Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակեցումը, թե Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:
 
Լավրովի այս հստակացումը մի անգամ ևս վերահաստատում է, որ Մոսկվա-Անկարա ռազմաքաղաքական գործընկերությունը կարճաժամկետ և սահմանափակ դրվածքով է դրսևորվում Սիրիայում՝ դերերի համակարգման ընդհանուր հասկացողության ներքո: Դամասկոսի հովանավորությունը ստանձնած Մոսկվան իսլամական ահաբեկիչների մաքրազտման իր գործողություններում կարիք ունի թուրքական նեցուկի, որն այս առևտրում առավելագույնս ուզում է օգտագործել քրդական վտանգի հեռացման իր ծրագիրը: Սկիզբը մարդասիրական գոտու ստեղծման առաջադրանքը հրապարակ նետելով, շուտով սակայն անվտանգության գոտու գաղափարը շեշտելով՝ Անկարան ըստ էության զինվորական գոտի է, որ ուզում է ստեղծել՝ իր սահմաններից առավելագույնս հեռացնելով քրդական վտանգը: Այս մոտեցումը նաև թուրքական բանակի սիրիական տարածքների վրա ներկայությունը հիմնավորելու կարևոր տվյալ է, որը տարբեր անկյուններից Անկարային մղում է միևնույն հանկերգը հնչեցնելու:
 
ՌԴ արտգործնախարարը, բացելով փակագծերը, ուղղակի հայտնեց, որ ՌԴ-ին չէր հաջողվել Թուրքիայի հետ համաձայնություն գոյացնել Սիրիայի քրդերի հարցի շուրջ: Պարզ դարձնելով, որ «Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնել, թե ո՛ր քրդերն են համարվում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, սակայն պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե ո՛ր քրդերն են համարվում ծայրահեղական, իսկ ովքեր են  Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք»: Հստակ էր տարբերակումը. Թեհրանն ու Մոսկվան Սիրիայում զինվորական ներկայություն ունեն Դամասկոսի հրավերով. նման հրավեր չի ուղարկվել Անկարային, հետևաբար Մոսկվան համաձայն չէ Սիրիայում թուրքական զորքերի ներկայությանը՝ անվտանգության գոտու տարազի տակ: 
Այս հարցի առնչությամբ Թեհրանը երանգային տարբերություն է դրսևորում:
 
Լավրովի կտրուկ մերժման դիմաց Իրանի արտգործնախարարը չէր բացառում Իդլիբում զինվորական գործողության կարելիությունը: Անկախ քրդական խմորումների նկատմամբ Իրանի չթաքցրած անհանգստության տեսությունից՝ այստեղ կա աշխարհաքաղաքական տարողություն ունեցող այլ խնդիր:
Քրդական ներկայության դեմ զինյալ գործողությունների դիմելու դեպքում Վաշինգտոնի զգուշացումները՝ ուղղված Անկարային, շատ ակներև էին սիրիական զինվորաքաղաքական իրադարձություններում: Հիմնական պատճառը, որը մինչև ռուսական կարմիր լույսի երևումը ևս մտածելու տեղիք էր տալիս, որ Անկարան անվերջ ձգձգում էր զինվորական ներխուժումը Իդլիբ։
Լավրովի հայտարարությունը, որ միացյալ զինվորական գործողության ծրագիր գոյություն չունի, համազոր է վաշինգտոնյան սպառնալիքին՝ նման քայլի դիմելու դեպքում Թուրքիայի տնտեսությունը քանդելու:
 
Արդյունքը այն է, որ այս հարցում լուռ զուգակցություն է երևում ռուսական և ամերիկյան կեցվածքների միջև:
 
Թեհրանը այս պահի դրությամբ Թուրքիայի կարիքն ավելի ունի, որը մինչ այժմ չի միանում Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցային պայքարին ընդդեմ Թեհրանի: Այդ պատճառով էլ երանգային տարբերություն է ցույց տալիս Լավրովի հայտարարածի համեմատությամբ: Մինչդեռ Թեհրանը իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում Անկարային միացյալ զինվորական գործողություն իրականացնելու առումով:
 
Սիրիայում այսօր ճիշտ է, որ իսլամական ահաբեկչությունը արմատախիլ չի եղել, այդուհանդերձ մաքրազտման և համախմբման գործողություններ իրականացվել են: Դամասկոսը հետզհետե ընդլայնում է իր վերահսկողության ծիրը: Որոշ տեղաշարժ կա նաև քրդական զինյալ ուժերի առումով, սակայն Անկարայի առաջադրած անվտանգության գոտին ձևավորվելու հավանականությունից դեռևս հեռու է: Բեկումնային պահերը ճշտողը թվում է, որ հիմնականում Մոսկվան է: Այս պահին իրադրություններն ընթանում են Մոսկվայի ճշտած ժամացույցի սլաքներին համընթաց: 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր