Թուրքիան առա՞նց ՆԱՏՕ-ի

Վահրամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ
 
Շուտով կլրանա Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության 70-ամյակը: Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքին անդամակցությունը Թուրքիայի համար զարգանալու, ուժեղանալու լավ հնարավորություն է, սակայն այսօր սերտ համագործակցությունը շարունակելու խոչընդոտներ են ի հայտ եկել. թուրքական իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությունն ընդդիմանում է ԱՄՆ և ԵՄ ժողովրդավարական, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահանջներին, նրանց վարած արտաքին քաղաքականությանը: Բազմաթիվ հարցերում անհամաձայնությունները, հակադիր ճակատից Անկարային իր դաշնակիցներից հեռացնելու հրապուրիչ միջոցներն այսօր լուրջ մարտահրավերներ են նետել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում:
 
Լարվածության աճն այս երկու միավորների միջև առաջին անգամ չի տեղի ունենում, ներկայումս դա ընդգրկում է մեծ շառավիղ, ներքաշել է նաև տարածաշրջանային և միջազգային հզոր խաղացողների` նույնիսկ հակադիր ճամբարից:
 
Թուրքիայի համար տևական ժամանակ փակ է լինելու մուտքը դեպի ԵՄ, դեպի Արևմուտք ռազմաքաղաքական առաջընթացի հնարավորություն չկա, ուստի արագ տեմպերով զարգացող, ազգային ու պետական ծավալապաշտական գաղափարներ ունեցող պետության համար հատկապես հարավային ուղղությամբ առաջանալու տարբերակը լուրջ խոչընդոտի է հանդիպում Հյուսիսատլանտյան դաշինքի շահերում: Հիշենք, որ այստեղ թուրքական և իսրայելական շահերը ևս լուրջ հակասություններ ունեն, իսկ Իսրայելն ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է ՆԱՏՕ-ից դուրս (MNNA): 
 
Դ. Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իրավունքը ճանաչելու վերաբերյալ ևս դիմադրության հանդիպեց թուրքական քաղաքական վերնախավի կողմից. նախագահ Ռ. Թ. Էրդողանը և ԱԳՆ Մ. Չավուշօղլուն հանդես եկան Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ: Հակաիսրայելական տրամադրվածությունը Թուրքիային այստեղ ևս գործընկերներ պարգևեց՝ ի դեմս Իրանի, Սիրիայի: ԵՄ-ը նույնպես բացասական վերաբերմունք արտահայտեց Գոլանի նկատմամբ Իսրայելի սուվերենությունը ճանաչելու հարցի վերաբերյալ:
 
Իրանը և Ռուսաստանը պաշտպանում են Թուրքիայի վարած քաղաքականությունն ընդդեմ քրդական պետության ստեղծման, տարածաշրջանում Իսրայելի ազդեցության թուլացման և հատկապես արևմտյան ներկայության նվազեցման ուղղությամբ:
 
Եթե ալյանսի եվրոպական երկրներն իրենց անվտանգությունը կապում են հիմնականում ԱՄՆ ռազմական աջակցության հետ, և նրանց ձեռնտու է դաշնակցային անվտանգությունը, ապա այս առումով «անկախացած» Թուրքիան կաշկանդված է ՆԱՏՕ-ի սահմանափակմամբ:
 
Թուրքիայի համար անընդունելի է ԱՄՆ կողմից քրդերին տրամադրվող աջակցությունը՝ համարելով իր ներքին անվտանգության սպառնալիք, անընդունելի է հարկադրական առճակատումն Իրանի և Ռուսաստանի հետ, որոնց հետ այսօր տնտեսական կարևոր գործընկեր է, և որոնք տարածաշրջանային մի շարք հարցերում համակարծիք են:
Իրենց իշխանության ամրապնդման համար թուրք ղեկավարները հաճախ են շրջանցում այն գաղափարները, որոնք տասնամյակներ շարունակ տարածում են ԱՄՆ-ը և ԵՄ-ը. ժողովրդավարություն, ազատություններ, օրենքի գերակայություն: Մինչդեռ այս կողմում Թուրքիայից այդպիսի արժեքներ չեն պահանջում:
 
Ռուսաստանն իր հերթին, օգտվելով թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումից, ամեն կերպ աջակցում է «հեռացմանը»՝ հանդես գալով առավել շահավետ առաջարկներով, ընդ որում` ռազմական:
 
Արդեն այս տարվա վերջերին ռուսական կողմը Թուրքիա կմատակարարի Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչի մասին խոսվում է դեռ 2016թ.-ից: Ռուս-թուրքական բանակցություններն այս համակարգերի վաճառքի վերաբերյալ տարիներ շարունակ քննադատվում էին ՆԱՏՕ-ի կողմից: Դրան ի պատասխան՝ ԱՄՆ-ը կասեցրեց F-35 կործանիչների տրամադրումը Թուրքիային, սպառնաց նաև հնարավոր պատժամիջոցներով (CAATSA): Այդուհանդերձ, հետդարձի ճանապարհ դեռ չի նշմարվում:
 
Ընդհակառակը, Թուրքիան իր աշխարհագրական դիրքը, ռեսուրսները կարողանում է շահարկել Եվրոպայի հետ հարաբերություններում, ինչո՞ւ չէ նաև ՆԱՏՕ-ին ստիպում հաշվի նստել իր որոշումների հետ: Թեև Թուրքիայի համար շանտաժով օգուտներ կորզելը փորձված մարտավարություն է, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների հետ հարաբերություններում կարող է անդառնալի լինել հատկապես տարածաշրջանի համար. ի վերջո, գործողությունների լայն հնարավորություն ունեցող Թուրքիան կարող է պատուհաս դառնալ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների համար: Թուրքիան, իհարկե, չի ցանկանա լիարժեք մեկուսանալ ԱՄՆ-ից և ԵՄ-ից, բայց հատկապես Ս-400 ԶՀ համակարգի շրջանակներում ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել կատարյալ ինքնուրույն քաղաքականություն:
 
… Այսօր Թուրքիայի թիվ մեկ սպառնալիքը քրդական հարցն է, իսկ դրա լուծումը` երկրի անվտանգության երաշխիքներից մեկը: Խնդիրն այն է, որ ամերիկյան և իսրայելական կողմերն աջակցում են քրդական պետության ստեղծմանը, մինչդեռ Անկարայի շահերի հետ համադրվում են ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները:
 
Սա ևս հեռացնում է դաշնակիցներից և փոխարենը Թուրքիային դրդում ջերմանալ Արևելքի հետ: ԵՄ-ի փակ դռներն իրենց հերթին Էրդողանի համար առիթ հանդիսացան զարգացնել իսլամականացումը երկրում՝ ձգտելով գոնե մահմեդական աշխարհում հասնել գերիշխանության՝ այն հակադրելով Իսրայելին ու իր եվրոպացի դաշնակիցներին:
 
Տնտեսական և ռազմական հզորության հասած Թուրքիան ԱՄՆ-ի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի շրջանակներում կարևոր գործընկեր է, մինչդեռ ՆԱՏՕ-ից հեռացած Թուրքիան կարող է գլխացավանք դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև հենց նատօականների համար: Անկախ ներքին ու արտաքին սպառնալիքներից՝ թյուրքալեզու ժողովուրդներին մեկ տերության մեջ միավորելու գաղափարը չի մարում: Իսկ դա նշանակում է հետևյալը. Թուրքիայի ձեռքերն ազատ կլինեն նախ սեփական ժողովրդի նկատմամբ՝ բռնապետական կարգերը վերադարձնելու համար, հերթական ցեղասպանությունն իրականացնելու հնարավորություն կունենա` նախ քրդական բնակչության նկատմամբ, կսպառնա իր երազանքի տարածքում գտնվող ազգերին ու պետություններին:
 
Այդ դեպքում այստեղ կարևոր է հաշվի առնել նաև Արցախյան հիմնախնդրի առկայությունը, ինչը ռուս-թուրքական բարեկամությունը կարող է լուծել ի վնաս արդարության: Ազատ ձեռքերով Թուրքիան չի կարող չսպառնալ հայ ժողովրդին:
 
Եթե ընդհանրացնենք Թուրքիայի անցած ճանապարհը ՆԱՏՕ-ում և նրա հետ, ապա կստացվի, որ Թուրքիան նախ պատսպարվեց ՆԱՏՕ-ի ներսում, դարձավ վերջինիս համար կարևոր պատվար՝ դիմակայելու ԽՍՀՄ-ին, այս ընթացքում ստացավ մեծ աջակցություն, որը զարգացում ապահովեց Թուրքիայի համար: Վերջինս, լավագույնս շահարկելով իր աշխարհագրական դիրքը, կարողացավ ուրույն տեղ գրավել համաշխարհային քաղաքականության մեջ` ուլտիմատումներով կորզելով ցանկալի արդյունք:
 
Ի վերջո, հզորացած, տնտեսական ու ռազմական անկախություն ձեռք բերած, ներքին կայուն իշխանություն ունեցող պետությունը փորձում է ազատվել դաշնակցային կապանքներից և իրագործել երբեմնի երազանքը, ինչին ամեն գնով փորձում է դիմակայել ՆԱՏՕ-ն և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը:
(հրապարակվել է մասնակի կրճատումով)
 
«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական
ինստիտուտ (ՄԱՀՀԻ)