներին ազատ արձակել: