Նախարարը, խորհրդականը, տնօրենը, հաղորդավարն ու Թրամփի որոշումը

ԱՄՆ-Իրան պատերազմի բռնկման նախաշեմային իրավիճակը շրջելու որոշումը, ամերիկյան և ընդհանրապես համաշխարհային մամուլի փոխանցած լրատվություններով, բացառապես վերագրվում է նախագահ Թրամփի անձնական որոշմանը:
 
Իրանյան հակօդային ուժերի կողմից ամերիկյան անօդաչու սարքի չեզոքացումը հակահարվածի ենթահողի պատրաստության առիթ էր տվել: Ավելին, հետագայում հաղորդվել էր, որ ռմբաձիգները բարձրացել էին արդեն հարվածելու համար իրանյան հենակետերը, սակայն վերջին պահին ԱՄՆ նախագահը վիժեցրել էր գործողությունը։
 
Այս բոլորն ավելի պատումնային բնույթի եղելությունների տպավորություն են թողնում, և ոչ թե փոխանցում ռազմաքաղաքական որոշումներով իրականացվող դիպաշարի համոզումը:
 
Դժվար ընկալելի պիտի լիներ այն, որ ԱՄՆ թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ նախագահի անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականը և թե՛ արտաքին հետախուզության տնօրենությունը միանշանակ համաձայն լինեին համարժեք հակահարված տալու, ռմբաձիգերը պիտի բարձրանային, ու վերջին պահին նախագահը կասեցներ գործողությունը:
 
Որքան էլ երկրի նախագահը սահմանադրական իրավասություն ունենա պատերազմական գործողության դիմելու կամ որոշում բեկանելու, այնուամենայնիվ  ենթադրվում է, որ զուտ անձնական հիմունքով չեն ընթանում նման որոշումների կայացումն ու իրականացումը:
Պատումնային արարները շարունակվում են: Նախագահ Թրամփի գործողությունը կասեցնելու որոշման վրա ազդել է Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թաքեր Կարլսոնի որոշումը:
 
Բեմագրությունը հետևյալն է. պաշտոնական Վաշինգտոնի համապատասխան բաժանմունքների ղեկավարները (պաշտպանության նախարար, անվտանգության գլխավոր խորհրդական և արտաքին հետախուզության տնօրեն)՝ ընդդեմ «Ֆոքս նյուզի» հաղորդավարի: Վերջինիս տեսակետը ավելի ծանրակշիռ է, քան ոլորտի մասնագետ պատասխանատուների համոզումը։
 
Տարբեր հանգամանքներ կարող են բացատրել վերջին պահին Թրամփի որոշումը, բայց ոչ հաղորդավարի կարծիքը: Ավելի ճիշտ՝ անհրաժեշտ է քաղաքական տրամաբանությամբ ընկալել հրամցված բեմագրությունը: Գուցե ի սկզբանե իրանյան հենակետեր ռմբակոծելու որոշում գոյություն չուներ. անհրաժետ էր սակայն հայտարարել, որ նախապատրաստություն կա այդ ուղղությամբ, թե վարչակարգի ուժային բաժանմունքները տարակարծիք չեն գործողության դիմելու և տնտեսական պատժամիջոցների ենթարկված Իրանը այս ձևով ենթարկվում է նաև ռազմական պատժամիջոցի: Նախագահ Թրամփի բարեխղճությունն է, որը կասեցրել է ոչ համարժեք զոհեր խլելու հավանականությունից խուսափելու համար։
 
Ահա նախագահ Թրամփի մարդկային երեսը, որ հեռուստացույցի հաղորդավարի կողմից բացատարվում է առաջիկա ընտրությունների վարկանիշի ապահովման հզոր գործոնով: Այլապես Թրամփի կողմից հակահարվածի իրականացումը, ըստ հաղորդավարի, կնկատվի խելացնորություն:
 
Ամերիկյան այս պատումը ներքին սպառման համար կարող է լավ շուկա նվաճել ու գուցե նաև իսկապես ազդել ընտրական վարկանիշի վրա: Թեև Թրամփի ծայրահեղությունը նախընտրողները կարող են դրական նկատել Իրանի դեմ ուղղված ռազմական քայլը:
 
Արտաքին քաղաքականության մակարդակում նախագահ Թրամփի հայտարարություններն ու կատարած քայլերը համահնչեղությամբ չեն հատկանշվում: Հյուսիսային Կորեայի նախագահին ուղղված սպառնալիքներին հաջորդած ոչ թե միջուկային պատերազմի առաջնորդող քայլերը, այլ քաղաքական մեղրամիս ուրվագծող հանդիպումները վարքագծի կտրուկ շեղումներ էին՝ տրամագծորեն հակառակ ուղղությամբ:
 
Չի բացառվում այս բոլորով հանդերձ, որ վերջին պահին սահմանափակ ռազմական գործողություն իրականացվի: Հանկարծակի, ինչպես կասեցումը՝ հայտարարված, ցուցադրված նախապատրաստված գործողության: Նախընթաց օրինակները նկատի ունենալով, սակայն, չի բացառվում նաև, որ քաղաքական մեծ առևտրային գործարքի հետևանքով կտրուկ փոփոխության ենթարկվեն Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները: Հյուսիսային Կորեայի նախադեպը դա է հուշում։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր